
Շվեյցարիայի դեսպանը պարզաբանում է իրավական փոխօգնության մերժման պատճառը
«Հետք»-ը ստացել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ուղղված նամակի պատասխանը` Հայաստանի իշխանություններին իրավական աջակցություն տրամադրելու հարցի մասին: Դեսպան Լուկաս Գասսերին հարցրել էինք, թե արդյոք Շվեյցարիայի իրավապահ մարմինները հրաժարվել են համագործակցել հայաստանցի գործընկերների հետ` Միհրան Պողոսյանի գործով, և որն է եղել դրա պատճառը: Դեսպանը հաստատել է տեղեկությունը և ներկայացրել պատճառը:
«Շնորհակալ եմ 2017թ-ի փետրվարի 25-ի Ձեր նամակի համար: Հաշվի առնելով այն, որ նշված գործը քննարկվել է տեղական լրատվամիջոցներում' առանց շվեյցարական կողմի տեսակետի պատշաճ արտացոլման, ես բարձր եմ գնահատում այս հնարավորությունը:
Շվեյցարիայի արդարադատության դաշնային դեպարտամենտի և Բեռնի ոստիկանության խորհրդակցությունից հետո կարող եմ հավաստել, որ Արդարադատության դաշնային գրասենյակը մերժել է 2016թ-ի նոյեմբերի 8-ին իրավական օգնության մասին Հայաստանի Հանրապետության իշխանություններից ստացած հարցումը: Այնուամենայնիվ, մեզ համար կարևոր է նշել, որ հայկական կողմը կարող է ցանկացած ժամանակ թարմացնել և որոշակիացնել այն: Առաջին հարցումը, որ ստացվել էր 2016-ի նոյեմբերին, մերժվել է, քանի որ չէին կատարվել շվեյցարական կողմի էական պահանջներ»,- պատասխանել է դեսպան Լուկաս Գասսերին:
Հիշեցնենք, որ հունվարին, «Հետք»-ի հարցմանն ի պատասխան, Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ստացել է Շվեյցարիայի Հանրապետության Արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի գրությունն այն մասին, որ Միհրան Պողոսյանի գործով դատական միջնորդությունը չեն կարող բավարարել: ՀՔԾ-ն, սակայն, չէր մանրամասնել, թե ինչու է մերժվել միջնորդությունը: Մինչդեռ Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտը OCCRP-ի մեր գործընկերներին տեղեկացրել էր, որ հայկական կողմի միջնորդությունը չի բավարարվել, քանի որ այն չի համապատասխանել միջնորդության պահանջներին, այսինքն' պատշաճ կազմված չի եղել: Դեպարտամենտի մամուլի խոսնակ Ինգրիդ Ռյուսերն այս տեղեկությունը հաստատել էր նաև «Հետք»-ի գրության պատասխանում:
Լուսանկարում` ՇՀ դեսպան Լուկաս Գասսերը
Մեկնաբանել