
«Վալլեքսը» պարզաբանում է
Hetq.am ինտերնետային կայքում 04.12.2011 թ. տեղակայվել է «Բացառիկ գերակա շահը դատարկում է սահմանամերձ գոտիները» վերնագրով տեղեկատվություն, որում կա հղում «Ար» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծրագրի դեկտեմբերի 2-ի թողարկման շրջանակներում «Հանքավանում կշահագործվի նոր հանք» խորագրով ռեպորտաժի տեսանյութին, և տրվում է հետևյալ մեկնաբանությունը. ««Vallex»-ի հագուստով տղաները մսաղացով կանցկացնեն Հանքավանի սարերը` փոխելով գետերի հուները, Կոտայքի մարզի առողջարանային վայրերը կվերածեն աղետյալ գոտու»:
«Ար» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծրագրի դեկտեմբերի 2-ի թողարկման շրջանակներում «Հանքավանում կշահագործվի նոր հանք» խորագրով ռեպորտաժում (հեղ.՝ Մկրտիչ Իսրայելյան) ցուցադրվել են երկրաբանահետախուզական աշխատանքների կադրեր, որոնցում ներգրավված աշխատակիցներից մեկը լրագրողին ներկայանում է «Vallex Mining» գրառմամբ արտահագուստով: Նույն ռեպորտաժի շրջանակներում «Vallex Mining» գրառմամբ արտահագուստով անձը հայտարարում է, որ «Վալլեքս Մայնինգ» ընկերությունը չի ներկայացնում, նշվում է նաև, որ ռեպորտաժի հեղինակին ՀՀ բնապահպանության նախարարությունից տեղեկացրել են, որ տվյալ տարածքում աշխատանքներ է իրականացնում այլ ընկերություն: Չնայած դրան՝ վերոհիշյալ ռեպորտաժը պատճառ է դարձել տարբեր թյուրըմբռնումների, որոնց հետագա տարածումը կանխելու համար սույնով տեղեկացնում ենք.
«Վալլեքս» խմբի որևէ ընկերություն, ներառյալ՝ «Վալլեքս Մայնինգ» ՍՊ ընկերությունը չի իրականացնում ընդերքի շահագործմանն առնչվող որևէ գործունեություն ՀՀ Կոտայքի մարզում ընդհանրապես և մասնավորապես՝ ՀՀ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի վարչական տարածքներում: «Վալլեքս Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ֆիրմային ատրիբուտներով արտահագուստի օգտագործումն այլ ընկերության աշխատողների կողմից «Վալլեքս Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մտավոր սեփականության և գույքային-հեղինակային իրավունքների խախտում է: «Վալլեքս» խմբի ընկերությունները հետամուտ կլինեն վերոնշյալ ռեպորտաժում արձանագրված փաստի պատշաճ հետաքննությանը, իրավախախտման հայտնաբերման դեպքում դրա հետևանքների վերացմանը:
Հարգանքներով՝
«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Մեկնաբանել