
Ընտանեկան բռնության գործերի 57 %-ը կարճվել է
Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ` կոմիտեում ներդրվել է ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննվող քրեական գործերի առանձին վիճակագրության վարման ընթացակարգ։
Մինչ անդրադառնալը ընտանեկան բռնության հայաստանյան պատկերին, պարզաբանենք, որ «ընտանեկան բռնություն» եզրույթը կիրառվում է 2014թ.-ից։ Այն մեկնաբանվում է հետևյալ կերպ. «Ֆիզիկական և հոգեբանական բռնի գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում, կամ նախկին (կամ ներկա) ամուսինների կամ զուգընկերների միջև՝ անկախ նրանից, թե կատարողը բնակվում է կամ բնակվել է տուժողի հետ նույն բնակարանում, թե ոչ»:
Անդրադառնալով քննչական կոմիտեի ուսումնասիրությունների արդյունքներին՝ նշենք, որ կոմիտեի վարույթում 2016 թվականի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության 359 քրեական գործ, որոնցից 18-ը՝ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:
Այդ գործերի 57 %-ը՝ 206 քրեական գործ, կարճվել է՝ մեծամասամբ բողոքի բացակայության կամ տուժողի՝ մեղադրյալի հետ հաշտվելու հիմքով։ Իսկ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 89 քրեական գործ՝ 89 անձի վերաբերյալ:
Կոմիտեում քննված ընտանեկան բռնության 359 գործերից 222-ը, այսինքն՝ 62 %-ը, ծեծի պատճառով են հարցուցվել։ Ապա մեծամասնություն է կազմել սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի դեպքերը՝ 45 գործով։ Ընտանեկան բռնության 2016-ի պատկերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ գրաֆիկայում։
Ընտանիքում կատարված 359 հանցագործություններից 136-ը կատարվել են ամուսինների կողմից, 15-ը՝ զավակների, հարսի կամ փեսայի կողմից: Գրանցվել են ընտանեկան բռնության դեպքեր նաև խորթ մայրերի, եղբոր, ամուսնու ծնողների կողմից կատարված։
Ընտանեկան բռնության հիմքով հարուցված գործերի նախաքննությանը որպես մեղադրյալ է ներգրավել 204 անձ, որոնցից 122-ը՝ 18-35 տարեկան. այսինքն՝ այս տարիքային խմբի անձիք առավել շատ են իրենց ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրել։ Իսկ հանցագործության այս տեսակով մեղադրյալ ճանաչված 82 քաղաքացիներ 35 տարեկանից բարձր են եղել:
Ընտանեկան բռնության հիմքով հարուցված գործերով տուժող է ճանաչվել 237 անձ, որոնց հիմնական «զոհերը» եղել են 18-35 տարեկանները։ Ընտենական բռնությունից «անմասն» չեն մնացել նաև անչափահասները. կոմիտեի վարույթում քննվող գործերից 49-ը վերաբերել են նրանց։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ ընտանեկան բռնության դեպքերի առանձնացված այս վիճակագրությունը թույլ կտա համապարփակ ուսումնասիրել բռնության այդ տեսակի տարածվածությունը, դրսևորման եղանակները, ձևերը, տուժողների և մեղադրյալների կարգավիճակները, ինչպես նաև նրանց միջև փոխհարաբերությունները։
Լուսանկարը՝ www.slate.com-ի
Մեկնաբանել