HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գազի գնից մինչև մենաշնորհներ. «Ելք»-ի թեկնածուն մեկնաբանում է իրենց ծրագիրը

«Ելք» դաշինքն իր նախընտրական ծրագրով հայտարարում է, որ Հայաստանը ցանկանում է տեսնել որպես բարձր տեխնոլոգիական-արդյունաբերական երկիր։ Ծրագրում տնտեսական քաղաքականությանն առնչվող որոշ դրույթների վերաբերյալ «Հետքի» հարցերին պատասխանում  է «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը։ Նա մասնակցել է դաշինքի ծրագրի մշակմանը։

- Հայաստանը բարձր տեխնոլոգիական-արդյունաբերական երկիր դարձնելու քայլերից մեկն, ըստ ձեր ծրագրի, հանքահումք արտահանող երկրից վերջնական ապրանք արտադրող երկրի վերածելն է։ Ինչպե՞ս եք Դուք այդ գործընթացը պատկերացնում։

- Այսօր մեր հանքադյունաբերության գերակշռող մասը պատկանում է արտասահմանյան ընկերությունների։ Հայաստանում դրանում մասնակցում են անհատներ։ Սա պետք է պետականացվի։ Այսինքն՝ Հայաստանի հանքային հանածոները պետք է օգտագործվեն հենց Հայաստանում։ Ամբողջ ցիկլն այստեղ է պետք կազմակերպել։ Սա, իրականում, բարդ ու երկարաժակետ լուծում է պահանջում, քանի որ կան ոլորտում կնքված պայմանագրեր՝ հստակ ժամկետներով։ Բայց մի բան է, երբ այստեղից արտահանվում է պղինձ կամ մոլիբդեն, մեկ այլ բան է, երբ այն օգտագործվում է այստեղ արտադրության մեջ ու պատրաստի արտադրանքն է արտահանվում։ Սա տասնապատիկ ավելացնում է եկամուտները։

- Այդ ամենը ենթադրում է ծախսեր։ Ձեր դաշինքը հաշվարկներ արե՞լ է, թե ինչ ծավալի ծախսեր կպահանջվեն։

- Ոչ, հստակ հաշվարկներ չունենք ծախսերի հետ կապված։ Բայց ներդրումներ հնարավոր է հայթայթել՝ անկախ նրանից, թե որքան ծախս է պետք։ Հայաստանում այդ միջոցները կան մասամբ։ Հնարավոր է ներգրավել Սփյուռքի ներուժը։ Նաև՝ Հայաստան հրավիրել միջազգային կոորպորացիաների, որ գոնե, երբ մասնակցում են տեղի հանքարդյունաբերությանը, եկամուտներ են ստանում, իրականացնեն ներդրումներ ու վերջնական արտադրության համար գործարաններ հիմնեն և այլն։

- Իսկ Հայաստանում որտե՞ղ է պետք փնտրել այդ ներդրումների աղբյուրներն՝ ըստ Ձեզ։

- Այնտեղ, որտեղ կենտրոնացված են գումարները։ Պետական բյուջեն, բնականաբար, չունի այդ միջոցները։ Բայց Հայաստանում 100-ից ավելի միլիոնատերեր կան, նախկին պաշտոնյաներ, տնտեսվարողներ։ Բայց ներդրումների համար Սփյուռքը հիմնական կարևոր գործոն կլինի։

Հանքարդյունաբերությունն, ընդհանրապես, շատ մեզ ազդեցությունների գոտի է։ Շատ երկրներ փնտրում են, թե որ երկրներից կարելի է ռեսուրս վերցնել։ Այն շատ մեծ մրցակցային դաշտ է։ Հայաստանի տարածքում էլ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը լուրջ մրցակցության մեջ են տեղի հանքարդյունաբերության մեջ ավելի մեծ մաս ունենալու համար։ Բայց առաջնային առավելությունն այստեղ Հայաստանի համար այն է, որ դա մեր տարածքն է։ Ու հնարավոր է, որ Հայաստանը կարողանա հանքարդյունաբերությունն ինքնուրույն հսկել։ Մինչ հիմա ինչու՞ չի արվել. իմ կարծիքով, պաշտոնայները, որոնք պետական ապարատում, մասնավորապես՝ բնապահպանության որոշ նախկին նախարարները, այսօր եթե ուսումնասիրեք ու տեսնեք, թե ինչ հարստություն ունեն, կհասկանաք, թե ինչու։ Պարզապես այցելեք Մոնումենտ, կտեսնեք նախկին բնապահպանության նախարարների տներն ու ամեն ինչ կհասկանաք։ Խնդիրն, իհարկե, կոռուպցիայի մեջ է։

- Խոստանում եք Հայաստանում պետական իշխանությունը ստանձնելուց հետո կնվազեցնեք գազի սակագինը բնակչության համար։ Ծրագրում նշված է 10-15%: Ի՞նչ ճանապարհներ և հիմքեր եք տեսնում դա իրագործելու համար։

- Ես կարծում եմ՝ թիվը, որը նշված է ծրագրում, շատ համեստ է, քանի որ իրականում գազի գինն ավելի շատ նվազեցնելու հնարավորություն կա։ Հայաստանում տարեկան արձանագրվում է գազի X  ծավալի կորուստ։ Այդ կորուստն այն բանի հետևանքն է, որ շատ խոշոր սպառողներ զարտուղի ճանապարհով հասնում են նրան, որ քիչ են վճարում կամ ընդանհրապես չեն վճարում իրենց սպառած գազի համար։ Ու դա, փաստացի, մնում է մյուս սպառողների ուսերին։ Այդ կորուստները հնարավոր է նվազեցնել, եթե համապատասխան ընկերություններն աուդիտի ենթարկվեն ու կոռուպցիոն սխեմաները դուրս մղվեն։

- Բայց «Գազպրոմ-Արմենիա»-ն այսօր նշում է, որ ներկա սակագինը լավագույն տարբերակն է, որ կարող են առաջարկել իրենք։ Ինչպե՞ս եք այս ընկերության հետ ընդհանուր հայտարարի գալու։

- «Գազպրոմ-Արմենիա»-ն Հայաստանում գործող ընկերություն է, և պետությունը կարող է իր լծակներով ազդել այդ ընկերության գործունեության վրա։ Համապատասխան քաղաքական կամքի դեպքում դա հնարավոր է։

-Իսկ այս դեպքում ունե՞ք հաշվարկներ։ Որքա՞ն են կազմում կորուստները։

- Իմ կարծիքով՝ կորուստները կազմում եմ ամենաքիչը 30%: Եթե հետհաշվարկ անենք, կտեսնենք գազի թանկացման «էվոլյուցիան» այդ կորուստները լրացնելու քաղաքականությունն են եղել։ Պարտքերը, որ կուտակվել են, այդտեղից են առաջացել։

-Եվս մեկ կետ ձեր ծրագրում, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում կարդում ենք՝ իշխանության գալու դեպքում խոստանում եք վերացնել երկրում առկա արհեստական մենաշնորհները։ Ո՞ր շուկաների վրա եք կենտրոնանալու։

- Հայաստանի սպառողական շուկաներում մենաշնորհների մեծ դաշտ կա՝ շաքարավազի, բանանի, վառելիքի և այլն։ Երբ մի ընկերությունը փորձ արեց բանան ներկրել, խոչընդոտեցին։ Այսինքն՝ մենք այստեղ գործ ունենք վարչական միջամտությամբ մենաշնորհների հետ։ Դրա վերացման համար անհրաժեշտ է բարձր քաղաքական կամք։ Այն ձեռնարկատերերը, որոնք տարիներ շարունակ ունեցել են այդ մենաշնորհները, գրանցում են փոքր այլ ընկերություններ ու սկսում են դրանցով ներմուծումներ անել։ Թղթերով ապացուցում են, որ մենաշնորհներ չկան։

Այստեղ ևս հիմքում տեսնում ենք կոռուպցիան։ Պետությունը կամ պետական պաշտոնյաները չպետք է ունենան շահագրգռվածություն։ Եթե ԱԺ պատգամավորն ունենում է տնտեսության  մեջ հստակ շահեր, բնակաբաբար ինքը փորձում է ԱԺ-ում իրացնել իր շահելը։

-Մենաշնորհների դեմ պայքարը, սակայն, այդքան պարզ գործընթաց չի թվում։ Ըստ տնտեսագետների՝ կան շուկաներ, որոնց դեպքում նույնիսկ մենաշնորհները կոտրելուց հետո այլ ընկերությունների համար ոչ շահավետ է դառնալու գործունեությունը իրականացնելը։ Ձեր Դաշինքը կոնկրետ ի՞նչ քայլերով եք նախատեսում պայքարել մենաշնորհների դեմ։

-Ընդամենը պետք է դաշտը ազատականացնել։

-Ինչպե՞ս։

-Թողնելով, որ շուկան ինքն իրենով կարգավորվի։ Կոռուպցիոն մեխանիզմները պետք է արմատախիլ անել։ Իհարկե, նոր մուտք գործողները խնդիրներ են ունենալու։ Բայց դա ժամանակի խնդիր է։

Պետական մարմինները պետք է դուրս մնան խոշոր օլիգարխների ազդեցությունից։ Ինչու՞ է սահմանադրությամբ նշվում, որ պետական պաշտոնյան իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրությամբ։ Այդ դրույթը պատահական չէ։ Ամբողջ իմաստն այն, որ չլինի շահերի բախում։ Պետք է սահմանադրության այդ կետը պահել, մնացածն ինքն իր հունով կգնա։

- Ծրագրում նշված է, որ կիրականացվեն ավիավառելիքի շուկայի ազատականացմանն ուղղված հակամենաշնորհային միջոցառումներ։ Այս շուկայում այսօր ի՞նչ վիճակ է Ձեր գնահատմամբ։

- Հայաստանում  տոմսերի գները թանկ են երկու պատճառով՝ մեկը օդանավակայանի գրեթե մենաշնորհային դիրքը, մյուսը՝ վառելիքի հետ կապված։ Ավիափոխադրողները պետք է հնարավորություն ունենան իրենք որոշել, թե ումից գնել վառելիքը։ Չգիտեմ, թե ումից են գնում, բայց հստակ գին թելադրող կա այդ դաշտում։

- Ձեր խոստումներից մեկն է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը։ Սա մի ծրագիր է, որի մասին մեզ մոտ տարիներով խոսվում է, բայց գումարներ չեն հայթայթվում։ Դուք ծրագրում այդ մասին նշելուց առաջ հաշվարկե՞լ եք, թե ինչ գումարների մասին է խոսքը և որտեղից պետք է հայթայթվեն այդ միջոցները։

- Կա ծրագիր, արդեն 10 տարուց ավելի է, բայց թվերը չեմ հիշում։ Ես կարող եմ մեխանիզմն ասել ներդրումների։ Կան միջազգային ընկերություններ, բանկեր ու տրանսնացիոնալ կոորպորացիաներ, որոնք համապատասխան ծրագրի ներկայացման դեպքում, պատրաստ են ֆինանսավորել։ Ի՞նչ քայլեր է պետք անել. առաջինը հերթին պետք է այդ տրանսնացիոնալ կոորպորացիաներին ապահովագրել, որպեսզի իրենց ներդրումը Հայաստանում լինի անվտանգ։ Դա պետք է իրականացնի միջազգային ընկերություն, ինչպես օրինակ՝ գերմանական Euler Hermes ընկերությունը, որն աշխարհում իրականացնում է  խոշոր ներդրումային ծրագրերի ապահովագրություն։ Մյուս կողմից էլ Հայաստանը՝ որպես ներդրումային երկիր, գնահատվում է ռիսկային։ Այսինքն՝ մի կողմից պետք է շահագրգռել ներդրողին, մյուս կողմից՝ պահավոգարական ընկերությանը պետք է համոզել որոշակի երաշխքիներով, որ իրենք էլ ապահովագրեն այդ պրոցեսը։

- Այն, ինչ Դուք ասում եք, էլի է ասվել այս ծրագրի շրջանակներում, բայց սայլը տեղի չի շարժվել։ Հիմա որքանո՞վ կարելի է վստահ լինել, որ այս կամ այլ ծրագրեր կիրականացվեն, եթե ձեր դաշինքն իշխանության կա։

- Գիտեք, Հայաստանի բոլոր խնդիրները մեկ փունջ են։ Հիմա եթե շարունակելու ենք ունենալ կեղծված ընտրություններ, կառումպացված վարչական համակարգ, օլիգարխներ Ազգային ժողովում, այդ խնդիրները երբեք էլ չեն լուծվելու։ Որքան էլ առանձին անհատները խելացի լինեն, այդ խնդիրները չեն լուծվելու։ Նախկինում բազմաթիվ ներդրողների Հայաստանում խաբել են, փողերը գողացել։ Խնդիրները համակարգային պետք է լուծվեն։ Հակառակ դեպքում Դալայ Լաման էլ լինի վարչապետն, այդ խնդիրները չեն լուծվելու։

- «Ելք»-ը նախատեսում է իշխանության գալու դեպքում 150 և ավելի աշխատող ունեցող տեղեկատվական ՏՏ ընկերություններին ազատել շահութահարկից։ Ի՞նչ կփոխի դա այդ դաշտում։

-Հայաստանի ՏՏ ոլորտում 150 և ավելի աշխատող ունեցող ընկերությունների թիվը բավականին քիչ է։Նախ խնդիրն այն  է, որ ՏՏ ընկերությունները փոքր խմբերով են աշխատում, որպեսզի խթանենք միացումները, դրա համար այս առավելությունը մենք կփորձենք տալ։

- Մեկ այլ խոստում՝ Հայաստանի զինված ուժերի զինանոցում առկա զինտեխնիկայի՝ վիճակագրորեն ամենահաճախ խափանվող դետալների արտադրությունը կկազմակերպվի Հայաստանում։ Մենք ունե՞նք համապատասխան ռեսուրսներ դրա համար։

- Հայաստանը հայտարարել է, որ բանակը պետք է լինի ոչ միայն ռեսուրս սպառող, այլ նաև՝ խթան տնտեսական զարգացման համար։ Իսկապես Հայաստանում կան այս պահին վնասված զինտեխնիկայի վերանորոգման կետեր։ Դրանք կարելի է և հնարավորություն կա արդիականցնել։ Եվ, գոնե. դետալները արտադրել տեղում։ Դա նաև կխթանի ընդհանուր տնտեսական զարգացմանը։ Իսկ եթե մենք ունենք բանակի նման մեծ սպառող, կորցնել այդ հնարավորությունը շատ ափսոս կլինի։ Մենք ունենք մարդկային ռեսուրսներ, վստահաբար։ Ինչ վերաբերում է արտադրամասերին, տեխնիկային և այլն, այս առումով պետք է համագործակցել Ռուսաստանի հետ, իրականացնել երկարաժամկետ պլանավորում։ Խոսքը դետալների մասին է։ Ի վերջո, կհասնենք նաև խոշոր տեխնիկային։

- Պատրաստվում եք ներդնել ՓՄՁ շահերի պաշտպանության` Բիզնես օմբուդսմենի ինստիտուտ։ Հայաստանի ՓՄՁ-ն այսօր, արդյոք, ունի դրա կարիքը։

- Ձեռնարկատետերն այսօր շփվում են պետական օղակների հետ՝ հարկային մարմինների, որը Պետական եկամուտների կազմում է։ Ինչպե՞ս ՓՄՁ-ն պետք է պաշտպանի իր շահերը. եթե ունենանք այդ ինստիտուտը, այն հնարավորություն կտա բալանսավորելու հարկային տեսուչների անտեղի այցելությունները ձեռնարկություններ, պակասեցնել ճնշումները։ ՊԵԿ-ն այսօր կառավարությանը կից մարմին է, առանձնացված, ինչը նշանակում է, որ պատասխանատվությունն հանրության առաջ ավելի փոքր է։ Մեզ ինստիտուտ է պետք, որը կպաշտպանի փոքր և միջին ձեռնարկատերերին։ Մենք գտնում  ենք, որ ՓՄՁ-ի մասնաբաժինը ՀՀ ՀՆԱ-ի մեջ պետք է ավելանա։

- Իսկ եթե «Ելք» դաշինքը ոչ թե իշխանության գա, այլ պարզապես ներկայացուցիչներ ունենա ԱԺ-ում, ծրագրում ներկայացված դրույթներին որքանո՞վ հետամուտ կլինի։

-Կարևոր է, թե ինչ կառավարություն կձևավորվի,  որքանով այն պատրաստ կլինի փոփոխությունների։ Համենայնդեպս, այն կետերը, որոնք նշված են ծրագրում, մենք անընդհատ բարձրաձայնելու ենք։ Բայց կառավարությունը պետք է այս պրոցեսին աջակցի, եթե ուզում է, որ ինչ-որ բան փոխվի։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter