HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Եկեղեցու համար տրված 20 մլն դրամը նշանակո՞ւմ է արդյոք, որ կոմբինատը չի շահագործի դրան հարակից հանքը

Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը «Հետքին» հայտնեց, որ կառավարությունն այդպես էլ չի արձագանքել իրենց նամակին: Հիշեցնենք, որ կառավարությունն այս տարվա ապրիլի 28-ին որոշել էր Սյունիքի մարզի Քաջարան, Արծվանիկ, Սեւաքար, Աճանան, Չափնի ու Սյունիք համայնքների որոշ տարածքներում ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ ու դրանք վարձակալությամբ տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին: Մասնավորապես Քաջարան համայնքում կոմբինատը երկրաբանահետախուզական աշխատանքներ էր սկսել, ինչին դեմ էին դուրս եկել գյուղացիները՝ համայնքապետի հետ միասին: 600 հոգի դեմ էր ստորագրել նոր հանքի շահագործմանը եւ նամակն ուղարկել ՀՀ, ԱԺ նախագահներին, վարչապետին:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ներկայումս շահագործում է Ողջի գետի աջակողմյան հատվածի հանքերը, սակայն հիմա նպատակ ունի հետախուզել ձախափնյա այն տեղանքը, որը մտնում է գյուղի հաշվեկշռի մեջ, եւ որտեղ գտնվում է գյուղի գերեզմանոցը, դրա ներքեւում էլ՝ տները: Ռ. Աթայանի տեղեկացմամբ՝ այժմ կանգնեցված է գյուղի կենտրոնից շուրջ 500 մ հեռավորության վրա աշխատող հորատող մեքենայի աշխատանքը:

Սյունիքի փոխմարզպետ Վաչիկ Գրիգորյանը «Հետքին» ասել էր, թե քաջարանցիների նամակից հետո պետք է մասնագիտական ուսումնասիրություններ կատարվեին, թե ինչքանով կարող է հանքի ընդլայնումը վնասել համայնքին. «Վերջնական արդյունքները չկան, բայց, իհարկե, անհանգստացնող է: Համայնքի բնակիչներն անհանգստանում են գերեզմանների կորստով, եւ այդ մասին երկրի բարձրագույն իշխանությունները տեղեկացված են: Ասում են, որ ընդլայնումը վնաս է հասցնում, ասենք, գերեզմաններին, բայց մինչեւ դա չուսումնասիրվի, մենք չենք կարող պատասխանել: Հարցը մեր ուշադրության կենտրոնում է, եւ չենք թողնում մեր ուշադրությունից դուրս, մեկ է` ուզենք, թե չուզենք, պետք է արձագանքենք»:

«Ի՞նչ ուսումնասիրություն, ի՞նչ բան: Ի՞նչ պիտի ասեն: Կառավարությունը պիտի գյուղի կողքին կանգնի՞: Բացառվում է դա: Էս ժողովրդի կողմը ո՞վ է կանգնում: Ոչ մեկ»,- վրդովված ասում է գյուղապետը:  

Գերեզմանոցից ու տներից բացի վտանգ է սպառնում նաեւ 17-րդ դարի Սուրբ Հակովբ եկեղեցուն, որն իր տեսակով եզակի նմուշ է հայ ուշ միջնադարյան եկեղեցաշինության մեջ:  Անցյալ տարի գյուղացիների նախաձեռնությամբ եւ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հաստատած նախագծով սկսվել են եկեղեցու վերականգնման աշխատանքները: Կազմվել է  մոտ 30 մլն դրամի նախահաշիվ: Գյուղացիների ջանքերով հավաքավել էր 1 մլն դրամ, 4 մլն էլ նրանց խնդրանքով տրամադրել էր գործարար Գագիկ Ծառուկյանը: Սակայն գումարի ծախսումից հետո աշխատանքները կրկին ստիպված կանգնեցվել էին: Քաջարանցիներն այն ժամանակ «Հետքին» հայտնել էին, որ այդ նպատակով կոմբինատը համայնքին «ոչ մի կոպեկ» չի տվել, սակայն այժմ գյուղապետ Աթայանը տեղեկացրեց, որ «ԶՊԿ» ՓԲԸ-ն շուրջ 20 մլն դրամ է տրամադրել:

Դատելով այս հանգամանքից՝ կարելի է հուսալ, որ նույն ընկերությունը «ջուրը չի լցնի» այդ գումարը՝ նոր հանք բացելով գյուղի անմիջական հարեւանությամբ ու այդպիսով վտանգելով թե գերեզմանոցի, թե բնակելի տների եւ թե եկեղեցու գոյությունը:

Ռ. Աթայանը խնդրեց եւս մեկ անգամ կառավարությանը հիշեցնել իրենց նամակի մասին (գրվել է մայիսի 31-ին), որն անարձագանք է մնացել արդեն 6 ամիս: Բացի այդ՝ նա զարմանք հայտնեց, թե ինչպես է, որ վարչապետը երկու ամիս առաջ Ջերմուկում գյուղական համայնքների առաջին համաժողովի ժամանակ խոսում էր գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման մասին, բայց միեւնույն ժամանակ որոշում է կայացրել հանքի համար հողահատկացման մասին ու թույլ է տալիս, որ սահմանամերձ գյուղը (Հայաստան-Նախիջեւան սահմանը Քաջարանից ընդամենը 4 կմ հեռավորության վրա է) դատարկվի: Քաջարանցիների միակ խնդրանքն է՝ չեղյալ ճանաչել ապրիլի 28-ի կառավարության չարաբաստիկ որոշումը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter