
Մսի թանկացման դեմ պետությունը լծակներ չունի
Հայաստան տարեկան ներմուծվում է ավելի քան 30 հազար տոննա թռչնամիս, իսկ տեղում արտադրվում է շուրջ 10 հազար տոննա:
Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայրենական ապրանքարտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նա նշեց, որ հաճախ տեղական արտադրողները բողոքում են և պահանջում, որ տարվի ավելի ճկուն հարկային քաղաքականություն, որի արդյունքում պետք է կրճատվի ներմուծումը: Այդպիսով կխթանվի տեղական արտադրությունը, ինչպես նաև հավի կերի արտադրությունը: Բացի այդ` թռչնամիսը հաճախ ներմուծվում է Բրազիլիայից կամ այլ հեռու երկրներից: Ճիշտ է` դրանք ավելի էժան են, սակայն այստեղ արդեն առաջանում է որակի խնդիր:
Վ. Սաֆարյանը նաև նշեց, որ կա խնդիր ներմուծված թռչնամսերի հալեցման հետ կապված, որը նախօրոք ներկրում են և փորձում որպես թարմ վաճառել:
Իսկ Ամանորի նախաշեմին միս արտադրողները, օգտվելով առիթից, որ հայերը սիրում են ամանորի սեղանին ունենալ միս, դիտավորյալ թանկացնում են մսի գինը: Սակայն Վ. Սաֆարյանի խոսքերով` պետությունը չունի համապատասխան լծակներ` այդ ոլորտը կարգավորելու:
Շուկայական մարկետինգի մասնագետ Մ. Եփրեմյանը նշեց, որ ավելացել է հավկիթի արտադրությունը, և հավկիթի ներկրման նախադրյալներ են ստեղծվել: Եփրեմյանը բացառում է, որ Ամանորի նախաշեմին կլինի խուճապ` կապված հավկիթի հետ: Ըստ նրա` ոչ պաշտոնական տվյալներով կա մոտ 5 մլն հավկիթի պահեստավորում: Հավկիթի պահանջարկը հաշվվում է մոտ 60-70 մլն երկու ամսվա համար, դեկտեմբերի համար` 35 մլն, դրան գումարած կլինի 5 մլն լրացուցիչ ներմուծում: Եփրեմյանի կարծիքով` անցած տարի հավկիթի խուճապ չկար, այլ հասարակությունն էր դա ստեղծել:
Վ. Սաֆարյանը, անդրադառանալով ընդհանուր արտահանման ծավալներին, նշեց, որ այն դեռևս ունի բացասական համակշիռ: Անցած տարի արտահանումը եղել է ավելի քան 1 մլրդ դոլար, իսկ ներմուծումը` 3.75 մլրդ: Նախատեսվում է խթանել արտահանումը, մասնավորապես` կոնյակագործությունը: Վերջինիս արտահանումն անցած տարի կազմել է 95 մլն դոլար, որը 2020 թ.-ին պետք է հասցվի 180 մլն-ի: Պետք է գտնել նոր շուկաներ և կոնյակը արտահանել նաև Չինաստան ու այլ երկրներ: Վ. Սաֆարյանի խոսքերով` պետությունը պետք է վարկավորման ճկուն քաղաքականություն տանի: Բացի այդ` ազգային դրամը պետք է արժեզրկվի դոլարի նկատմամբ, որպեսզի խթանվի արտահանումը:
Մեկնաբանել