
ԼՂՀ արտգործնախարար. «Այս պայմաններում անիմաստ եմ համարում խոսել փոխզիջումների մասին»
«Հետքի» գրավոր հարցերին պատասխանում է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը
-Պարոն Միրզոյան, Արցախի արտաքին գործերի նախարարի անունից որևէ պաշտոնական հայտարարություն դեռևս չի հնչել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձելու մասին (նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանություն ենք լսել): Ինչո՞ւ նախարարից չենք լսում որևէ հայտարարություն կամ մեկնաբանություն այս հարցում:
-Դիվանագիտական պրակտիկայում արտաքին քաղաքական օրակարգի հարցերի վերաբերյալ տեսակետ արտահայտելը չի հանդիսանում արտաքին գործերի նախարարի մենաշնորհը։ ԱԳ նախարարի տեղակալի և ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մակարդակով Ալեքսանդր Լապշինի գործի վերաբերյալ արդեն իսկ հնչեցվել են գնահատականներ և արվել մեկնաբանություններ։
-Ըստ Ձեզ՝ Ադրբեջանի ու Բելառուսի կողմից ի՞նչ քաղաքական շահեր կան արտահանձնման հիմքում:
-Կարծում եմ՝ այս դեպքում տեղին է խոսել ոչ թե քաղաքական շահեր հետապնդելու, այլ բռնատիրական վարչակազմին բնորոշ վարվելակերպը արտաքին աշխարհին թելադրելու փորձերի մասին։
-Լապշինի արտահանձնումը ի՞նչ հնարավոր փոփոխությունների տեղիք է տալու ադրբեջանական դիվանագիտության մեջ: Սա ադրբեջանական կողմին ավելի սանձարձակ դարձնելու հիմքե՞ր է ստեղծում:
-Որքան էլ սանձարձակ լինի Ադրբեջանի պահվածքը, կան բազմաթիվ եղանակներ՝ թե՛ դիվանագիտական և թե՛ այլ, նրան սանձելու և կառուցողական դաշտ բերելու համար։
-Լապշինին, ինչպես և Սաֆարովին «ստանալը», այսպես թե այնպես, Ադրբեջանի համար դիվանագիտական հաջողություն է, այսինքն՝ հայկական կողմի համար՝ անհաջողություն: Խնդրում եմ նշել այն կետերը, որոնցում թերացավ հայկական դիվանագիտությունը:
-Դիվանագիտությունը սպորտաձև չէ, որտեղ հաջողության և անհաջողության տարանջատումը հստակ է։ Դիվանագիտության մեջ այսօրվա կարճատև հաջողությունը շատ հաճախ հետագայում վերածվում է կործանիչ անհաջողության։
-Ապրիլյան քառօրյայից ամիսներ անց ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունները, կարծես, կրկին սառեցվել են: Հայկական կողմը պնդում է, որ խնդրի լուծման բանակցային ճանապարհին այլընտրանք չկա: Այս պարագայում բանակցությունը ենթադրում է փոխզիջում (չկա կապիտուլիացիայի ենթարկված կողմ), և ուրեմն ո՞րն է փոխզիջումը արցախյան կողմի մոտեցմամբ:
-Արցախահայության ինքնորոշման իրավունքի ոտնահարմանն ուղղված Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության շարունակման պայմաններում անիմաստ եմ համարում խոսել փոխզիջումների մասին։
-«Հողեր՝ խաղաղության դիմաց». մոտավորապես այսպես կարող ենք ձևակերպել փոխզիջման այն տարբերակը, որը հայաստանյան քաղաքական և հասարակական դաշտում շրջանառվում է առաջին հերթին: Մյուս կողմից՝ այսպես կոչված ազատագրված տարածքների մասին ամրագրում կա ԼՂՀ Սահմանադրության մեջ: Ինչպե՞ս պիտի լուծվի այս հակասությունը:
-Մեր արտաքին քաղաքականության մեջ մենք առաջնորդվում ենք Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ։
-Պարոն Միրզոյան, ո՞րն է խաղաղության գինը:
-Խաղաղությունն անգին է։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել