HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն ՀՀԿ-ի պաստառների տեղադրումը օրենսդրության խախտում չի համարում

Չնայած նախընտրական քարոզչությունը պաշտոնապես մեկնարկելու է մարտի 5-ից, Հանրապետական կուսակցությունը երեկվանից սկսել է քարոզչական պաստառներ տեղադրել Երևանում. երեկ Սախարովի հրապարակում վարչապետ Կարեն Կարապետյանի, այսօր էլ Արշակունյաց փողոցում՝ «Տիգրան Մեծ» հրատարակչության շենքին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի լուսանկարներով պաստառներ են փակցվել:

«Հետքի» հարցին, թե արդյոք խախտում չէ պաստառների տեղադրումը, ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը գրավոր պատասխան է ուղարկել՝ նշելով, որ սա ԿԸՀ պաշտոնական տեսակետն է: Պատասխանը ամբողջությամբ ներկայացնում ենք.

«Վերոգրյալը ընտրական օրենսդրության խախտում չէ: Ավելին, ընտրություններին մասնակցող որոշ քաղաքական ուժեր շատ ավելի վաղ էին սկսել իրենց քարոզչական պաստառները փակցնել 5 քառակուսի մետրը չգերազանցող մակերեսով վահանակների վրա: Փետրվարի 28-ին ԿԸՀ որոշմամբ` կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև բաշխվել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը, և որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կուսակցություններն ու դաշինքներն ազատ կարող էին օգտվել իրենց այդ իրավունքից:

Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը: Ընտրական հանձնաժողովներն օրենսդրությամբ սահմանված նախընտրական քարոզչության կանոնակարգումների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնում են նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, այս դեպքում` մարտի 5-ից սկսած:

Ինչ վերաբերում է 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակներում փակցվող քարոզչական պաստառներին, դրանք ամենավերահսկելին են որպես քարոզչական ծախս, քանի որ դրանք փակցվում են համաձայն ԿԸՀ-ի կողմից իրականացված բաշխմանը: Եվ այն հարցադրումը, թե արդյոք նախքան քարոզչության սահմանաված ժամանակահատվածի մեկնարկը քարոզչական պաստառները նշված գովազդային վահանակների վրա փակցնելը օրենսդրության խախտում չէ, անսովոր և զարմանալի է, քանի որ նախկինում ևս մինչ քարոզչության ժամանակահատվածի մեկնարկը նման պաստառներ փակցվում էին` այդ թվում նաև 5 քառակուսի մետրը չգերազանցող մակերեսով վահանակների և ընտրական շտաբների վրա: Իսկ քարոզչական պաստառներ փակցնելը քարոզչության միայն մեկ բաղադրիչն է:

Այս օրերին` մինչև նախընտրական քարոզչության սահմանված ժամկետի մեկնարկը, գրանցված կուսակցություններն ու դաշինքներն ազատորեն իրականացնում են քարոզչություն տարբեր ձևաչափերով` ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրերը, հրավիրելով մամուլի ասուլիսներ և այլ ձևաչափերով: Այս ամենն ազատորեն լուսաբանվել է, և որևէ հարց չի ծագել` արդյոք վերոնշյալը նախընտրական քարոզչության կանոնների խախտում է, թե ոչ: Եվ այն, որ հարցի չի առաջացել, շատ բնական է, քանզի որևէ իրավախախտում առկա չէ»:

Նշենք, որ ՀՀԿ-ի պաստառները գերազանցում են 5 քմ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter