HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

ՀՔԾ-ի քննիչը Միհրան Պողոսյանի գործը «փակել է»

Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ «Հետքի» հետաքննությունը մեծ արաձագանք ունեցավ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս։ Այն «Պանամայի փաստաթղթեր» անունը ստացած միջազգային հետաքննության մաս էր, մի հետաքննություն, որում ընդգրկված էին հարյուրավոր լրագրողներ, տասնյակ լրատվամիջոցներ։ 

Ապրիլին հրապարակված հետաքննությունը պատերազմական գործողությունների ֆոնին  հասարակական  ճնշում առաջացրեց, եւ դրա պայթյունը կանխելու համար Միհրան Պողոսյանը դիմում գրելու հրահանգ ստացավ ու ազատվեց աշխատանքից։ Հարուցվեց քրեական գործ։ Ամիսներ տեւող քննությունից ակհայտ էր, որ իրականում քննություն չի տարվում, որովհետեւ ՀՔԾ-ն ցանկություն չուներ ձեռք բերել «Պանամայի փաստաթղթերի» փաթեթը (Միհրան Պողոսյանի ընկերություններին վերաբերող հարյուրավոր փաստաթղթեր, էլեկտրոնային նամակագրություններ...)։ Եւ պարզ էր, որ ինչ-որ փուլում գործը պիտի կարճվեր: Ամենահարմար փուլը մոտեցավ եւ արագացրեց ՀՔԾ-ի կողմից քրեական գործի կարճման որոշման կայացումը։ Միհրան Պողոսյանի անունը որոշ ժամանակ անց տեղ գտավ իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում։

ՀՔԾ-ի քննիչը Միհրան Պողոսյանի գործը «փակել է»։ Առանց որեւէ երկմտանքի կարող ենք գալ այսպիսի եզրակացության՝ քննիչը շահադիտական նպատակով է կարճել գործը։ Քննիչը, որի անունն այդպես էլ ՀՔԾ-ն չի ուզում հրապարակել, քանի որ կարճման որոշումը ո՛չ  հրապարակում է, ո՛չ էլ՝ տրամադրում «Հետքին», առանց հրահանգի չէր կարող «չքննել» գործը։ Եւ կարճման որոշումը ՀՔԾ-ն չի տրամադրում ու չի հրապարակում մի պատճառով՝ ակնհայտ կդառնա, որ քննիչը պարզապես քննություն չի իրականացրել։ Ակնհայտ կդառնա, որ ՀՔԾ-ն «Պանամայի փաստաթղթերը» ձեռք չի բերել եւ չի էլ փորձել դա անել, ավելին՝ Շվեյցարիային իրավական օգնության խնդրանքով դիմելուց հետո ոչ թե մերժվել է, այլ սխալ լրացրել փոխօգնություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը եւ պատասխան ստացել, որ կարող է նորից դիմել։

Ամիսիներ շարունակ քննիչը, ստանալով աշխատավարձ, դիտավորյալ չի կատարել իր աշխատանքային պարտականությունները: Դրա փոխարեն, ըստ մեր ենթադրության, հանցավոր համաձայնության է եկել որոշ այլ պաշտոնատար անձանց հետ եւ կարճել քրեական գործը։ Թե որն է  եղել այդ համաձայնության գինը, ենթադրաբար պետք է պարզի Գլխավոր դատախազությունը։

ՀՔԾ-ն՝ հանձինս գործը վարող քննիչի եւ նրա վերադասի, փոշիացրել է պետական միջոցները եւ սուտ տեղեկություններ ներկայացրել հանրությանը։

Քանի որ պետությունը հայտարարել է, որ անողոք պայքար է սկսել կոռուպցիայի դեմ, որոշել ենք աջակցել այդ պայքարին։ Մի կողմ դնելով Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի՝ «Հետքին» ուղարկած պատասխանը, դիմել ենք Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչու է, ինչպես ՀՔԾ-ն է հայտնել, իր երկիրը մերժել ՀՔԾ-ի իրավական փոխօգնության միջնորդությունը։

Սա արել ենք, որպեսզի երբ Շվեյցարիայի դեսպանը հանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, վերջիններս դեսպանին հարցնեն՝ ինչո՞ւ Շվեյցարիան մերժեց փոխօգնության միջնորդությունը, ինչո՞ւ է Շվեյցարիան  խոչնդոտում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին։  Բայց Շվեյցարիայի դեսպանը, ով գիտի, կարող է նաեւ անակնկալ մատուցել մեր իշխանություններին՝ հայտնելով, որ իր երկիրը չի մերժել փոխօգնության միջնորդությունը եւ պատրաստ է համագործակցել։

Իսկ ընդհանրապես, կոռուպցիայի դեմ պայքարելու համար հենման կետ է պետք ունենալ, իսկ հենման կետերը շատ կոնկրետ են, չափից դուրս կոնկրետ։ 

Լուսանկարում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է

Մեկնաբանություններ (3)

Գեւորգ
Համենայն դեպս ,,Հետքը,, արեց իր գործը - տվյալ անունն ու գործը մեխվեցին ժողովրդի հիշողության մեջ, ուրիշների հետ միասին: Հուսանք, պատասխան տալու ժամանակը երբ գա, հասցեատերերը դեռ ողջ կլինեն: Մի բան լավ է՝ հայերը շուտ չեն մոռանում պարտքն ու վիրավորանքը:
Խչ
Ընենց չի, որ Սերդյուկովին (ՌԴ նախկին պն) դատեցին։ Խի ՀՀ-ում նույն նախագահը չի ?
TIGRAN
Պաշտոնի նշանակողի հանդեպ նշանակվողը ոնց՞ մեղադրանք կարա առաջարկի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։