
Արման Սահակյանին գովազդող հոլովակները` իր «գծում»
57 համարի փոքր ավտոբուսով երթևեկողները Աջափնյակից մինչև Կենտրոն գրեթե 10 րոպեն մեկ լսում են ՀՀԿ ցուցակում 58-րդ տեղը զբաղեցնող, նաև ռեյտինգային կարգով առաջադրված Արման Սահակյանի գովազդային հոլովակը: Պարբերաբար ընդմիջվում է ռազմահայրենասիրական համերգը, և ավտոբուսում տեղադրված հեռուստացույցով «պտտվում» է Արման Սահակյանի գովազդը:
Այնինչ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածը սահմանում է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի օգտագործման կարգը: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, դրանք կարող են տեղադրվել «… տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում…» (Ընդգծումը` «Հետքի»): Այսինքն` Ընտրական օրենսգրքով արգելվում է հասարակական տրանսպորտի ու տաքսու վրա կամ դրանց ներսում գովազդային նյութերի հրապարակում:
Հիշեցնենք, որ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը «Հայկական ժամանակին» հայտնել է, որ 57 համարի հասարակական տրանսպորտի «գծում» շահաբաժին ունի:
Հարցի պարզաբանման նպատակով այսօր գրավոր հարցում ենք ուղարկել Երևանի քաղաքապետարան:
Հ.Գ. Մենք չենք տեղադրում գովազդի տեսանկարահանումն ամբողջությամբ` կրկնակի գովազդում չապահովելու համար:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել