HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Նախկին բժշկուհին իր նկարներում չեզոքացնում է ամեն բացասական բան

«Այն ազատությունը, որ ես ստանում եմ ստեղծագործելու ընթացքում, կյանքի որևէ ասպարեզում չեմ ստանում: Ես ինձ թույլ եմ տալիս անել այն ամենը, ինչ ուզում եմ՝ որևէ սահմանափակում չմտցնելով: Բացարձակ ազատ եմ ստեղծագործելու ընթացքում»,- ասում է նկարչուհի Սիրանուշ Բաղրամյանը:

Դեկտեմբերի 3-ին ճարտարապետների միությունում բացվեց նրա 9-րդ անհատական ցուցահանդեսը: Առաջին անհատական ցուցահանդեսը եղել է 2005թ., այնուհետև երկու ցուցահանդես ունեցել է Ֆրանսիայում: Նախորդ ցուցահանդեսը տեղի էր ունեցել այս տարվա գարնանը:

Մասնագիտությամբ բժշկուհի Սիրանուշ Բաղրամյանը նկարել սկսել է 11 տարի առաջ: Այդ ժամանակ 22 տարի աշխատելով հանրապետական հիվանդանոցում՝ փոխել էր աշխատանքը, բացի դրանից՝ ուներ առողջական խնդիրներ: Շրջադարձային այդ ժամանակահատվածին հաջորդեց մի նոր ու անսպասելի փուլ, որը կտրուկ փոխեց նրա ողջ կյանքը:

Նախկինում երբեք նկրաչությամբ չզբաղված բժշկուհին որոշում է գնել կերամիկական ներկեր, նկարչական նյութեր ու սկսում է նկարել ափսեների վրա: Դրանով էլ սկիզբ է դրվում նրա արվեստին: Այնուհետև սկսում է տարբեր նյութերով նկարել տարբեր իրերի վրա՝ ինքնուսուցմամբ աստիճանաբար զարգացնելով իր հմտությունները:

Նկարչությունը Սիրանուշի համար դեռ չբացահայտված աշխարհ էր, որտեղ ամեն ինչ նոր էր: «Ներսում տարիների ընթացքում կուտակվածը դուրս է գալիս այս ձևով», - ասում է նկարչուհին:

Նա նշում է, որ նկարելու ընթացքում ստեղծել է իր ուրույն տեխնիկան, որը ոչ մեկից չի կրկնօրինակել: Երբեք նախօրոք չի ծրագրում, թե ինչ է նկարելու: Պարզապես ձեռքն է վերցնում նյութերն ու միայն վերջում է տեսնում, թե ինչ ստացվեց: Իսկ նկարելիս կոնկրետ մեկին չի նկարում, այլ այն, ինչ ներսից բխում է:

Նկարչուհին նույիսկ խոստովանում է, որ երբ հետադարձ հայացք է գցում իր նկարներին, պահ է լինում, որ մտածում է, թե այդ ամենն ինքը չի ստեղծել, այլ պարզապես հրաշք է կատարվել:

Նրա նկարներում գերակշռում են վառ ու պայծառ գույները, բնության տարբեր տեսարաններ ու տարբեր հոգեվիճակներ արտահայտող դիմանկարներ:

«Կարևորը՝ բոլորը արված են մեծ սիրով, ինչ արել եմ, արել եմ անկեղծ: Դրա համար էլ բացասական բան չկա: Ես բացասական շատ բան եմ տեսնում, բայց ամենակարևորը, որ ես այդ ամենը կարողանում եմ չեզոքացնել և թույլ չտալ, որ իմ ներաշխարհը խախտվի, որ չարն ինչ-որ ձևով ինձ հետ առնչվի»,- ասում է Սիրանուշը:

Նրա կյանքում ոչ բոլոր օրերն են եղել անհոգ, դժվարություններ շատ են եղել, սակայն կարևորը՝ «կյանքի նկատմամբ վերաբերմունքը լինի դրական»:

Նկարչուհին չի ընդունում, որ անգամ ամենատաղանդավոր նկարիչն իր բացասական էմոցիաներն արտահայտի իր նկարներում, քանի որ «ստեղծագործությունը պետք է լինի բարի», այն չպետք է առաջացնի չարություն: Առանց այդ էլ «մեզ շրջապատող բացասականը բավական է»:

Եվ պատահական չէ, որ այս ցուցահանդեսը կրում է «Առավոտ լուսո, արեգակն արդար, առ իս լույս ծագեա» խորագիրը: Նկարչուհին ցանկանում է, որ «բոլորիս վրա լույս ծագի»:

Սիրանուշը կարող է սեղծագործել առավոտից մինչև ուշ երեկո: Բայց դա չի խանգարում նրան կատարել իր մյուս պարտականությունները ևս. նա ունի երկու որդի և երկու թոռնիկ: 6-ամյա Շողերն արդեն սկսել է նկարել, և տատիկն ուզում է, որ նա «զգա ստեղծագործելու հաճույքը, ստեղծելու ազատությունը չպետք է ճնշվի, փոքրուց դա պետք է զարգանա»: Միաժամանակ նկարչուհին շատ է կարոտում նկարելը, երբ հանկարծ մի օր դա իրեն չի հաջողվում:

Սիրանուշը միշտ երազել է նկարել Մարիամ Աստվածածնին, սակայն կարծում էր, թե դրա իրավունքը չունի: Բայց վերջերս Երուսաղեմ կատարած ուխտագնացությունից հետո ստեղծեց Աստվածածնի նկարը «վայրկյանների ընթացքում»: Դա միակ նկարն է, որ արվել է ուխագնացությունից հետո, և այժմ ներկայացված է այս ցուցահանդեսում: Երուսաղեմից տպավորված նկարչուհին համոզված է, որ դեռ նոր նկարներ պետք է ծնվեն, և այժմ նա ստեղծագործական փնտրտուքների ու սպասումների մեջ է:

Իսկ երբ Սիրանուշին ասում են, թե շատ ավելի վաղ պետք է սկսեր զբաղվել արվեստով, պատասխանում է. «Ես այս կյանքը պետք է ապրեի, այս ամենը տեսնեի ու գիտակցեի, որպեսզի այս ամենը ստացվեր: Ապրած տարիները պարտադիր էին այս ստեղծագործության համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter