
Թարախակալում ունեցող կալանավորը կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց»
«Սասնա Ծռեր» խմբի անդամ, 7 ամիս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող 30-ամյա Արթուր Սողոմոնյանն, ում մոտ դեռևս անցյալ տարվա օգոստոսի 16-ին ախտորոշվել է Ֆուրունկուլյոզ հիվանդությունը, մոտ օրերս կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այս մասին «Հետք»-ին հայտնեցին Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից` տեղեկացնելով, որ թույլտվությունն արդեն կա:
Մինչ այդ Արթուր Սողոմոնյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը մեզ է փոխանցել «Նուբարաշեն» ՔԿՀ պետի պատասխան գրությունը, որտեղ նշված է` փետրվարի 24-ին Արթուր Սողոմոնյանի հարցը ներկայացվել է ԲԱՀԻ նիստին` նրա բուժման հետագա կարգը որոշելու նպատակով, խնդրվել է կարգագիր նրա հետագա բուժումը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կազմակերպելու համար:
Փաստաբան Շուշանյանը փետրվարի 28-ին դարձյալ չորս հասցեատերերի ուղղված (ՔԿՎ պետ, «Նուբարաշեն» ՔԿՀ պետ, Արդարադատության նախարար և ՄԻ պաշտպան) դիմում էր ուղարկել, որում բարձրացրել էր մի շարք հարցեր, այդ թվում և կրկին շեշտել «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու անհրաժեշտության մասին:
«Պաշտպանյալիս նկատմամբ ամենօրյա բժշկական հսկողության սահմանումը, պատշաճ բուժօգնության տրամադրումը և սանիտարահիգիենիկ պայմանների ու հատուկ սննդակարգի ապահովումը հնարավոր կլինեն միայն հիվանդանոցային պայմաններում։ Այս կապակցությամբ պաշտպանյալիս «Դատապարտյալների
հիվանդանոց» ՔԿՀ կամ առնվազն «Նուբարաշեն» ՔԿՀ բուժմաս տեղափոխելու անհրաժեշտության մասին 12/12/2016թ․-ի դիմումիս մեջ ներկայացված պահանջը այդպես էլ մնացել է անհետևանք»,- նշված է Մուշեղ Շուշանյանի դիմումում։
Փաստաբանի դիտարկմամբ, իր պաշտպանյալին վաղուց պետք է տեղափոխեին «Դատապարտյալների հիվանդանոց», դեռ 7 ամիս առաջ, երբ ախտորոշվել էր մաշկային հիվանդությունը:
«Հիմա ինչ արվում է, մեծ ուշացումով է արվում, այսինքն` պետական մարմինն իր պարտականությունն ուշացումով կատարում` մեր մեծ ջանքերից հետո, թեպետ առանց դիմումների նույնիսկ սեփական նախաձեռնությամբ պետք է կատարեր: Բայց տեղափոխումն ինքնին չի կարող երաշխիք հանդիսանալ, որ պատշաճ բուժօգնություն կազմակերպվելու է: Ցանկանում եմ հուսալ, որ բոլոր անհրաժեշտ միջոցառումները կարվեն, և Արթուր Սողոմոնյանը կբուժվի»,- «Հետքին» ասաց Մուշեղ Շուշանյանը:
Հիշեցնենք, որ «Հետքն» անդրադարձել է Արթուր Սողոմոնյանի հիվանդությանը` ներկայացնելով նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի և ՔԿՎ-ի պատասխան գրությունները:
Ֆուրունկուլյոզը լատիներեն furunculus բառից է, որը նշանակում է «չիբան»: Այն թարախային, ստաֆիլոկոկային մաշկային հիվանդություն է: Լինում է սուր և քրոնիկ, տեղային ու տարածված: Մարմնի տարբեր մասերում, հիմնականում` մազածածկույթի տակ զարգանում են թարախային բշտեր: Հիվանդության պատճառները տարբեր են` թուլացած իմունիտետով օրգանիզմից մինչև վիտամինների պակաս, սննդակարգ ու միկրոտրավմաներ: Ցուցված է հակաբիոտիկային, հակաբորբոքային բուժում, ուլտրաձայնային թերապիա, դիետա, անհրաժեշտ է պարբերաբար փոխել անկողնային պարագաները, ծայրաստիճան ուշադիր լինել հիգիենայի հարցերում: Չի կարելի ինքնուրույն սեղմել բշտերը, այն կարող է բերել բարդացումների` ընդհուպ մինչև արյան վարակման:
Հ.Գ. Փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ Արթուր Սողոմոնյանը համաձայնություն տվել է` իր հիվանդության վերաբերյալ հանրությանը իրազեկելու հարցում:
Լուսանկարը` Արթուր Սողոմոնյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել