
Մովսես Գորգիսյանը մեր մտքերի ու սրտերի առաջնորդն է
Այսօր լրանում է Հայաստանի Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի 50-ամյակը, ով 1967թ. եղել է Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) անդամ, 20 տարին անց՝ 1987թ., եղել Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) հիմադիրներից մեկը և զոհվել է 1990թ.՝ Երասխավանի պաշտպանության ժամանակ:
Մովսես Գորգիսյանն առաջիններից էր, ով Ազատության հրապարակում ծածանեց եռագույնը: Շուտով Արարատի կենտրոնական փողոցներից մեկը վերանվանվելու է ազգային հերոսի անունով:
Սամվել Թադևոսյանը, ով եղել է Մովսես Գորգիսյանի համակուրսեցին, ընկերը, այժմ նաև Մովսես Գորգիսյանի անվան հիմնադրամի անդամ է, պատմում է, որ իրենց ուսանողության տարիներին դժվարին ժամանակներ էին, երբ չէր թույլատրվում առանձնապես դրսևորվել, ցույց տալ սեփական տաղանդը: Սակայն 1980-ականներից սկսվեց քայքայվել ԽՍՀՄ-ը, և «բոլորիս երազանքը գալիս էր իր տրամաբանական ավարտին»:
Սամվել Թադևոսյանի խոսքերով՝ իրենցից ամենաակտիվը Մովսեսն էր: Վերջինս շատ մարդամոտ էր, ժպտադեմ, բայց ընկերները զգում էին, որ «հոգու խորքում ինչ-որ թաքուն բան ունի»: Հետո միայն իմացան, որ նա ԱՄԿ-ի անդամ է:
Կարճ ժամանակահատվածում Մովսեսը դարձավ քաղաքական խոշոր գործիչ, «մեր մտքերի և սրտերի առաջնորդը»: Նրա հայրենասիրությունը, կրակոտ խոսքերը, ընկերասիրությունը վարակիչ էին, և ընկերները շատ բան են սովորել նրանից: Պատահական չէ, որ նա առաջիններից էր, ով ձեռքը վերցրեց զենքը և Երասխավանում կանգնեց թշնամու դեմ:
Մովսեսի դուստրը՝ Գոհար Գորգիսյանը, շատ քիչ հիշողություններ ունի հորից: «Որպես դուստր՝ հայրիկի չլինելը մեծ ցավ է ինձ համար: Բայց հիմա ես հայրիկին արդեն վերաբերվում եմ որպես Մովսես Գորգիսյանի»,- ասում է նա:
Գոհարը իր հորը նայում է սովորական քաղաքացու աչքերով, սակայն շատ է տարված նրա կերպարով: Մովսես Գորգիսյանը նրա համար պարզապես ընտանիքի անդամ չէ, այլ շատ ավելին:
Մովսես Գորգիսյանն իր վրա վերցրեց պատասխանատվությունը՝ ծածանելու եռագույնը, այն դեպքում, երբ նրան ԿԳԲ-ն կարող էր գնդակահարել, բայց և այն դեպքում, երբ հայ ժողովուրդը, Սամվել Թադևոսյանի խոսքերով, «70 տարի ծածանել էր ուրիշի արյունոտ դրոշը»:
«Մովսեսը այդպես էլ չհասկացավ, որ պարզ բիոլոգիական մի հատկություն կա՝ ինքնապաշտպանություն: Իր մոտ դա կարծես խեղված լիներ: Պարզ մարդկային հարաբերություններում փշրվում, դառնում էր անհասկանալի էակ,- հիշում է Սամվել Թադևոսյանը: Մովսեսը ձեռնոց նետեց դժոխքին դժվարությունների մեջ, իր ողնաշարն ուղղեց, իր թուլություններից հրաժարվեց և ապացուցեց, որ ավելի հզոր, պատվելի բան կա այս աշխարհում, քան ստրկաբար ապրելը. դա մեռնելն է»:
Իսկ դուստրը հիշում է մոր խոսքերը, երբ վերջինիս հարցրել են, թե ժամանակին ինչ տվեց 27-ամյա այրուն իր պետությունը. «Ես 27-ամյա կայացած քաղաքացի էի, և նորածին պետությունն ինձ ի՞նչ կարող էր տալ, ես էի պարտավոր իմ պետությանն անել»: Այնուհետև Գոհարը մեջբերեց հոր խոսքերը. «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»:
Գոհարը հիշում է, որ իր մայրը «երբեք խնդրողի դերում չդրեց» իրենց, բայց առհասարակ պետք չէ մարդուն հասցնել մի վիճակի, որ նա խնդրի, մի օր պոռթկա ու ասի, որ պետությունն իրեն քիչ է տալիս. բազմաթիվ կռվածներ այժմ անտարբերության են մատնված հասարակության ու պետության կողմից:
Սամվել Թադևոսյանը հավելեց, որ հիմա պետք է փրկել այն, ինչ մնացել է, պատշաճ կերպով լուսաբանել հայ հերոսների գործունեությունը, քանի որ բազմաթիվ մարդկանց անուններ այսօր դեռ անհայտ են:
«Մենք թողնում ենք՝ արժեքը փոշիանում է, հետո նստում ու սկսում ենք լացել», - ասում է Սուրեն Թադևոսյանը:
Այժմ Գոհարն ունի երեք երեխա և ուզում է, որ «նրանք քայլեն հողի վրա տիրոջ իրավունքով»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել