
Գիտությունների ակադեմիայում սկանդալ է հասունանում «Հայոց պատմության» պատճառով
Հարցազրույց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հետ
Վերջերս հրատարակվել է ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից պատրաստված «Կոթողային խայտառակություն» գրախոսությունը՝ Հայկ Դեմոյանի խմբագրությամբ: Գրախոսությունն անդրադառնում է ԳԱԱ Պատմության ինստիտուտի կողմից հրատարակված «Հայոց պատմություն» բազմահատորյակի 3-րդ հատորի երկու գրքերին, որոնք հրատարակվել են 2010 և 2015 թթ.: Բազմահատորյակը ֆինանսավորվել է կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից: Բազմահատորյակը 4 հատորից է, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է 2 գրքից: Յուրաքանչյուր հատորի տպագրությունը, ըստ Հայկ Դեմոյանի, մոտ 20 միլիոն դրամ: Բազմահատորյակի տպագրությունն սկսվել է 2010-ից: Մինչ օրս 8 գրքից հրատարակվել է 5-ը:
-Պարոն Դեմոյան, ինչո՞ւ եք խնդրին երկու տարի անց արձագանքում, եթե 3-րդ հատորը տպագրվել է 2015-ին:
-2015 թ. շատ ինտեսիվ տարի էր մեզ համար, բազմաթիվ միջոցառումներ ենք կազմակերպել, մի մասը դեռ անավարտ է: Այդ տարի Ռիգայի գետտոյի տարածքում բացեցինք մեր մշտական երկրորդ թանգարանը:
Առաջին անգամ այդ մասին ահազանգեցինք երրորդ հատորի երկրորդ գրքի լույս տեսնելուց մի քանի ամիս անց: Գիրքը տպագրվել է 2015-ին, սակայն վաճառքում հայտնվել է 2016-ի կեսերին: Այս հատորի երկու գրքերին սկսեցինք անդրադառնալ՝ այս գրախոսականը կազմելու համար՝ նախորդ տարվա սեպտեմբերից: Թեև մեր ինստիտուտը գտնվում է Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում, սակայն նման բան հանդուրժելն անհնար էր: Ցավալի փաստ է, որ ժամանակակից հայ հասարակագիտական միտքը համարյա չի հանդուրժում գրախոսություն երևույթը, երբ այն գիտական գործունեության թիվ մեկ ցուցիչն է աշխարհում: Իսկ մեր իրականության մեջ այն դիտվում է որպես վիրավորանք: Երբ նույնիսկ ատենախոսությունների պաշտպանությունների ժամանակ հարց ես տալիս, և ատենախոսը չի կարողանում պատասխանել, դա դիտվում է իբրև կանխակալություն ու չարակամություն: Ցավալի է, բայց այստեղ խոսքը ոչ թե անձնավորվածության, այլ մեր անկախ հանրապետության այս փուլում գաղափարախոսական և կուսակցական գաղափարներից զերծ համապարփակ ազգային պատմություն ներկայացնելու կարևոր ռազմավարական նախագծի մասին է:
Հատորի նույնիսկ վերնագիրն է սխալ՝ «Հայոց պատմության» փոխարեն (մենք միշտ սովոր ենք «հայոցին») այս հատորները պետք է ներկայացնեին Հայաստանի, մեր ժողովրդի, ազգային պետականության պատմությունը: Պետությունից լուրջ միջոցներ ստանալով՝ նախ գիտական լայն քննարկում պետք է իրականացվեր, ինչը չի արվել, վերնագրերն ու հեղինակներին նայելիս տեսնում ենք, որ այստեղ աշխատում է «յուրային-ոչ յուրային» արատավոր համակարգը: Այս երևույթը վաղուց իր հաստատ տեղն է գտել մեր գիտական ու կրթական համակարգում, այդ թվում՝ նաև Գիտությունների ազգային ակադեմիայում:
-Նախքան գրքի հրատարակումը դիմե՞լ եք Պատմության ինստիտուտին, փորձե՞լ եք ծանոթանալ նյութին:
-2012-ին համառորեն պնդում էի, որ տրամադրեին տպագրվելիք նյութերը (3-րդ հատորի երկրորդ գիրքը 2015-ին է լույս տեսել, իսկ առաջինը՝ 2010-ին: Ի դեպ, առաջին հատորի ոչ մի գիրք տակավին չի հրատարակվել), որպեսզի ՀՑԹԻ գիտխորհուրդը ծանոթանար, թե ինչպես է ներկայացվելու Մեծ եղեռնի պատմությունը, որովհետև եթե թանգարանին չէին տրամադրել, գտնելով, որ ավելի լավ կգրեն, գոնե կարդայինք, որ սխալներ չսպրդեին: Սա գիտական, ակադեմիական մոտեցում է, անվանենք այն նաև սրտացավություն: Երրորդ փուլից հետո մի կերպ ստացանք այդ գլխի ձեռագիրը: Հայոց ցեղասպանության պատմության ձեռագիր տարբերակին ծանոթանալուց հետո մատնանշեցինք 12 վտանգավոր կետեր, որոնք առաջարկեցինք խմբագրակազմին վերանայել հատորը տպագրելուց առաջ:
-Առաջարկություններն ընդունվեցի՞ն:
-Իրենք ասում են, որ ընդունել են, բայց ձեռագիրն ինչ տեսքով կար, այդպես էլ հրատարակել են:
-Ինչո՞ւ չեն արել՝ ըստ Ձեզ:
-Մարդիկ թանգարանի որևէ աշխատանքի հղում չեն տվել, որպեսզի մենք չհիշատակվենք ակադեմիական բազմահատորյակի մեջ: Թանգարանի 200 տպագիր աշխատանքներից համարյա ոչ մի հղում չկա: Իսկ ի՞նչ է սա: Եթե ոչ ներքին ժխտողականությանը նման երևույթ, ապա կարելի է անվանել ուղղակի գավառամտություն:
-Կարծում եք՝ խնդիրն անձնավորվա՞ծ է:
-Այո, որովհետև նրանք չեն ցանկանում, որ թանգարանը որևէ կերպ հիշատակվի: Թանգարանն այսօր միջազգային բարձր հեղինակություն ունեցող հաստատություն է՝ իր կատարած առաքելությամբ, հրատարակություններով, կայքէջով և գիտական անձնակազմով: Ամբողջ աշխարհը մեզ գիտի, մենք ինքնահաստատվելու խնդիր չունենք, ինչը չես ասի հենց նույն Պատմության ինստիտուտի մասին, որտեղ վերջին տասնհինգ տարիները ավելի շատ նման են հարկադիր պարապուրդի՝ հենց միջազգային վարկանիշ ու որակ ունեցող հրատարակություններ չապահովելու տեսանկյունից եթե դիտարկենք: ՀՑԹԻ-ԳԱԱ նախագահություն հակամարտության ակունքները գալիս են Ծիծեռնակաբերդի զբոսայգու հարցում ունեցած իմ սկզբունքային դիրքորոշումից: Ինչպես գիտեք, շուրջ 100 հեկտար կազմող այս կարևոր կանաչ գոտին կցված է ՀՑԹԻ-ին, և մենք խորապես գիտակցում ենք այդ տարածքների կարևորությունը մայրաքաղաքի էկոլոգիական անվտանգության տեսանկյունից: Ակադեմիայի նախագահությունը համառորեն պնդում էր, որպեսզի ես ստորագրեի զբոսայգու տարածքն օտարելու որոշման տակ: Մինչ այդ տեղեկացել էինք, որ զբոսայգու տարածքները վաճառվելու էին և մայրաքաղաքը, փաստորեն, կորցնելու էր շատ կարևոր կանաչ այս գոտին: Իմ այս մերժումը չներվեց, և այդ անհնազանդության համար նույնիսկ փորձեցին իմ դոկտորական ատենախոսությունը տապալել, ու այդպիսի «պատվավոր» առաքելությունը վստահվեց Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին:
-Դա ուղղված է Ձե՞ր, թե՞ թանգարանի դեմ:
-Իմ և թանգարանի դեմ: Անառողջ պայքարը կար Ցեղասպանության 100-րդ տարելիցին, բոլորն ուզում էին երևալ, և չգիտես ինչու, կարծում էին, որ թանգարանը խանգարում է իրենց: Եվ սա այն դեպքում, երբ թանգարանը կոչվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և զբաղվում է իր անմիջական աշխատանքով, գրահրատարակչությամբ, լուսանկարներ տրամադրելով, հիմնական ցուցադրություններով՝ 40 երկրներում ցուցադրություններ ներկայացրեցինք: Մի խոսքով՝ արվեց առավելագույնը, ահռելի ծավալի աշխատանք, որին մենք նախապատրաստվել էին տարիներ շարունակ: Բայց արի ու տես, որ ինչ-ինչ խմբակներ ու խմբակցություններ գտան, որ մենք խանգարում ու խոչընդոտում ենք իրենց համեստ արդյունքը հանրությանը ներկայացնելուն:
-Ինչո՞վ եք խանգարում:
-Հետաքրքիր մի բան ասեմ. 2006-ին շատ համոզեցին ստանձնել տնօրենի պաշտոնը: Երկու անգամ հրաժարվեցի: Պատճառները պարզ էին ինձ համար. նախ մասնագիտացել էի Ղարաբաղյան հակամարտության ուսումնասիրության մեջ, երկրորդ՝ շատ երիտասարդ էի և վարչական աշխատանքի փորձառություն չունեի, երրորդ՝ գիտեի, որ բախվելու եմ նախկին տնօրինության թողած ժառանգության հետ: Սակայն երբ նույն գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղարն ասաց, խնդրում եմ՝ չհրաժարվես, որովհետև խայտառակ ենք լինում, որպես հայ՝ հասկացա, որ անելիք և առաքելություն ունեմ կատարելու: Իհարկե, մինչև վերջ կպնդեի իմ մերժումը, եթե պատկերացում չունենայի, թե ինչ կարելի էր փոխել: Թանգարան հաճախ էի գալիս օտարազգի հյուրերի հետ, որպես պատմաբան՝ տեսնում էի, որ պատմությունը չի կարելի ներկայացնել նման կերպով: Տնօրեն նշանակվելուց բառացիորեն երկու տարի անց նույն անձը ակադեմիայում ինձ հանդիմանում է՝ ասելով, որ շատ ակտիվ եմ աշխատում, անընդhատ ես եմ երևում, ասաց՝ «մի քիչ թուլացրու ակտիվությունդ, որպեսզի մյուս տնօրենները նույնպես երևան»: Սովետական շրջանից մնացած այս մտայնությունը, ցավոք, մինչ օրս տիրապետում է այնտեղ: Չի ներվում կտրուկ վերելքը, առանց արտոնության հաջողությունների արձանագրումը և այլն: Ընդհանուր մոտեցումը սա է, որի արդյունքում էլ ստեղծվում են այսպիսի խայտառակ աշխատանքներ, և քանի որ դրանց հեղինակները վերոնշյալ յուրայինների թվին են պատկանում, ապա պատասխանատվության ենթարկելու փոխարեն կփորձեն կոծկել արատներն ու բացերը և նույնիսկ կարդարացնեն: Հիմա ԳԱԱ նախագահությունը այդ ուղղությամբ է կարծես աշխատում:
Ակադեմիայի հայագիտության ու հումանիտար գիտությունների բաժանմունքը՝ ի դեմս Պատմության ինստիտուտի, տապալել է շատ կարևոր պետական, համահայկական կարևորություն ունեցող հատորների տպագրությունը՝ և՛ տեխնիկական, և՛ մեթոդական, և՛ գաղափարական ու մյուս առումներով: Սա է մեծագույն ցավը, երբ պատմությունն ընկալվում է որպես դեպքերի և դեմքերի մի կույտ: Սա ենք ստանում, բայց իմ պատկերացմամբ սրանք բարձր ճաշակով ու հարուստ պատկերագրությամբ հատորներ պետք է լինեին, որ մեր ամբողջ հնագույն շրջանից սկսած պատմությունը տեսնեինք, այնինչ ներկայացվել է միջին մակարդակից էլ ցածր արդյունք:
-Ձեր կողմից խմբագրված գրախոսականում նշել եք, որ աղաղակող անճշտություններ կան, բազմաբնույթ թերություններ: Մի քանի օրինակ կնշե՞ք:
-Սկսեմ տեխնիկական բնույթի թերությունները մատնանշելուց: Դրանք ուղղակի համատարած են, և, միայն այս համգամանքը նկատի առնելով, ուղղակի կարելի է խոտանել երրորդ հատորի գոնե երկրորդ գիրքը: Սրբագրիչ չի աշխատել հատորը տպագրության հանձնելուց առաջ (ընդհանրապես սրբագրիչի ինստիտուտը մեզ մոտ շատ է կաղում, գրքերը տպվում են առանց սրբագրման, չեմ ուզում ասել, որ մենք անսխալական ենք, բայց մենք վճարում ենք, գալիս սրբագրում են): Դա նաև հատորների պատասխանատու-խմբագրի՝ այն է Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի կոպիտ սխալն է, ով զլացել է տպագրությունից առաջ ևս մեկ անգամ ստուգել հատորի ազդանշանային կամ տպագրության պատրաստ տարբերակը:
Եթե սա իսկապես Հայաստանի և հայ ժողովրդի ազգային պատմություն է, ապա պետք է ունենար փառահեղ դիզայն, որ ցանկացած հայ այդ գիրքը վերցնելիս սարսռար ու խորը ակնածանք տածելով հասկանար, որ սա հնագույն ազգերից մեկի պատմությունն է ակադեմիական տեսքով ներկայացված: Ի՞նչ ենք տեսնում. հատորներն անհնարին է կարդալ, տառաչափը փոքր է: Այսպիսի որակով ու դիզայնով գրքեր տպագրում էին 1960-70-ականներին: Հատորները պատրաստվել են մարքսիստական հնամաշ մոտեցումներով ու մեթոդներով. սկսում են խոսել, թե քանի տոննա թուջ են հալեցրել, քանի դույլ գինի են արտադրել: Բովանդակությունը հիշեցնում է բրեժնևյան ճապաղ, տաղտուկ, սովետական դասագրքերը: Եվ ամենասարսափելին այն է, որ խմբագրակազմի նույն մարդիկ, պետությունից դրամ ստանալով, դպրոցական դասագիրք են գրում: Երեխաները տանջվում են, այդքան տասնյակ անուններ ու թվականներ հիշելով, որոնց զգալի մասը դպրոցականի համար այնքան էլ կարևոր չէ մտապահել կամ հիշել...
Այս մարդկանց ընկալմամբ՝ պատմությունը մասկուլին է, այսինքն՝ տղամարդակենտրոն է, ո՞ւր է հայ կինը պատմության մեջ, օրինակ, այդ դարաշրջանում կինն ի՞նչ դեր է կատարել, ֆեմինիստական ի՞նչ շարժում է եղել: Ժամանակաշրջանի հոգեբանական ընկալումը չկա, որովհետև մարքսիզմ է, դասակարգային պայքար և այլն: Պատմությունը մարդակերպ չէ, մասնավոր պատմություններ չկան, թե մարդիկ ինչ էին ուտում, ինչպես էին ապրում, ինչով էին հիվանդանում, տարերային աղետները որքանով էին ներազդում պատմական գործընթացի վրա, չոր-ցամաք դեպքերի, դեմքերի հաջորդականություն է: Պատմությունը նորից շարվել է հին, փտած առանցքի շուրջ: Ի դեպ, օրեր առաջ Պատմության ինստիտուտի տասնվեց ակադեմիկոսներ ու գիտության դոկտորներ, պատասխանելով մեր գրախոսականին, այս դիտարկման համար մեղադրեցին ՀՑԹԻ գիտխորհրդի անդամներին՝ մեզ անվանելով «կնամեծարներ»: Եվս մեկ կարևոր ցուցիչ այնտեղ տիրող բարքերի ու մակարդակների մասին:
Որպես աղբյուրագիտություն հիմնականում օգտագործվել է 1960-70 ականների գրականություն: Պատկերացնո՞ւմ եք, թե տարբեր լեզուներով հրատարակված ինչքան գիրք կա հենց նույն Ցեղասպանության մասին, բայց իրենք գերադասել են «Ռեգնում» գործակալության երկու նյութի հղում անել:
Եթե պատմական քարտեզ ես տպում, պետք է տպես նույնությամբ՝ այլ միջամտություններ այլ գրքից այլ վերնագրով չի կարելի թույլ տալ: Ստացվել է խառնիճաղանջ քարտեզագրական սխալներով ու կրկնություններով լի պատկերագրություն:
Մի էջում մարդու ազգանունը երկու տարբեր ձևով է գրվել, կամ ո՞նց կարող է երեք ֆ-ով հայերեն բառ լինի (մի էջի վրա՝ 4 տեղում): Ռուսերեն բոլոր տեքստերը հիերոգլիֆներով են տպվել: Դա թափթփվածության ու փնթիության գլուխգործոց է, տպարան հանձնելուց հետո շարվածքը չեն նայել, մինչդեռ դա պարտադիր պայման է ցանկացած գիտական հաստատության համար:
![]() |
![]() |
Մեծացնելու համար սեղմեք նկարների վրա |
Մեջբերում. «Նշանավոր երգահան Կոմիտասը, բռնագաղթի ժամանակ ականատես լինելով դժոխային տառապանքներին, կորցնում է բանականությունը»: Սա խայտառակություն է, կոմիտասագետներն արդեն բողոքել են սրա համար, Կոմիտասը երբևէ չի տեսել բռնագաղթի, սպանության տեսարան, աքսորից հետո վերադարձել է: Շատերը կարծում են, որ այդ տեսարանները տեսել ու գժվել է, այդ նկարը կա, չէ՞: Սրանք արխետիպային սխալ ընկալումներ են: Ի դեպ, այս տարի մամուլում հայտնվեց մի տեղեկություն, թե ինչպես է ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը կեղծել Կոմիտասի կենսագրականն ու շինծու մի հատորի պատրաստմանը մասնակցել:
Եղեռնի մասին գլուխը չի գրվել որևէ մեթոդաբանական հիմքով, դեպքերի ժամանակագրությունը հետուառաջ է, օրացույցը հին ու նոր տոմարով է, բաց է թողնվել Եղեռնի մասին հսկայական պատմության մի հատված՝ հումանիտար օգնությունը: Արժե, չէ՞, գրել հազարից ավելի հայ փրկած մարդկանց մասին, հիմնականում կանայք են ռիսկի դիմել՝ փրկելով հազարավոր երեխաների, կանանց:
1912-ին համայն հայությունն առաջին հոբելյաններից մեկը նշվեց՝ տպագրության 400, տառերի գյուտի՝ 1500-ամյակը: Այդ մասին ոչ մի տող չկա:
Պարզվում է՝ մեզ մոտ մարզական կյանքը սկսվել է սովետական շրջանից, երբ սովետական մարզական առաջին ակումբները ստեղծվեցին: Ինչո՞ւ չեն անդրադարձել հայկական մարզական կյանքի ակունքներին, մի պարզ պատճառով. որպեսզի հղում չտան, առանձին մենագրություն ունեմ այդ մասին: Մեկ այլ տեղ տեսնում ենք ակնհայտ գրագողության օրինակ՝ «Հայկական ազգային խորհրդանշանները», վերցրել են նյութեր, սակայն որևէ հղում չկա այդ գրքին (Հ. Դեմոյանի աշխատությունն է- հեղ.):
Առաջին համաշխարհային պատերազմին 1 տարի տևած կամավորական շարժման մասին 16 լուսանկար են տեղադրել, իսկ Մեծ եղեռնի մասին՝ ընդամենը 9 լուսանկար:
Երբ խորհրդային շրջանում տպագրված 8-հատորյակի մեջ Լոբանով-Ռոստովսկու հայտնի արտահայտությունը կար՝ «Հայաստանը մեզ պետք է առանց հայերի», այս հատորից հանել են այդ տողը: Ժամանակակից երանգներ եմ նկատում, սրանք արհեստական ներխուժումներ են պատմագիտության մեջ: Երևի 80-ն անց մեկը պնդել է, որ հիմա ճիշտ է վերադառնանք այն ֆրազներին, որ 60-70 ականներին օգտագործում էինք: Իմ պատկերացմամբ՝ դա կեղծարարություն է, սելեկտիվ մոտեցում աղբյուրներին: Պատմություն գրելը դարձել է սպիտակ թուղթն ինչ-որ տեքստերով լցնելու կարողություն: Այսինքն՝ ինչ էլ գրենք, մեկ է՝ որպես պատմություն է ընկալվելու: Այնինչ այսպիսի մակարդակի հրատարակության մեջ ամեն մի նախադասությունը պետք է ստուգված ու հավասարակշռված լիներ:
-Ձեր գրախոսականը քննարկվելո՞ւ է ակադեմիայում:
-Մարտի 16-ին քննարկում է նշանակվել: Նախ ստեղծվել է հանձնաժողով, որն իր կարծիքը պետք է ներկայացնի գիտության պետական կոմիտեին (վերջինս առաջարկել էր ստեղծել հանձնաժողով, որովհետև իրենք են ֆինանսավորել հատորները): Հանձնաժողովի համակարգողը Ռուբեն Սաֆրաստյանն է: Առաջին ժողովը եղել է, մեզնից ներկա էր ՀՑԹԻ գիտական գծով փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Փորձեր են կատարել երկրորդական հարցերին ուշադրություն դարձնել՝ ասելով, թե գրախոսականի մեջ վիրավորական բաներ կան, այսինքն՝ բուն նյութից շեղելու փորձեր են եղել: Առաջին նիստից հետո առանձնապես ոգևորված չենք: Առաջին հերթին պահանջելու ենք գնահատական տալ: Պատմության ինստիտուտի տնօրենն աջուձախ այս հատորները որպես նվերներ է տալիս: Ի՞նչ է, պիտի հանդուրժե՞նք, որ ապագա սերունդներին այս խեղկատակությամբ պատմություն սովորեն: Ֆինանսական վնասից բացի՝ հեղինակները պետք է պատասխանատվություն կրեն մեր ազգային պատմությունն ու հիշողությունն այս կերպ վարկաբեկելու համար:
Մեծացնելու համար սեղմեք նկարի վրա
Ամսի 16-ին տնօրեն Աշոտ Մելքոնյանը զեկույցով պետք է հանդես գա: Ցնցող երկխոսություն տեղի ունեցավ բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի հետ, ասում եմ՝ քանի որ գրախոսականի խմբագիրն եմ, իրավունք ունեմ հարակից զեկույց ունենալու: Սուվարյանը պատասխանում է, որ կոնֆլիկտային իրավիճակ, տհաճ մթնոլորտ կստեղծվի, ասում եմ՝ գիտության մեջ չկա այդպիսի բան, գիտական ճշմարտությունը ծնվում է բանավեճից, միևնույն է՝ փորձում են համոզել, որպեսզի միակողմանի արդարացման ելույթ ապահովվի: Սա այն դեպքն է, որ մենք շարունակաբար ու հետևողական կերպով ուշադրության կենտրոնում ենք պահելու բոլոր զարգացումներն ու գնահատականները: Հարցի գինը և դրա հետևանքները, կարելի է ասել, բախտորոշ են, ինչ-որ տեղ՝ նաև ճակատագրական:
-Եվ հանդես գալո՞ւ եք:
-Գնալու եմ և հանդես եմ գալու: Ոչ ոք չի կարող զրկել ինձ ձայնից:
-Նամակ եք գրել Սերժ Սարգսյանին, Կարեն Կարապետյանին, Լևոն Մկրտչյանին, Ռադիկ Մարտիրոսյանին: Որևէ մեկից պատասխան ստացե՞լ եք:
-Այս պահին որևէ մեկից պատասխան չենք ստացել, միայն գիտկոմի կողմից արձագանք կա՝ ակադեմիայում ստեղծել հանձնաժողով և քննարկել հարցը:
Կարծում եմ՝ սա երկրորդական, երրորդական հարց չէ: Սա համարում եմ թիվ մեկ հիմնախնդիր, եթե մենք մեր պատմությունն այսպես ենք ներկայացնում, ներկան ինչքան հնարավոր է կեղծում ենք, ապա տեղ չենք թողնում ապագայի համար: Սա արդեն մեծ վտանգ պարունակող բանաձևում է: Եթե մեր պատմությունը կեղծարարությամբ ու այլանդակությամբ ենք ներկայացնում, ուրեմն, լրջորեն վտանգելու ենք սերունդների ապագան ու անցյալի նրանց ընկալումները:
-Ի դեպ, բազմահատորյակից քանի՞ գիրք է տպագրվել:
-Որպես միավոր տպվել է 5 գիրք, 8-ից 5-ը. առաջին հատորի 1-ին ու 2-րդ գրքերը չեն տպվել և երկրորդի 1-ին գիրքը:
-Ո՞րն է Ձեր առաջարկը Պատմության ինստիտուտին:
-Իմ առաջարկը շատ սթափ է և ակադեմիական մոտեցմանը հարիր. պատմության ցանկացած ժամանակափուլ պետք է գրվի տվյալ հաստատության կամ մասնագիտական խմբի կողմից, գոնե մեծ մասը: Մեր կազմած գրախոսությունն ունի արդեն դրական մի հետևանք: Ակադեմիայի նախագահությունը որոշել է բազմահատորյակի առաջին հատորի երկու գրքերի պատրաստումը հանձնարարել Հնագիտության ու ազգագրության ինստիտուտին, քանի որ ակնհայտ է դարձել, որ Պատմության ինստիտուտը հաստատապես այն կտապալի: 10 տարուց ավելի է, ինչ առաջին հատորը չի տպվում, քանի որ հայ ժողովրդի ազգածագման մասին Աշոտ Մելքոնյանն այլ կարծիքներ ունի, իսկ հնագետները՝ բոլորովին այլ: Սա վարչարարություն է կոչվում, այլ ոչ թե ակադեմիական մոտեցում:
Երկրորդ. երրորդ հատորի 2-րդ գիրքը պարտադիր պետք է խոտանվի և շրջանառությունից հանվի: Պետական բյուջեից գումար ստացող թանգարան-ինստիուտին հնարավորություն տալ մասնակցել գրքի հրատարակմանը: Մենք այդ աշխատանքը կիրականացնենք առանց հավելյալ վճարի՝ դիտարկելով այն որպես կարևոր առաջադրանք ու առաքելության:
Պետք է ընդարձակել հատորների հեղինակային խմբագրակազմը, և քանի որ սա համահայկական հրատարակություն է, ոչ թե Պատմության ինստիտուտինը, անհրաժեշտ է ընդգրկել նաև սփյուռքահայ մասնագետներին:
Երրորդ. մեզանում չաշխատող մի կարևոր սկզբունք կա՝ ո՞րն է պատիժը կամ պատասխանատվության կանչելը նման դեպքում: Ակադեմիան պիտի որոշի՝ ինչպե՞ս պատասխանատվության կանչել նման փնթի աշխատանք ներկայացրած անձանց, ովքեր ոչ միայն նյութական, այլև բարոյական մեծ վնաս են հասցրել: Անհրաժեշտ է սթափվել ու զգաստանալ, այլապես գիտությունը վերածելու են կատարյալ ճահճի:
-Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ հնարավոր հայտարարի կամ համաձայնության կգաք:
-Ես պահանջող-թելադրող չեմ, որպես ակադեմիական ինստիտուտի տնօրեն և որպես գիտությունների դոկտոր՝ իմ անելիքն արել եմ, պատրաստել ենք գրախոսական՝ ի գիտություն: Նաև քաղաքական որոշում պետք է լինի, հենց այդ նպատակով է, որ նամակներ են ուղղվել հանրապետության առաջին դեմքերին ու ոլորտի պատասխանատուներին: Այստեղ սերունդների դաստիարակության հարց կա, ապագա սերնդի պատմաբանների պատրաստման ու մասնագիտացման հարց: Իրավունք չունենք նրանց հրամցնել կեղծարարություն, ընտրովի մոտեցում, հին մեթոդաբանություն, սովետական պատմագիտության ավանդույթներ իր աղբյուրագիտությամբ և մեթոդներով: Առաջ գնալու, նորը ցույց տալու փոխարեն՝ հետ ենք գնում:
Մեկնաբանություններ (47)
Մեկնաբանել