HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մահացության դեպքերի պատճառով «Կապանի բժշկական կենտրոն»-ը հեռացվել է մրցանակակիրների ցանկից

Կառավարությունն այսօրվա նիստին բավարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի առաջարկը, որով արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների, որակի կառավարման արդյունավետ մեթոդների, արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ունեցած ներդրման համար 2016 թվականի մրցանակները շնորհավելու են «Բարի Սամարացի»,  «Ջերմուկ Գրուպ», Էլեկտրաէներգետիկական Համակարգի Օպերատոր», «Թիվ 8 պոլիկլինիկա», «Երևան ջուր», «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ», «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ընկերություններին։

Այս որոշման նախագիծը կառավարություն ներկայացվել էր դեռևս դեկտեմբեր ամսվա վերջին, սակայն այն անհայտ պատճառներով դուրս էր եկել նիստի օրակարգից։ Դեռևս այն ժամանակ նախարարությունը նախատեսել էր մրցանակ շնորհել 8 ընկերությունների, որոնցում էր նաև «Կապանի բժշկական կենտրոն»-ը, սակայն այսօր այն դուրս է մնացել մրցանակակիր ընկերությունների ցանկից։

Ինչպես նշեց Սուրեն Կարայանի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը՝ նախագիծը դեկտեմբեր ամսին դուրս է եկել նիստի օրակագից, քանի որ այն վերամշակելու առաջարկ է ստացվել կառավարությունից, իսկ «Կապանի բժշկական կենտրոն»-ը հանվել է մրցանակակիր ընկերությունների ցանկից՝ առողջապահության նախարարության կարծիքի հիման վրա։

«Հետք»-ի հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը պարզաբանեց, որ նախարարությունը առաջարկել է այդ բժշկական կենտրոնի անունը հանել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ներդրում ունեցած ընկերությունների ցանկից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում այնտեղ որակի ապահովման հետ կապված լուրջ խնդիրներ են եղել, որոնք, մասնավորապես, կապված են մահացության դեպքերի հետ։

Կառավարության նիստին այս որոշման նախագծի ներկայացումից հետո վարչապետը գերատեսչությունների ղեկավարներին ասաց. «Ուշադիր եղեք, սա բացահայտ գովազդ է ընկերությունների, և պետք է մաքսիմալ ուշադիր լինենք, որ այստեղ ադմինիստրատիվ ռեսուրսը չաշխատի՝ ի օգուտ այս կամ այն կազմակերպության սուբյեկտիվ տարբերակի»։

Հավելենք, որ ինչպես նշվում է կառավարություն ներկայացված փաստաթղթում՝ փորձագետների կողմից 3-րդ փուլի ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմվել են փորձագիտական եզրակացություններ և մշակվել է կառավարության 2016 թվականի մրցանակաբաշխության համար սահմանված պահանջներին համապատասխանող կազմակերպությունների ցանկը։

լուսանկարը` kapanhospital.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter