Ճանապարհային ոստիկանության աշխատակցուհին կեղծել է պաշտոնական փաստաթղթեր
Քաղաքացու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել՝ փաստաթղթեր կեղծելու և պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելու պատճառով:
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական բաժանմունքի գործավարի կողմից փաստաթղթեր կեղծելու և պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ա. Ավագյանը, գործավար աշխատելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի թիվ 3 բաժանմունքում, ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ, իրացնելու նպատակով կեղծել, մոտ մեկ տասնյակից ավելի քաղաքացիների իրացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր:
Բացի դրանից՝ ունենալով հիշյալ ստորաբաժանմանը հասցեագրված դիմումների մուտքագրման, մատյանների վարման, ազգային և միջազգային վարորդական վկայականների հատկացման լիազորություններ՝ Ա. Ավագյանը, ըստ նախաքննության նյութերի, իրեն դիմած մի շարք քաղաքացիների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել որոշակի վարձատրության դիմաց ապօրինի, առանց որակավորման քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայականներ տալու վերաբերյալ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, 326-րդ հոդվածով և 34-326-րդ հոդվածով, Գ. Եղիազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածով (Պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը):
ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել