
Դիլիջանի ուսումնական կենտրոնը կփոխանցվի ՊՆ-ին
Դիլիջանի ուսումնական կենտրոնը պետական գույքի կառավարման վարչությունից հետ կվերցվի և կփոխանցվի պաշտպանության նախարարությանը։ Կառավարությանն այս առաջարկը այսօր ներկայացրեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Ուսումնական կենտրոնում կտեղակայվի «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան»-ը։ Ինչպես ասվում է որոշման նախագծում՝ կառավարության դեկտեմբերի 29-ի որոշմամբ վարժարանը նաև պետք է իրականացնի «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների կրթական ծրագիրը, այդ պատճառով առավել նպատակահարմար է կրթահամալիրից տեղափոխված սաների և վարժարանի սաների հետ տարվող ռազմաուսումնական գործունեությունը կազմակերպել Դիլիջանի ուսումնական կենտրոնում։
Ի դեպ, այս ուսումնական կենտրոնը ՊԵԿ-ից հետ էր վերցվել և 2016 թվականի նոյեմբերի 10-ին փոխանցվել էր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը։ Որպես հիմնավորում նշվել էր, որ աննպատակահարմար է պետական եկամուտների կոմիտեի կողմից Դիլիջանի ուսումնական կենտրոնի շահագործումը։
Հիշեցնենք, որ այս կենտրոնի կառուցումը սկսվել էր ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին: 2011-2016 թվականների ընթացքում Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքների, ինչպես նաև ձեռք բերված գույքի և վարչական սարքավորումների համար պետական բյուջեից ծախսվել է մոտ 16 միլիարդ դրամ:
Լուսանկարը՝ Մեդիամաքսի
Մեկնաբանել