
ԱԺ-ն չսպասեց, որ ԲՆ-ն ներկայացնի օրենքի լրամշակված տարբերակը և նոր այն քննարկի
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներ, բնապահպաններ Արման Վերմիշյանը, Լևոն Գալստյանը, իրավաբան Մերի Խաչատրյանը ցանկանում էին ներկայացնել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններում տեղ գտած թերություններն ու իրենց առաջարկությունները: Հիշեցնենք, որ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց դեկտեմբերի 5-ին: Մինչ բանախոսները ցանկանում էին ներկայացնել խնդիրը, անականկալ հայտնվեցին բնապահպանության նախարարության ներկայացուցիչները և ասացին, որ այդ հարցը չպետք է քննարկվի առանց իրենց ներկայության:
Մ. Խաչատրյանը հայտարարեց, որ խորհրդարանական լսումների ժամանակ պատշաճ կերպով չեն լսվել իրենց ներկայացուցչի առաջարկները, և «երկխոսությունն ամենաառաջին պահից տապալված էր»: Նրա խոսքերով' նոյեմբերի 23-ին հանրային քննարկումներ տեղի չեն ունեցել, միայն մի քանի ՀԿ-ների ներկայացուցիչներ, այդ թվում և ինքը, եղել են բնապահպանության նախարարի տեղակալ Ա. Պապյանի գրասենյակում, և դա ընդամենը եղել է հանդիպում:
Բնապահպանները Ա.Պապյանին ներկայացրել էին նամակ, որով խնդրում էին հետ կանչել օրենքը, այն քննարկել իրենց հետ, նոր ներկայացնել խորհրդարան: Փոխնախարարը մերժել է այդ առաջարկը, սակայն համաձայնել է ընդունել նրանց առաջարկություններն օրենքի մասին: Իրավաբանի խոսքերով' շահագրգիռ ՀԿ-ները, որպես բողոքի նշան, դիտավորյալ չեն ներկայացրել իրենց պահանջները, որպեսզի ԲՆ-ն փոխի իր աշխատաոճը' դարձնելով այն թափանցիկ, ոչ գաղտնի, նաև աշխատի ՀԿ-ների հետ:
Լևոն Գալստյանը հավելեց, որ նախաձեռնությունը առաջարկություններ չի ներկայացրել, որովհետև իրենց առաջարկը եղել է միակը' հետ կանչել օրենքը, ապա նոր կներկայացվեն համապատասխան առաջարկներ: Այդ առաջարկները բազմաթիվ են, և հնարավոր չէ դրանք քննարկել ընդամենը մի քանի օրում: Օրենքում կան կոռուպցիոն լուրջ ռիսկեր, և Լ. Գալստյանը զարմացավ, թե ԲՆ-ն ինչպես դրանք չի տեսնում կամ գուցե չի ուզում տեսնել:
«Այնպիսի տպավորություն է, որ մենք նպատակ ենք դրել այս 10 տարվա մեջ ինչ կա չկա այս երկրի ընդերքից հանենք ու իրար մեջ մաս-մաս անենք: Մենք նորից միավորվելու ենք ու լուրջ դնելու ենք բնապահպանական խնդիրներ, որպեսզի ի վերջո հասկանանք' պետությունն ուզո՞ւմ է փոխել իր տեսակետը այս խնդիրների վերաբերյալ, թե՞ չի ուզում»,- հավելեց նա:
Ա. Վերմիշյանն իր հերթին հայտարարեց, որ ԲՆ-ն չի կատարում իր հիմնական գործառույթը' բնապահպանությունը: Քաղաքացիական նախաձեռնությունը պատրաստվում է դիմել ՀՀ նախագահին, նրանից պահանջել հանդիպում' ակնկալելով, որ բնապահպանության ոլորտում կարվեն կտրուկ փոփոխություններ:
Վերմիշյանի խոսքերով' այս օրենքը չի ծառայում իր նպատակին, այն թերի է, այն դեպքում, երբ դրանից է կախված, թե ինչ խնդիրներ կլինեն հետագայում Հայաստանում: Պարզ չէ, թե ըստ օրենքի՝ ինչպես են կատարվում գնահատումը և փորձաքննությունը, գործում է կատեգորիզացիա, սակայն հաշվի չեն առնվում տեղական առանձնահատկությունները' մասնավորապես տարբեր սահմանային չափեր:
Ա. Վերմիշյանի խոսքերով՝ Թռչկանի ջրվեժը փայլուն օրինակ է, որ «չի կարելի գործարարին ասել՝ գնա այսքան ծախսեր արա, հետո նոր ասել՝ այն փորձաքննությունն անցնում է, թե ոչ»: Բացի դրանից' այս օրենքում պարտադիր է նշել, որ պետական լիազոր մարմինը, փորձագետները պետք է պատասխան տան իրենց ստորագրությունների համար:
Ա. Վերմիշյանը նաև նշեց, որ անընդունելի է օրենքի այն կետը, թե նախնական փուլում «կարող են արվել հանրային լսումներ», ինչից բխում է, որ հանրային լսումներ կարող են և չարվել: ԲՆ կողմի այն դիտարկմանը, թե հաճախ ՀԿ-ները կամ մյուս շահագրգիռ կողմերը չեն մասնակցում հանրային քննարկումներին, Ա. Վերմիշյանը պատասխանեց, որ եթե իրենք չեն մասնակցում բոլոր հանրային լսումներին, ապա դեռ չի նշանակում, որ բոլոր նախագծերին պետք է տրվի դրական եզրակացություն:
«Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Ազգանուշ Դռնոյանը նշեց, որ օրենքի հետ կապված իրենք ոչ մի գրավոր առաջարկություն չեն ստացել՝ բացի «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից, որի առաջարկությունների հիմնական մասը հաշվի է առնվել: Իսկ քաղաքացիական նախաձեռնության առաջարկները եղել են միայն բանավոր:
Նա նշեց, որ օրենքի՝ իրենց լրամշակած տարբերակում տրվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի' ՇՄԱԳ-ի բացատրությունը, պետական փորձաքննության բացատրությունները, ինչպես նաև, թե ինչն է ենթարկվում փորձաքննության, ինչպես է փորձաքննությունն իրականցվում և այլն: Նա համաձայնեց, որ այդ կետերն ավելի խճճված էին ներկայցված, և այժմ պարզեցված տարբերակը ներկայացված է լրամշակված տարբերակում:
Գլխավոր մասնագետը համաձայնեց, որ փորձաքննության ընթացքում պետք է հաշվի առնվի շրջակա միջավայրի վրա ազդեցության գործոնը, ոչ թե' հողահատկացման: Ա. Դռնոյանը նշեց, որ քաղաքացիական նախաձեռնության պահանջով հողահատկացման որոշում ունենալու կետը հանվել է օրենքից, ինչպես նաև մեղմացվել կամ ընդհանրապես հանվել են սահմանային չափերի պահանջները: Սակայն չի հանվել քաղաքաշինության սահմանային չափը' 1500ք/մ, որը հաստատել է կառավարությունը:
Սակայն ԲՆ-ի լրամշակած տարբերակը դեռևս ԱԺ չի ներկայացվել: Քաղաքացիական նախաձեռնության անդամներն ասացին, որ մինչև իրենք չտեսնեն օրենքն իրենց առաջարկած տարբերակով, չեն հավատա, որ փոփոխություններ կարող են լինել: Բայց և իրենց համար զարմանալի է, որ ԱԺ-ն չսպասեց մի փոքր մինչ լիազորված մարմինը' ԲՆ-ն, ներկայացնի օրենքի լրամշակված տարբերակը, և հետո նոր այն դրվի քննարկման:
Այնուհետև Մ. Խաչատրյանը զարմանք հայտնեց, որ Թռչկանի ջրվեժի համար դրական եզրակացություն տված պաշտոնատար անձինք օրենքի առջև պատասխան չեն տվել. տիրում է անպատժելիության մթնոլորտ: Ա. Վերմիշյանը հավելեց, որ իրենց ուշադրության կենտրոնում է նաև Հանքավանում մոլիբդենի հանքավայր բացելու հանգամանքը. արդեն արվում են հանքահետխուզական աշխատանքներ:
«Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանը հայտարարեց, որ ՊՈԱԿ-ը Թռչկանի ջրվեժի համար տվել է դրական եզրակացություն, ինքն իր ձեռքի տակ ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Իսկ Հանքավանի նախագիծը փորձաքննության փուլում է, հանրային լսումներ եղել են, սակայն վերջնական փորձագիտական եզրակցություն դեռևս տրված չէ: Հ. Գրիգորյանը նշեց, որ գործող օրենքով երկրաբանահետախուզական աշխատանքները փորձաքննության ենթակա չեն, իսկ նոր օրենքով, որն այժմ քննարկվում է, դրանք փորձաքննության ենթակա են:
Ա. Վերմիշյանի այն հարցին, թե երբ կլինի Հանքավանի փորձագիտական եզրակցությունը, Հ. Գիրգորյանը պատասխանեց. «Նոր տարին շնորհավորելուց առաջ կասենք»: Բնապահպանները հայտարարեցին, որ իրենք լինելու են հետևողական այդ հարցում և հույս ունեն, որ գոնե մի անգամ կտրվի բացասական եզրակացություն:
Հ. Գիրգորյանը նշեց, որ կառավարության նոյեմբերի 3-ի որոշման համաձայն՝ Թռչկանի ջրվեժի անձանգրավորման գործընթացի համար ԲՆ-ին տրվել է 2 ամիս ժամանակ: Սակայն այդ գործընթացին չեն մասնակցում «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամները: «Առանց մեզ՝ որևէ անձնագրում չպետք է լինի», - ասաց Ա. Վերմիշյանը:
ԲՆ-ի ներկայացուցիչը խոստացավ ընդառաջել նախաձեռնության խնդրանքին, և նրանց ներառել այդ գործընթացի մեջ:
Մեկնաբանել