HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ-դիմում` Արթուր Սարգսյանին ազատ արձակելու կոչով

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել` «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանին կալանքից ազատելու կոչով: Գրառմանն արձագանքեցին սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերեր: Հրապարակում ենք Հ. Խառատյանի` ի դեմս հազարավոր օգտատերերի բաց նամակ-դիմումը` ուղղված ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին, ԱԺ նախագահ Գ.Սահակյանին, վարչապետ Կ.Կարապետյանին, գլխավոր դատախազ Ա․Դավթյանին, ԱԺ պատգամավորներին.

«Հայաստանի հասարակությանը «Հաց բերող» անունով լայնորեն հայտնի Արթուր Սարգսյանը երկրորդ անգամ կալանքի տակ է առնված՝ չնայած նրա հանրահայտ լուրջ առողջական խնդիրներին։ Ի նշան բողոքի` Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել և արդեն 17 օր է՝ նրա կյանքը վտանգի տակ է: Բազամաթիվ ծանր հիվանդություններով տառապող անձի համար հացադուլի մեջ գտնվելը կարող է անդառնալի ողբերգական հետևանքների բերել։

«Հաց բերողի» տառապանքները խորապես հուզում են հասարակության շատ անդամների՝ ավելացնելով իրավապահ ու դատական մարմինների գործողությունների նկատմամբ առանց այդ էլ առկա հասարակական անվստահությունը։

Հազարավոր մարդիկ միանում են այս կոչին և խնդրում, առաջարկում են մարդասիրություն ցուցաբերել և Արթուր Սարգսյանին ազատել կալանքից։

Արթուր Սարգսյանին ազատելու սույն Բաց նամակ-դիմումին, որի մի փոքր ընդարձակ տարբերակը «Ո՞վ կմիանա» վերնագրով փետրվարի 27-ին հրատարակվել է սոցիալական ցանցերից ֆեյսբուքյան իմ էջում, մեկ օրվա ընթացքում հավանություն են տվել 1900, տարածել են 680 օգտատերեր և միայն իմ էջում միացել է 1018 մարդ: Հարյուրավոր մարդիկ սույն նամակ-դիմումին միացել են նաև այն տարածող 680 օգտատերերի ֆեյսբուքյան էջերում (https://www.facebook.com/kara.chobanyan.13/posts/1891085237792016?pnref=story; https://www.facebook.com/gohar.rshtuni/posts/1336457296424324?pnref=story; https://www.facebook.com/armen.adamyan.589/posts/829878707151532?pnref=story; https://www.facebook.com/groups/215884208807404/permalink/336450460084111/?pnref=story և այլն):

Նամակ դիմումին միացողները հաճախ զանազան սուր կամ զուսպ մեկնաբանություններ են արել, որոնք բոլորն էլ հավաստում են նրանց ջերմ փափագը օր առաջ Արթուր Սարգսյանին ազատության մեջ տեսնել: Արձագանքների միայն մի մասի ամբողջական պատճենը, 100 էջից ավելի կազմելով, տրամադրվում է սույն կոչը տպագրող լրատվամիջոցներին, բայց  ծավալի պատճառով հավանաբար չի տպագրվի: Մենք հուսով ենք, որ Հայաստանի հազարավոր քաղաքացիների սպասումները դրական լուծում կստանան»:

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Ա. Ա.
Հազարավոր քաղաքացիներ արդեն միացել են այս նամակ-դիմումին ինտերնետում: Բայց սա ժողովրդի համացանցից օգտվող հատվածն է միայն, յուրաքանչյուր արձագանքին գումարեք ևս մի քանի հոգի (տնեցիներին) և համացանցից զուրկ հարևաններին: Հուսանք' իշխանությունները հաշվի կառնեն ժողովրդի կոչը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter