HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտական ինստիտուտների պատերից ներս. ցածր աշխատավարձ, մեծ նվիրում

«Հետքն» սկսում է նոր հոդվածաշար գիտական ինստիտուտների մասին: Ըստ բնագավառների կներկայացնենք ինստիտուտները՝ դրանց շենքային պայմանները, աշխատավարձերը, պետությունից ստացած ֆինանսավորումն ու դրամաշնորհները:

Գիտությունների ազգային ակադեմիայի մեջ մտնող կազմակերպությունները ըստ բնագավառի բաժանված են 5 բաժանմունքի՝ մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների, ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի, բնական գիտությունների, քիմիական եւ Երկրի մասին գիտությունների, հայագիտության եւ հասարակական գիտությունների:

Բնական գիտությունների բաժանմունքում կա 11 ինստիտուտ: Այստեղից էլ սկսել ենք մեր ուսումնասիրությունները: Այս մասում անդրադարձել ենք Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին եւ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին:

2 ինստիտուտ՝ մեկ կենտրոնում

Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը հիմնադրվել է 2006-ին կառավարության որոշմամբ: Այն ձեւավորվել է Կենդանաբանության ինստիտուտի ու Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի միաձուլմամբ՝ դառնալով սրանց իրավահաջորդը: Գիտական կենտրոնը 2012-ից ղեկավարում է կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանը, ով այս տարվա փետրվարին վերընտրվեց իր պաշտոնում՝ չունենալով մրցակիցներ:

Կենդանաբանության ինստիտուտ

1943-ին հիմնադրված ինստիտուտը մասնագիտացած է կենդանաբանության, մակաբուծության, կենդանաշխարհագրության, կենսաբազմազանության, բնապահպանության ուղղություններով: Ղեկավարը կենսաբանական գիտությունների դոկտոր Կիմ Դիլբարյանն է: Ինստիտուտի կազմում 5 լաբորատորիա կա: Ինստիտուտն ունի նաեւ կենդանաբանական թանգարան (վարիչ՝ կենսաբանական գիտությունների դոկտոր Էդուարդ Յավրույան), անողնաշարավոր կենդանիների, ոսկրաբանական գիտական հավաքածուներ եւ գիտական գրադարան: Այս ինստիտուտն ու Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սեւերցովի անվան Էկոլոգիայի եւ էվոլյուցիայի պրոբլեմների ինստիտուտի Պարազիտոլոգիայի կենտրոնը Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում համատեղ գիտափորձարարական կենտրոն (ՀԳՓԿ) ունեն (գործում է 1996-ից, գիտական ղեկավար՝ ակադեմիկոս, կ.գ.դ. Սերգեյ Մովսեսյան):

Հիդրոէկոլոգիայի, ջրակենսաբանության եւ ձկնաբանության ինստիտուտ

Հիմնադրվել է 1923 թ. որպես Սեւանի ձկնաբուծական կայան: Մինչ օրս իրականացնում է լճերի, գետերի, ջրամբարների հիդրոէկոլոգիական հետազոտություններ: Ղեկավարը կենսաբանական գիտությունների թեկնածու Էվելինա Ղուկասյանն է: Ինստիտուտն ունի 3 գիտական բաժիններ, մեկ ջրաբանական լաբորատորիա եւ փորձարարական բազա Սեւան քաղաքում:

Շենքային պայմանները

Կենտրոնն ունի երեք մասնաշենք՝ երկու ինստիտուտների շենքերը, ինչպես նաեւ գենետիկայի լաբորատորիան: Երեք տեղերում էլ շենքերի նույնիսկ միջանցքներում ձմռանը տաք է: Բարդուխ Գաբրիելյանի խոսքով՝ 18-ից պակաս ջերմաստիճան չի լինում:

Կենդանաբանության ինստիտուտի շենքն, ըստ աշխատակիցների, կառուցվել է 1947-49 թթ., դրանից հետո կապիտալ վերանորոգման չէր ենթարկվել, տանիքը, պատուհանները, ջրատար խողովակները երկար ժամանակ վատ վիճակում էին:

Ներկայացվածը հաստատում է նաեւ Բ. Գաբրիելյանը՝ հիշելով, որ պատուհաների արանքում բամբակ էին դնում, ջեռուցում չկար շենքում: Կենտրոնի տնօրենը պատմում է, որ 2012-ից հետո ԳԱԱ-ից ստացած 20 միլիոն դրամով (հարկերը ներառյալ) փոխել են տանիքը, վարչական բաժնի պատուհանները, նաեւ առաջին հարկի մի քանի պատուհաններ, ջրատար խողովակները: Մոտ երեք տարի առաջ էլ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի աջակցությամբ փոխել են ինստիտուտի շենքի բոլոր պատուհանները: Ըստ Բ. Գաբրիելյանի՝ դրա ծախսը կազմել է մոտ 28 միլիոն դրամ, որը 9 տարում պիտի մարեն:

Երեք շենքերում էլ հիմնական գույքը խորհրդային տարիներից է եկել, բայց դեռ պիտանի է:

Պետաջակցությունը. աշխատողների 43 տոկոսը նվազագույն աշխատավարձ է ստանում

Կենտրոնի ֆինանսավորումը 2017-ի պետական բյուջեից «ենթակառուցվածքի զարգացում եւ պահպանում» տողով 132 միլիոն դրամ է: Այս գումարը ներառում է թե ենթակառուցվածքների պահպանման ծախսերը, թե աշխատավարձերը: Բ. Գաբրիելյանն ասում է, որ նշվածից 26 միլիոն դրամը նախատեսված է գիտարշավներ կազմակերպելու, սարքավորումներ, նյութեր գնելու համար, սակայն գումարը չի բավականացնում, ինչպես աշխատակիցներն են ասում, հազիվ կարողանում են որոշ նյութեր ձեռք բերել:

Կենտրոնը պետբյուջեից ստանում է նաեւ թեմատիկ եւ նպատակային-ծրագրային հետազոտությունների ֆինանսավորում: 2017-ին այսպիսի 2 հետազոտության համար բյուջեով նախատեսվել է ընդհանուր 23 մլն դրամ:

Ներկայացնում ենք Կենդաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ֆինանսավորումը պետբյուջեից: Նշենք, որ 2013 թ. բյուջեի հավելվածում կենտրոնի անունը բացակայում է:

ԿՀԳԿ
Create column charts

2016-ի տվյալներով՝ կենտրոնն ունի 122 աշխատող, որոնցից 52 հոգի (43 տոկոսը) ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 79 հազար դրամ (հարկերով): Տնօրենն ասում է, որ եթե հարկերը, պարտադիր կուտակային կենսաթոշակայինի գումարը հանենք, կստացվի մոտ 55 հազար դրամ: Լաբորատորիայի վարիչներն առանց հարկերի մոտ 80 հազար դրամ են ստանում: Իսկ ամենաբարձր աշխատավարձը Բարդուխ Գաբրիելյանինն է՝ հարկերով 190.000 դրամ, բացի դրանից որպես դոկտոր ստանում է 50 հազար դրամ (հավելավճարը եւս հարկվում է): Հավելավճարները տրվում են գիտության թեկնածուներին ու դոկտորներին, թեկնածուներինը 25.000 դրամ է: Ընդ որում՝ հավելավճար ստացող թեկնածուն կամ դոկտորը պարտավոր է զբաղվել գիտական գործունեությամբ: Նշենք, որ կենտրոնի 122 աշխատակիցներից 82-ն են գիտաշխատող, որոնցից 7-ը գիտությունների դոկտոր է (ներառյալ 1 ակադեմիկոս), 50-ը՝ թեկնածու:

Ցածր աշխատավարձ ստացող գիտաշխատողների համար այս պարագայում կարեւոր են դրամաշնորհները, սակայն տարեցտարի դրանք ավելի դժվար է ստանալը՝ պահանջներն են փոխվում: 2016-ին, օրինակ, կենտրոնն ունեցել է 8 միջազգային դրամաշնորհ, որոնց արժեքները տարբեր են, առավելագույնը՝ 5000 ֆունտ: Դրամաշնորհային ծրագրերի կատարման ժամկետը 1-3 տարի է: Կենտրոնը բացի դրամաշնորհներից երբեմն նաեւ պայմանագրային ծրագրերից է որոշակի եկամուտ փորձում ստանալ:

Պետության տվածով գիտարշավ կազմակերպել դժվար կլինի

«Մեր կենտրոնը մի քիչ սպեցիֆիկ կենտրոն է, ի տարբերություն, օրինակ, հումանիտար կամ այլ ինստիտուտների: Մենք ամբողջությամբ կախված ենք գիտարշավներից, այդ հարցը բարձրացրել եմ, ակադեմիայի համակարգում երեւի 3-4 ինստիտուտ կա, որ իրենց ամբողջ գործունեությունը կախված է էքսպեդիցիաներից, մենք չեն կարող նստել լաբորատորիայում, գործ անել, դա նշանակում է, որ պետք է նախատեսենք մեծ ծախսեր՝ մեքենաների բենզինի, նավի համար սոլյարկայի ծախս»,- ասում է տնօրենը:

Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում 4 մեքենա կա, որից մեկը օգտագործման համար պիտանի չէ: Դրանք նախատեսված են գիտարշավների համար: Քանի որ մեքենաները քիչ են, տնօրենի ասելով, աշխատակիցները հաճախ իրենց մեքենաներով են գնում արշավների: Տարեկան 40-50 էքսպեդիցիա է լինում: Դոկտոր Գաբրիելյանը շեշտում է, որ, բնականաբար, այս նպատակով պետբյուջեից հատկացված 26 միլիոն դրամի հույսին չեն կարող մնալ: Այստեղ է, որ օգնության են գալիս դրամաշնորհները:

Պահանջում է պետությունը, պատասխանում են գիտնականները

Ի՞նչ պետք է անի պետությունը գիտնականներին օգնելու համար, որ չի անում: Բ. Գաբրիելյանն ասում է, որ հարցին պատասխանելու համար նախ պետք է իմանա պետության հնարավորությունները:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել էր ԳԱԱ ու ասել հետեւյալը. «Պետք է հասկանալ, թե ինչն է սխալ կատարվում: Եթե մեր խոսակցության արդյունքում լինելու է միայն այն, որ կառավարությունը փող քիչ է տալիս, ապա մեր խոսակցությունը գործնական չի դառնա»: Նա նշել էր, որ պետությունը ֆիանսավորելու է հայագիտությանը եւ հարակից այլ ճյուղերին, որոնք կիրառական արդյունք չեն կարող տալ: Կարապետյանն առաջարկել էր քննարկել կիրառական արդյունք ապահովելու հնարավորություն ունեցող ինստիտուտների գործունեությունը եւ հետաքրքրվել՝ արդյոք ԳԱԱ-ն նման նպատակ ինստիտուտների առջեւ դնում է, արդյոք այդ ինստիտուտներում կան մարդիկ, որոնք շուկա են որոնում, որքա՞ն են բիզնեսի պայմանագրերը գիտության հետ, ու ի՞նչ պետք է անել, որ բիզնեսն ինստիտուտներին պատվեր տա: 

Մեր դիտարկմանը, որ պետությունը կիրառական արդյունք է ակնկալում, Բ. Գաբրիելյանն ասում է. «Գիտե՞ք ինչ, չեմ համարում, որ մեր բոլոր ինստիտուտները պիտի փոխվեն կիրառականի, առանց ֆունդամենտալի աբսուրդ է միանգամից կտրել, ասել՝ արդյունք տվեք ինձ, սխալ է»: Նրա համոզմամբ՝ ֆունդամենտալը պետք է լինի, որպեսզի մոտ ապագայում կիրառական արդյունք լինի:

Կենդանաբանության ինստիտուտի ղեկավար, գենետիկայի լաբորատորիայի վարիչ Կիմ Դիլբարյանն էլ ասում է, որ գիտնականները վերջնական արդյունքի հասնում են, սակայն դա կիրառական չի դառնում: Որպես օրինակ նշում է տարիներ առաջ քիմիկոսների հետ ստեղծած «Էքսոն» պրեպարատը, որը բույսերի պաշտպանության համար էր: Դիլբարյանի խոսքով՝ կառավարությունը 2 տարի ուսումնասիրելուց հետո եզրակացրել է, որ պրեպարատը կարելի է օգտագործել: Գիտնականները պատենտ են ստացել, ու երբ պատվաստանյութի արտադրման տեխնոլոգիական գիծը պիտի դրվեր, պետությունն այդպես էլ գումար չներդրեց. անհրաժեշտ էր մոտ 200.000 դոլար:

«Յոլա» են գնում «սպիսատ անելու» սարքավորումներով

Դոկտոր Դիլբարյանի հետ շրջում ենք կենդանաբանության ինստիտուտի բակում, ցույց է տալիս այսօր արդեն դատարկ վանդակները, որտեղ ժամանակին կենդանիներ էին պահում հետազոտությունների համար, անգամ փասիաններ ունեին:

Գենետիկայի լաբորատորիա ենք մտնում: Խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած գույքն է (նոր ժամանակների մասին միայն համակարգիչներն են հիշեցնում): Գրեթե բոլոր սենյակներում սենյակային բազմաթիվ բույսեր կան, որոնք հետազոտությունների համար են օգտագործում: 

Կիմ Դիլբարյանն այնքան խնամքով, հոգատարությամբ է պատմում իրենց աշխատանքների մասին, որ մեզ սկսում է հետաքրքրել տզերի հավաքածուն: Նա շեշտում է, որ հավաքածուն բացառիկ է:

Լաբորատորիայում սարքավորումների թարմացում չկա, նոր սարքերը թանկ են, ինստիտուտի հնարավորությունները՝ փոքր: Այս պահին լաբորատորիան կարիք ունի նոր մանրադիտակների:

Կ. Դիլբարյանը ցույց է տալիս սեղանին դրված մանրադիտակն ու ասում, որ ինքն է պատրաստել, առայժմ «յոլա» է տանում: Լաբորատորիայի սարքերը 20-30 տարվա են: «Սաղ սպիսատ անելու սարքեր են, բայց ամենակարեւորը՝ մեր աշխատանքը դրանից չի տուժում»,- նշում է գիտնականը:

70-ամյա Կիմ Դիլբարյանը ուսանողական տարիներին Թիֆլիսից է եկել Երեւան, հետո որոշել է մնալ Երեւանում: Ասում է, որ դա իր երազանքներից մեկն էր, այսօր էլ արտասահմանում աշխատելու հրավերներ ունի, եթե ցանկանա, կգնա, բայց հողին կպած մարդ է:

«Հետքի» ծանոթ կենսաբաններից մեկն ասում է, որ մեր գիտնականները բազմակողմանի զարգացած են, նույնիսկ այդ հին սարքավորումներով արդյունքի են հասնում, բայց եթե մի եվրոպացի գիտնականի դնես նրանց փոխարեն, կշվարի, չի իմանա, թե ինչ անի:

Ցածր աշխատավարձով, մեծ ոգեւորությամբ

Կենդանաբանության ինստիտուտի երկրորդ հարկում 1922-ին հիմնադրված կենդանաբանական թանգարանն է: Նախկին վարիչը թռչնաբան Մարտին Ադամյանն էր, իսկ այսօր՝ Էդուարդ Յավրույանը: Թանգարանը փղի կմախքից մինչեւ Հայաստանի ամենափոքր կաթանասունի՝ ճստիկ սպիտակատամի կմախք ունի: Դոկտոր Յավրույանն ասում է, որ ցուցանմուշների զգալի մասը բերել է ինքը, թեեւ ինստիտուտի աշխատակիցներն էլ են իրենց մասնակցությունն ունեցել (յուրաքանչյուր նմուշի տակ նշվում է նվիրատուի անուն-ազգանունը): Մեր զրուցակիցը հիշում է, որ նմուշները դժվարությամբ է ձեռք բերել. մեկին՝ հագուստ, մյուսին՝ դեղորայք, գումար տալով, համոզելով է վերցրել: Է. Յավրույանը պատրաստվում է նաեւ Արցախի ֆաունան ներկայացնել թանգարանում, արդեն տեղ է հատկացրել:

Թանգարանի ամենամեծ խնդիրը համարում է նմուշներով անընդհատ հարստացնելը, որպեսզի Հայաստանի կենդանական աշխարհն ամբողջությամբ ներկայացվի: «Կային նմուշներ, օրինակ, բորենին, որը համարում են անհետացած, մենք ունենք նմուշ: Արջերի տարատեսակներ, չղջիկների բիոխմբեր՝ 30 տեսակներ, որոնք հայտնաբերվել են Հայաստանում, էստեղ կարող եմ գլուխ գովել, որ իմ ասիստենտները, ասպիրատները 16 տեսակ վերականգնել են»,- ասում է թանգարանի վարիչը:

Ըստ Է. Յավրույանի՝ թանգարանն անընդհատ այցելուներ է ունենում, մեծ խմբեր են գալիս, սակայն թանգարանի աշխատողները նվազագույն աշխատավարձ են ստանում, էքսկուրսավարներ ունեն, որ առանց գումարի են աշխատում: Թանգարանի մուտքն անվճար է: Աշխատակիցները պատմում են, որ մեր այցից շաբաթներ առաջ բնապահպանության նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանն էր գնացել թանգարան, տպավորվել էր ու առաջարկել մուտքի համար սիմվոլիկ գումար գանձել: Յավրույանն ասում է՝ գուցե 150 դրամ կամ 300 դրամ դարձնեն, 300-ը՝ մեծերի համար:

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը

Հայաստանում մոլեկուլային կենսաբանության ոլորտում հետազոտությունների զարգացման նպատակով 1966-ին հիմնադրվել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը: 2015-ից կառույցի տնօրենը կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանն է:

Ինստիտուտն ունի 18 գիտահետազոտական (11 լաբորատորիա եւ 7 խմբեր) եւ 3 գիտակրթական ենթաբաժիններ: Ունի գրադարան, մարդու ԴՆԹ-ի նմուշների բանկ, բջջային գծերի հավաքածու, կենդանանոց:

Շենքի գլխավոր խնդիրը ջրի եւ կոյուղու խողովակներն են

Ա. Առաքելյանը նշում է, որ շենքային պայմաններից գոհ են, շենքը ջեռուցվում է: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի աջակցությամբ փոխել են շենքի պատուհանները: Պետբյուջեից ստացած գումարով էլ վերանորոգել են տանիքը: Այս պահին գլխավորը ջրամատակարարման խողովակների ու կոյուղու հարցն է. շենք մտնող մայր խողովակները չեն փոխվել կառուցումից ի վեր: Մաշվածության պատճառով տարեկան մեկ-երկու անգամ վթարներ են լինում: Տնօրենն ասում է, որ ժամանակին հաշվարկել են ծախսը. մոտ 50 միլիոն դրամ է հարկավոր ամբողջ համակարգը կարգի բերելու համար: Այս պահին, սակայն, ինստիտուտն այդ հնարավորությունը չունի: Չնայած դրան, Ա. Առաքելյանի փոխանցմամբ, ներկա վիճակն ընդհանուր աշխատանքին չի խանգարում՝ եւ՛ ջուր, եւ՛ ջեռուցում ունեն, կոյուղին էլ նորմալ վիճակում է:

Տնօրենը նշում է, որ ինստիտուտը սարքավորումներով բավականաչափ հագեցած է (մի քիչ թերանում են բջջային կենսաբանության հետազոտությունների սարքավորումների հարցում, բայց հուսով են, որ հարցը կլուծվի): Սարքավորումների 70-80 տոկոսը ձեռք են բերում դրամաշնորհներով, որոնց մեջ մեր զրուցակիցը ներառում է նաեւ ՀՀ գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) հատկացումները, որոնք, սակայն, շատ ավելի փոքր են, քան արտասահմանյան դրամաշնորհները: Սարքերի մի մասն էլ նվիրատվություն են ստանում օտարերկրյա գործընկերներից:

Դրամաշնորհ ստանալը դժվարացել է

Ինստիտուտը 127 աշխատակից ունի: Ըստ Ա. Առաքելյանի՝ նվազագույն աշխատավարձ ստացողները 35-ն են, հիմնականում՝ ուսանողներ: Ամենաբարձր եկամուտը 450.000 դրամ է, որը ձեւավորվում է պետբյուջեի ֆինանսավորումներից ու դրամաշնորհներից: Տնօրենի ասելով՝ այսքան գումար են ստանում առաջատար, ավագ գիտաշխատողները, լաբորատորիայի վարիչները, խմբերի ղեկավարներն ու ադմինիստրացիան:

Ինստիտուտի ֆինանսավորումը ինչպես 2016-ին, այնպես էլ այս տարի 158 միլիոն դրամ է: Թեմատիկ եւ նպատակային-ծրագրային 4 հետազոտությունների համար 2017-ին նախատեսված է եւս 30 մլն դրամ հատկացում: Ա. Առաքելյանն ասում է, որ ինստիտուտի բյուջեի 30-40 տոկոսը ձեւավորվում է դրամաշնորհներից:

ՄԿԻ
Create column charts

2014-ին ստացել են 9, 2015-ին՝ 5, 2016-ին՝ 6 դրամաշնորհ: «Հետքի» զրուցակիցն ասում է, որ վերջին տարիներին դժվարացել է դրամաշնորհային մրցույթներին դիմելը: Այն ավանդական տեղերը, որտեղ կարելի էր դիմել, եւ որոնք աշխատում էին նախկին խորհրդային երկրների հետ, իրենց գործունեությունը կամաց-կամաց սկսել են սահմանափակել: Պատճառն, ըստ Արսեն Առաքելյանի, այն է, որ դրամաշնորհ տվողները գտնում են, որ այսքան տարի իրենց հատկացրած գումարները պետք է բավարար լինեն գիտության մակարդակը մրցունակ եւ ինքնաբավ մակարդակի հասցնելու համար:

Գիտությունը պետք է ներգրավվի տնտեսության զարգացման գործին

Երկրում գիտության վիճակը միանշանակ չէ: Այսպես է բնորոշում Արսեն Առաքելյանը: Իրենց ինստիտուտի մակարդակով դիտարկելիս ասում է, որ կառույցի վիճակը լավ է, կարողանում են հոդվածներ տպել արտասահմանում, դրամաշնորհներ են ստանում, բայց ընդհանուր մակարդակում վիճակը, թերեւս, ավելի վատ է: Մյուս կողմից, ըստ նրա, սխալ է ասել, թե տեսեք՝ անգամ սուղ ֆինանսավորմամբ լավ արդյունքների ենք հասնում:

Առաքելյանի կարծիքով՝ եթե սուղ միջոցներով կարողանում ենք հասնել արդյունքի, ապա ֆինանսավորման բարձրացմանը զուգահեռ գիտության արդյունքներն էքսպոնենցիալ աճ կունենան: Միջոցների ճիշտ կառավարմամբ, ըստ տնօրենի, կարելի է հասնել շատ ավելի մեծ արդյունքների, իսկ դրա համար անհրաժեշտ է միջավայր ստեղծել, որպեսզի գիտությունն ինտեգրվի տնտեության զարգացման գործին:

Ինչ վերաբերում է իշխանությունների՝ գիտնականներից կիրառական արդյունք ստանալուն, Արսեն Առաքելյանը նշում է, որ կիրառական արդյունքի ձեւակերպումն այնքան էլ ճիշտ չէ: Գիտական ինստիտուտը կիրառական արդյունք չի կարող տալ միանգամից: Երկրում պետք է լինի կիրառական արդյունքի պահանջարկ, բայց եթե չկա հետաքրքրված օղակ, որն ինչ-որ խնդրի լուծման համար պետք է դիմի գիտնականին, ապա կիրառական արդյունքը չի կարող գեներացվել: Ինստիտուտի տնօրենն իբրեւ օրինակ նշում է, որ մոլեկուլային կենսաբանության կամայական հետազոտություների ներդրումը լավ գործընկեր է պահանջում, որը կաշխատի բժշկակենսաբանական ոլորտում, այնինչ Հայաստանում դեռեւս չկա հետաքրքրված այնպիսի կազմակերպություն, որը, ենթադրենք, գիտնականի կողմից քաղցկեղի բուժման նոր միջոց հայտնաբերելու դեպքում կգնի այն ու արտադրանքի կվերածի: 

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter