HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Միլիոնավոր դոլարների հասնող տարբերություն. ՏՀՏ ոլորտի զարգացման երկու պատկեր

Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի վիճակագրությունը տարիներ շարունակ վարում են երկու կազմակերպություններ՝ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ): Միևնույն ոլորտի ամփոփումներում նկատելիորեն տարբերվում են ոչ միայն շրջանառության ծավալները, այլև տարեկան աճի տեմպերը: 2015թ-ին, օրինակ, ոլորտի ընդհանուր շրջանառության՝ երկու կառույցների հաղորդած ցուցանիշները տարբերվում են շուրջ 70 մլն դոլարով: ՁԻՀ-ը հայտարարել է 2014թ-ի համեմատ 17,7% աճի մասին, մինչդեռ ԱՎԾ-ի հաղորդած թվերը նշում են միայն 0,7% աճ:

ՏՀՏ ոլորտի ցուցանիշները
Create line charts

ՁԻՀ-ի ցուցանիշները կարող են փոքր-ինչ տարբեր լինել, քանի որ հետազոտությունների հաշվարկի մեթոդաբանությունը տարբերվում է 2012թ-ից առաջ և հետո: Հիմնադրամից այս մասին պարզաբանում ստանալ չհաջողվեց: ԱՎԾ-ն արդեն հաշվարկել է նաև 2016թ-ի շրջանառությունը, որը կազմում է 238 մլրդ 105,7 մլն դրամ և նախորդ տարվա համեմատ աճել է 1,14%-ով: Վերջին տարվա տվյալները համեմատել չենք կարող, քանի որ ՁԻՀ-ը 2016թ-ին ոլորտի հետազոտություն չի իրականացրել:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տվյալներով՝ 2009թ-ից ի վեր ՏՀՏ ոլորտի շրջանառությունը աճել է երկնիշ թվերով՝ նվազագույնը՝ 14%-ով: Նույն ժամանակահատվածի համար Ազգային վիճակագրական ծառայությունը հաշվել է առավելագույնը 10%-ի աճ, իսկ որոշ տարիների շրջանառությունը նվազել է:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի շրջանառության ամենամյա ցուցանիշները հրապարակում է 2008թ-ից: Տարիներ առաջ, ինչպես «Հետք»-ին պատասխանել է հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, երկրում գերակա ճյուղ հայտարարված ոլորտի առավել համապարփակ տվյալներ ունենալու համար ուսումնասիրվեց միջազգային փորձը, հրավիրվեցին մասնագետներ, մասնավորապես McKinsey կազմակերպությունից, «որոնց հետ համատեղ մշակվեց հետազոտության մեթոդոլոգիան՝ տարբեր ցուցիչների համակողմանի համադրման եղանակով»:

Հիմնադրամը տարեկան շրջանառության ցուցանիշը կազմում է՝ գումարելով ծրագրային ապահովման ու ծառայությունների և ինտերնետ ծառայությունների ոլորտների ցուցանիշները: Հաշվարկում ներառվում է նաև սերվերների, համակարգիչների, պլանշետների և այլ սարքավորումների շրջանառությունը, սակայն միայն այն կազմակերպությունների մասով, որոնք վաճառքից բացի իրականացնում են նաև ծրագրային ապահովման ծառայություններ: Ներառված չեն զուտ կրթական ոլորտի ցուցանիշները. «հակառակ դեպքում մեր կողմից հաշվարկվող ցուցանիշները մի քանի անգամ ավել կլինեին»:

ՏՀՏ ոլորտի 2015թ-ի շրջանառությունը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը գնահատել է 559,1 մլն դոլար և հայտարարել, որ նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 17,7%-ով:

ՏՀՏ ոլորտը 2015-ին | ՁԻՀ
Create bar charts

Ազգային վիճակագրական ծառայությունը ՏՀՏ ոլորտի ցուցանիշներն ամփոփում է 2009թ-ից՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի ուղեցույցներով և մեթոդաբանական ստանդարտներով: Ծառայությունը հաշվարկում է ՏՀՏ ոլորտի արտադրության, առևտրի, ծառայությունների (այդ թվում` հեռահաղորդակցության) ցուցանիշները: Հաշվարկում ներառվում է նաև ՏՏ բնագավառում կիրառվող սարքավորանքի մեծածախ առևտրի ծավալը՝ բացառությամբ կրթությանը վերաբերող ցուցանիշին:

2015թ-ի շրջանառությունը ԱՎԾ-ն գնահատել է 253 մլրդ 423 մլն դրամ, աճը՝ 0,7%:

ՏՀՏ ոլորտը 2015-ին | ԱՎԾ
Create bar charts

Քանի որ ԱՎԾ-ն տվյալները հրապարակում է դրամով, իսկ Ձեռնարկությունների ինկուբատորը դրանք հաշվարկել է դոլարով, ծառայությունը հրաժարվում է մեկնաբանել երկու ցուցանիշների տարբերությունը: «…Հաշվարկների համար կարող են կիրառվել տարբեր փոխարժեքներ (օրական, միջին ամսական, միջին տարեկան, ամսվա կամ տարեվերջի դրությամբ, ըստ գործարքի և այլն)»,- պատճառաբանել է ԱՎԾ-ն:

Տարբերությունը, սակայն, շարունակում է մեծ մնալ նույնիսկ տարբեր փոխարժեքներով հաշվելու դեպքում: Եթե հաշվարկի համար հիմք ընդունենք հենց ԱՎԾ-ի հրապարակած միջին ամսական փոխարժեքը 2015թ-ի դեկտեմբերին (482.93 դրամ 1 դոլարի համար), ծառայության և հիմնադրամի տվյալների տարբերությունը կլինի 71,5 մլն դոլար: Իսկ եթե համարենք, որ հիմնադրամը ոլորտի շրջանառությունը հաշվարկել է դոլարի միջին տարեկան ցուցանիշով (որը կազմել է մոտ 477.92 դրամ), տարբերությունը կկազմի 66,4 մլն դոլար: Ընդ որում, ԱՎԾ-ն հաշվարկում ներառում է նաև հեռահաղորդակցության ոլորտը, ինչը ՁԻՀ-ի հետազոտություններում ներկայացվում է առանձին տողով:

Վարկածներ

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրենը որոշ պատճառներ է առանձնացնում, որոնք, ըստ նրա, ընկած են ցուցանիշային տարբերությունների հիմքում: Նախ` նա մեկնաբանում է ԱՎԾ մեթոդաբանությունը՝ հայտնելով, որ վերջինս ուսումնասիրության մեջ ներառել է «գործունեության հարկային կոդերով առանձնացված ցանկերում ընդգրկված կազմակերպությունները և դրանցից առանձնացված ընտրանքը», այլ կերպ ասած՝ ՏՀՏ ոլորտի ընկերությունները:

«Իսկ ՁԻՀ-ի կողմից, որպես ոլորտի գործուն մասնակից, ճանաչելի է ոլորտում ներգրավված ընկերությունների առավել մեծ շրջանակ, որոնք անկախ գրանցման պահին հայտարարած գործունեության տեսակից, տվյալ ժամանակահատվածում գործունեություն են ծավալել ՏՀՏ ոլորտում»,- հայտնել է Բագրատ Ենգիբարյանը:

Ցուցանիշների տարբերության մեկ այլ պատճառ է, ըստ հիմնադրամի տնօրենի, ընտրանքում ներառվող կազմակերպությունների «ավելի մեծ թիվը (շուրջ 200) և սկսնակ ընկերությունների դաշտին առավել մոտ կանգնած լինելը, ինչը թույլ է տալիս կատարված ընտրանքի հիման վրա ընդհանուր ոլորտի ցուցանիշների հաշվարկն իրականացնել առավել իրատեսականորեն»:

Թեև Ազգային վիճակագրական ծառայությունը չի մեկնաբանել տարբերությունը, սակայն նշել է վիճակագրական տվյալներ ներկայացրած ընկերությունների թիվը, որը հակասում է ՁԻՀ տնօրենի ներկայացրած պատկերին: Վիճակագրական պետական խորհրդի անդամ Գագիկ Անանյանը «Հետք»-ին տեղեկացրել է, որ 2016թ-ի հունվարի 1-ի դրությամբ ՏՀՏ ոլորտի վերաբերյալ պաշտոնական վիճակագրական հաշվետվություն ներկայացնող կազմակերպությունների թիվը եղել է 815, այսինքն՝ մոտ 4 անգամ ավելի, քան ՁԻՀ ընտրանքում ներառված ընկերություններն են: Ընդ որում, տարբերվում է նաև տվյալների հավաքագրման եղանակը. ՁԻՀ-ը հետազոտությունն իրականացնում է տարեկան մեկ անգամ՝ համապատասխան հարցաթերթիկներով, այցերով և/կամ առցանց հարցման մեթոդով, իսկ ԱՎԾ-ն ընկերություններից վիճակագրական հաշվետվություններ է ստանում ամեն ամիս:

Հաշվարկներ` պարզ թվաբանական գումարի և բանաձևի միջոցով

Միևնույն ոլորտի երկու ցուցանիշների մասին վարչապետ Կարեն Կարապետյանին նամակ է ուղղել «Հայկական ծրագրեր» ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանը` խնդրելով պարզաբանել տարբերության պատճառը: Նամակի պատասխանում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հղում է արել նույն McKinsey ընկերության մեթոդաբանությանը` նշելով, որ ԱՎԾ կողմից ոլորտի շրջանառության ցուցանիշը ձևավորվում է կազմակերպություններից ստացած հաշվետվությունների տվյալների «պարզ թվաբանական գումարի միջոցով», իսկ ՁԻՀ-ը նույն ցուցանիշը հաշվարկում է McKinsey-ի հետ համատեղ մշակված մեթոդաբանությամբ` «բանաձևի միջոցով»:

Աշոտ Խաչատրյանը կարծում է, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը տարեկան աճ ցույց տալիս հիմնվում է ոչ թե հետազոտությունների, այլև` ամեն տարի 20-30% աճ ներկայացնելու անհրաժեշտության վրա: «Դե թող ՊԵԿ-ն էլ աշխատի էդ մեթոդաբանությամբ և մեր բյուջեն եթե 5 մլրդ դոլար է, կդառնա 8 մլրդ դոլար»,- «Հետք»-ի հետ զրույցում ասում է «Հայկական ծրագրեր»-ի նախագահը` նշելով, որ որոշ տարիների աճի տեմպերը հրապարակվել են` առանց ոլորտի շրջանառությունը ցույց տալու:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին խնդրել էինք տրամադրել նաև հետազոտությունում ներառված ընկերությունների ցանկը: Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ հիմնադրամը ցանկը հրապարակել չի կարող` առանց այդ ընկերությունների համաձայնության: «Եւ ընդհանրապես, հետազոտության մասին անվանական որևէ տեղեկատվություն մեր կողմից երբևէ չի բացահայտվել կամ հրապարակվել` որևէ ձևաչափով»,- ավելացրել է հիմնադրամի տնօրենը: Առևտրային գաղտնիքին է հղում արել նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը` ի պատասխան «Հետք»-ի հարցման: Նշենք, սակայն, որ հիմնադրամից և կառավարությունից խնդրել էինք ընկերությունների անունները, ոչ թե նրանց շրջանառության ծավալները կամ առևտրային բնույթի այլ տեղեկություն: Իսկ անունները հրապարակված են ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի և վարչական ռեգիստրի, այնպես էլ ՁԻՀ-ի կայքերում:

«Ես վստահ եմ, որ հարցում չի արվում:- ասում է Աշոտ Խաչատրյանը,- Ես վստահ եմ, որ ուղղակի էդպիսի ցուցակ չկա, որովհետև էդ ցուցակով եթե անեին, իրենք 20% երբեք չէին ստանա, և բոլոր ընկերությունները կասեին` մեզնից թիվ չեն հարցրել: Մենք, որ ՏՀՏ ոլորտի 3-րդ խոշոր հարկատուն ենք, մենք էդ հարցման մեջ չկանք, մեզ չեն հարցրել»:

Կառավարության լուծումը

Չնայած ցուցանիշների` 70 մլն դոլարի հասնող տարբերությանը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտնում է, որ «տարեցտարի, Ազգային վիճակագրական ծառայության հետ սերտ համագործակցությամբ, այդ ցուցանիշները բավականին մոտեցել են իրար»:

Ինչ վերաբերում է երկու կառույցների համագործակցությանը, Բագրատ Ենգիբարյանը հիշատակում է տարիներ առաջ նախաձեռնված նման մի փորձ: 2010թ-ին Ազգային վիճակագրության ծառայության հետ ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի համաձայն` որոշ ժամանակահատված, ԱՎԾ-ին զուգահեռ, ոլորտի վիճակագրական տվյալներ կհավաքագրի նաև ճյուղային նախարարությունը և մի քանի տարի զուգահեռ աշխատանքից հետո, «եթե ԱՎԾ-ն համոզվի, որ համակարգն ամբողջապես աշխատում է և բավարարում է իրենց պահանջներին», կկատարվի համապատասխան օրենսդրական փոփոխություն և վիճակագրությունը կիրականացվի միայն նախարարության կողմից, որն էլ տվյալները կտրամադրի ԱՎԾ-ին` հրապարակելու համար: Այս ծրագրին տարիներ առաջ անդրադարձել է նաև ԱՎԾ:

«Հարցն այն է, որ աշխարհում այս խնդիրը առկա է բոլոր երկրներում»,- շարունակում է հիմնադրամի տնօրենը` հայտնելով, որ դրա լուծումներից մեկը վարչական ռեգիստրի վարումն է, որի դեպքում ոլորտի վիճակագրական տվյալները հավաքագրվում են համապատասխան նախարարության կողմից և ամփոփ թիվը տրամադրվում է Ազգային վիճակագրական ծառայությանը` հրապարակելու նպատակով:

2016թ-ի հունվարի 1-ից տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից իրականացվում է ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի վարումը, որի շրջանակում դեռևս հավաքագրվում է տեղեկատվություն միայն ՏՏ ծառայությունների մասով: Ռեգիստրի կայացման դեպքում, ինչպես նախատեսում են նախաձեռնողները, «ոլորտի քաղաքականությունը մշակող պետական մարմինը» կհավաքագրի ողջ տեղեկատվությունը:

«Հայկական ծրագրեր»-ի նախագահը նոր վիճակագրության վարումը ավելորդություն է համարում և նշում, որ այդ աշխատանքն արդեն արվում է: «ԱՎԾ կա, Պետեկամուտների կոմիտե կա, որտեղ կոպեկի ճշտությամբ հաշվառում են: Պետք է այդ ծառայությունները լավացնել: Ամեն մի փոքր ոլորտի համար պետք է նոր մի հատ կառույց և նոր ռեգիստր հիմնվի՞: Էս մարդիկ գիտեն մենակ փող ծախսել, իրանք էդ անվան տակ հերթական գրանտը կստանան, վարկը կստանան, հետո վերջում էլի ոչ մի բան չի աշխատի, էլի թվեր կնկարեն կտան»,- ասում է Աշոտ Խաչատրյանը:

Ընկերության նախագահը հավելում է, որ պետք չէր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առանձնահատուկ ուշադրություն հատկացնել, տնտեսության գերակա ուղղություն հռչակել` առանձնացնելով տնտեսության մյուս ճյուղերից: «ՏՏ ոլորտը չունի յուրահատուկ պրոբլեմներ. մեր պրոբլեմները լրիվ նույնն են, այսինքն` օրենքները լավը չեն, հիմնարկներին հնարավոր է տուգանել աջ ու ձախ, գնում ես դատարան, դատարանները չեն աշխատում, մրցակցություն չկա, կրթությունը քարուքանդ ենք արել… Էնպես չի, որ ամեն ինչը կա, մնում է հավաքել ինչ-որ մարդիկ և ՏՏ ոլորտը զարգացնել»,- ասում է Խաչատրյանը:

լուսանկարը` pexels.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter