HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Վահան Իշխանյան․ «Խնդրեմ, ինչքան կուզեք ատեք՝ ես ռուսուլման եմ»

Մարտի 7-ին «Իլիկ» սրճարանում տեղի ունեցավ Վահան Իշխանյանի «Ռուսուլմանի նոթեր» (փորձագրություններ) գրքի շնորհանդեսը։

«2002թ․-ից սկսած՝ հիմնականում գրել եմ օնլայն պարբերականներումդրանցից երկուսը (tert.am, zham.am) արխիվները չեն պահպանել,որը հարգալից վերաբերմունք չի լրագրողի և ինքդ քո լրատվամիջոցի հանդեպ։ Ու քանի որ երկար ժամանակ չէի աշխատում, նկատեցի, որ ես ուղղակի գոյություն չունեմ. եթե վիրտուալ աշխարհում քո գրածները վերանում են, ջնջվում է գործունեությունդ։ Ու մտահղացա մի գիրք հրատարակել, որտեղ ի մի կբերեմ վերջին տարիների իմ մտահոգություններն ու էն նյութերը, որոնց վրա ավելի շատ եմ աշխատել»,- բացման խոսքում նշեց Իշխանյանը։

Վահանի հետ զրուցեցինք գրքում ամբողջացրած փորձագրությունների մասին։

-Վահան, «ռուսուլման» բառը ես էլ google համակարգում որոնեցի, ու առաջինն աչքս ընկավ granish.org-ի «Այլերեն» (հայերեն սայթաքումների բառարան) խորագրի տակ տեղ գտած բացատրությունը«(ռուս + մուսուլման) Հայաստանի և այլ հետսովետական շարքային երկրների ոխերիմ բարեկամ  Ռուսաստանում գերակա ռազմականացված իմպերիալիստական շովինիզմով ախտահարված քաղաքական տարր, որը «ռազմավարական դաշնակցություն» խոստումնալից փաթեթավորման տակ մուտք է ստանում տվյալ երկրի անվտանգության համակարգ՝ այն ներսից քայքայելու և իրեն ստորադաս դարձնելու համար»:
«Ռուսուլմանի նոթերը» (որպես «ռուսուլմանի» անունից  հանդես եկող) այս բացատրության վերաիմաստավորմա՞ն հետ ես կապում։

-Այլատյացությունը միշտ անվտանգության անունից է խոսում․ հոմոֆոբներն ասում են՝ միասեռականները սպառնում են անվտանգությանը, հակասեմիտները հրեաներին են սպառնալիք դարձնում: Ցավալին այն է, որ գրական հանդեսն է տրվում այդ գայթակղությանը: Չեմ պատկերացնում, թե մի ռուսական գրական կայք այսպես բացատրեր «Առմյաշկա» կամ «Խաչիկ» բառերը:

Միաբևեռ աշխարհում միջազգային կապիտալը հետևողականորեն վերացնում է այն երկրները, որոնք անկախ քաղաքականություն են տանում, չեն ենթարկվում համաշխարհային շուկայի կանոններին: Այդպես վերացրեցին Իրաքը, Լիբիան, ավիրեցին Սիրիան, բայց դեռևս մնացել են մի քանի երկրներ՝ Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը: Ինչպես տեսնում եք, հիմա կրկին ԱՄՆ-ն սրել է հարաբերությունները Իրանի դեմ:

Ռուսաստանն էլ թուլացած, բայց իր ինքնուրույնությունը պահող մի երկիր է, որ դիմադրում է այդ միջազգային կապիտալիզմի (կամ, ինչպես ասում են վերլուծաբանները, ոսկե եռյակի՝ ԱՄՆ, Եվրամիություն, Ճապոնիա) դոմինանտությանը: Իսկ հզորներին դիմադրությունը չի ներվում․ արդյունքում Արևմուտքը աշխատեցնում է հզոր հակառուսական պրոպագանդա, որտեղ Ռուսաստանի այդ դիմադրությունը ներկայացվում է այնպես, թե իբր  ցանկանում է վերականգնել Սովետական կայսրությունը և նման բաներ, իսկ եթե համաձայն չես, քեզ կորակեն որպես իմպերիալիստական շովինիզմով ախտահարված մեկի:

Չկա այդպիսի բան․ Ռուսաստանը ոչ ներուժ ունի, ոչ գաղափարախոսություն կայսրություն վերականգնելու։ Ռուսաստանն էլ Արևմուտքի պես լիբերալ երկիր է՝ ռեսուրսների շնորհիվ ոտքի վրա մնացող: Սովետը և Ռուսաստանը տարբեր երկրներ էին, տարբեր գաղափարախոսություններով, և ուղղակի անհնար է վերականգնել Սովետական միությունը: Բայց հենց Ռուսաստանը փորձում է իր շահերը պաշտպանել, ասենք՝ Ուկրաինայում, ուր 15 մլն ռուսերեն կրող բնակչություն կա, անունը դնում են՝ վերականգնում է կայսրությունը:

Կհարցնեի այդպես պնդողներին՝ երբ Հայաստանը պաշտպանում է Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, մի՞թե կայսերականություն է:

Ուրեմն, «Գրանիշի» բացատրությունը տեռոր է, տեռոր, որ եթե հանկարծ մարդիկ Ռուսաստանի վերաբերյալ այլ կարծիք ունենան, ասեն ՝ ախտահարված տարր:

Ի դեպ, «Գրանիշը» վրիպում է․ «Ռուսուլման» բառը հետսովետական երկրներից միայն  հայ իրականության մեջ է օգտագործվում, չեք կարող պատկերացնել, որ ղրղզները կամ ուզբեկները ռուսուլմանը որպես վիրավորանք օգտագործեն, քանի որ իրենք մուսուլման են:

Ռուսուլման բառի մեջ արտահայտված է մի ամբողջ այլատյաց մտայնություն՝ ատելություն մի կրոնի՝ մուսուլմանների և մի ազգի՝ ռուսների նկատմամբ: Այդ ատելությունն էլ ստեղծել է կապիտալիզմը, իր առաջացրած աղետների համար կեղծ թիրախներ է ստեղծում։

Տեսե՛ք, ԱՄՆ-ն ավերեց բազմաթիվ երկրներ․ միայն Օբաման յոթ երկիր է ռմբակոծել, այդ քաոսի մեջ առաջացան իսլամական ծայրահեղ խմբեր, և այդ աղետալի վիճակի համար ԱՄՆ-ն, չկարողանալով ինքն իրեն քննադատել, թիրախ էր դարձրել Ռուսաստանը, իսկ նոր նախագահը՝ Թրամփը, թիրախ է դարձրել մուսուլմաններին: Նաև,  հակաիսլամիզմը Իրանին ճնշելու միջոց է:

Միջազգային կապիտալիզմի մյուս թիրախը ռուսներն են: Ուրեմն, ռուսուլման բառը հայ իրականության մեջ արևմտյան այլատյացության պրոպագանդայի արդյունքն է:

Վերջերս Օքսֆամը տվյալներ էր հրապարակել, որ աշխարհի ութ ամենահարուստ մարդիկ այնքան հարստություն ունեն, ինչքան աշխարհի բնակչության կեսը: Աշխարհի մեծ մասը՝ մոտ 80%-ը, աղքատության մեջ է՝ հիվանդություններ, մահեր, իսկ մյուս 20%-ը բարեկեցիկ ապրում է այս մյուս աշխարհի ռեսուրսների հաշվին:

Նույնիսկ Համաշխարհային տնտեսական ֆորումն է խոստովանել, որ տնտեսական անհավասարությունը լուրջ սպառնալիք է մարդկությանը: Ո՞վ է մեղավոր՝ մուսուլմաննե՞րը, ռուսնե՞րը․․․ Իհարկե ոչ, տեսեք, թե ովքեր են այդ հարուստները կամ այդ 20%-ը որ երկրներն են, ու կիմանաք, թե ով է մեղավորը:

Հետևաբար, ինքս վերցնում եմ այդ անունը ինձ վրա՝ խնդրեմ, ինչքան կուզեք ատեք՝ ես ռուսուլման եմ:  

-Գրքում տեղ գտած «Ռուսաֆոբիայի վտանգները» անցյալ տարի բավականին ծավալուն քննարկման եւ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Գրում ես, որ «հայ ռուսաֆոբները հինգ խմբի են բաժանվում»կարճ ասած՝ ավանդականներ, արտագաղթածներ, ՀՀՇ-ի վերնախավ, արմատական ազգայնականներ, նոր առաջացած ռուսաֆոբներ, ովքեր ֆինանսավորվում են տարբեր ուժերի կողմից եւ հասարակական կարծիք ձեւավորում։

Իմ ընկերներից մեկը թունդ ռուսաֆոբ է, ազգայնական չի ու իմ սերնդակիցն է (անկախության հասակակից)։ Արդյո՞ք բացի քաղաքական ու «գնված» շարժառիթները, այլ տարբերակներ չկան։ Այդ դեպքում քո դիրքորոշումը կարող է ընկալվել այն իմաստով, որ նույն կերպ դու ես ֆինանսավորվում պրոռուսական ուժերի կողմից։

-Ընկալվելով չի, փաստերով է, այդպես մի «ընկալողի» դատի եմ տվել, դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումս ընդդեմ «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» մի աշխատակցի, ով ֆեյսբուքում գրել էր, թե ես «կգբ-իշնիկ» եմ: Այդ հասարակական կազմակերպությունը ֆինանսավորում է ամերիկյան «NED» ֆոնդը, որը հայտնի է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության հետ առնչություններով (բազմաթիվ հոդվածներ կան այդ մասին, խնդրեմ, կարող եք ծանոթանալ դրանցից մեկին՝ հայտնի լրագրող Ռոբերտ Պերիի այս հոդվածին, թե ինչպես է ԿՀՎ-ն 1983թ․-ին ստեղծել «NED»-ը):

Դու փորձում ես փաստարկներով միտք ձևակերպել, սակայն բանավեճի փոխարեն քեզ հայհոյանքով ու զրպարտությամբ են պատասխանում: Մեկ, երկու, երեք, հասկացա, որ հայացքներդ պաշտպանելու համար պետք է նաև դատի տալ զրպարտիչներին: 

Ինքս էս պահին գործազուրկ եմ, գիրքը տպագրվել է սփյուռքահայ բարեկամուհուս ֆինանսավորմամբ (նա չցանկացավ անունը հրապարակել, բայց եթե կուզեք բարերարիս հարցեր տալ, էլ․ փոստը կարող եմ տալ): Մինչև հիմա երբեք որևէ ռուսական կազմակերպությունից գումար չեմ ստացել: Իսկ ռուսաֆոբների հիմնական մասը, ամենաակտիվներից շատերը արևմտյան ֆոնդերից են ֆինանսավորվում: Անուններ տա՞մ, թե՞ գրքումս կարող եք գտնել: Արդեն մեկի մասին նշեցի։

Ռուսաֆոբների հինգ խմբերը վերաբերում են ակտիվ մարդկանց, հասարակական կարծիք ձևավորողներին: Նրանց պրոպագանդայի արդյունքում բազմաթիվ մարդիկ, ովքեր այդ խմբերից չեն, ռուսաֆոբ են դառնում:

Թե ընկերդ ինչու է ռուսաֆոբ, չգիտեմ, պետք է խոսքը լսեմ, գործունեության ոլորտը իմանամ, որ ինչ- որ եզրակացություն անեմ: Միայն կարող եմ ասել, որ հետևողական պրոպագանդան իր գործն անում է, բազմաթիվ մարդիկ, ամեն օր լսելով Ռուսաստանի «վտանգի» մասին, դառնում են ռուսաֆոբ, ինչպես, օրինակ, «Գրանիշը»:

Ճանաչում եմ մի ծեր կնոջ, ով Սովետից չի տուժել, երբեք Ռուսաստանի դեմ բան չի ունեցել, բայց վերջերս դարձել է ռուսաֆոբ, սարսափում է Ռուսաստանից, քանի որ մշտապես «Ազատություն» է լսում ու նման բաներ կարդում: Գրքիս հենց առաջին նյութի սկիզբը դրա մասին է՝ ռուսաֆոբ քարոզի ազդեցության: Ընկերդ կարող է պրոպագանդայի զոհ լինել: 

Եթե գաղութացվել բառը անպայման պետք է օգտագործել, ապա Հայաստանը գաղութացրել է ոչ թե Ռուսաստանը, այլ կապիտալը։ Հողմաղացների դեմ պայքարը վտանգավոր է, եթե հողմաղացի տեղը Ռուսաստանն է»այս դեպքում  ի նկատի ունե՞ս, որ եղանակ ստեղծող կապիտալի ծավալուն արտահոսքը ծածկելու համար տեղական իշխանություններին ձեռնտու է սլաքն ուղղել Ռուսաստանի կողմ ու «տակից» հանգիստ դուրս հանել եղած-չեղա՞ծը։

-Ոչ միայն: Հայաստանում միայն կապիտալիզմն է իշխում՝ իր բոլոր օրենքներով ու զրո դիմադրությամբ: Իսկ որտեղ կապիտալիզմին դիմադրություն չկա, առաջանում է աղետ, աղքատություն, հուսահատություն, արտագաղթ:

Վերջերս կարդում էի Էկվադորի մասին․ մինչև 90-ականների վերջ Հայաստանի պես էր՝ կարծեմ 2 մլն մարդ էր արտագաղթել։ Սոցիալիստները եկան իշխանության, երկրի իրավիճակը արմատապես փոխվեց:

Հայաստանն էլ աշխարհի փոքր մոդելն է․ այստեղ էլ ռեսուրսներն ու փողը կուտակված են մի փոքր խմբի՝ 5-10%-ի ձեռքում, մնացածն աղքատ են կամ աղքատանում են: Ուղղակի աշխարհի մի շարք երկրներում ձախ ուժերը կամ դիմադրում են կապիտալիզմին, ու, եկամուտներն առավել արդար բաշխելով, տանելի ու նաև բարեկեցիկ պայմաններ ստեղծում բոլորի համար, կամ էլ իշխանությունը վերցնում են ու հավասարություն հաստատում՝ ինչպես Կուբայում, Վենեսուելայում կամ Վիետնամում:

Ինչո՞ւ են Հայաստանից մարդիկ արտագաղթում․ շատ պարզ պատճառով, կրկին գրքի մեջ կհանդիպեք. եթե 3 մլն մարդուն պատկանող գույքը բաժանեն 20-ի մեջ, պարզ է, որ այդ քսանը կհարստանան, մյուսները կաղքատանան ու կամ կմեռնեն, կամ կարտագաղթեն:

Ու այսպես, 25 տարի առաջ Հայաստանի անկախության սկզբում հիմք դրվեց անձնական շահի վրա հիմնված հասարակության, հարստանալու, հարստությունը բազմապատկելու  մոլուցքին: Պարզ է, որ դա չկանգնեցնես, երկիրը մշտական ճգնաժամի մեջ կմնա, հարուստները անընդհատ կհարստանան, աղքատները՝ կաղքատանան, և արտագաղթը կանգ չի առնի: Բայց երբ ասում ես այս իրավիճակի մեղավորը Ռուսաստանն է, կեղծ թիրախ ես ստեղծում՝ հողմաղաց, որը նաև վտանգավոր է՝ մի հսկա երկիր հանում ես քո դեմ:

Ի դեպ, միայն Ռուսաստանը չի կեղծ թիրախ, «ՀԱԿ»-ն էլ ասում է, թե ամեն ինչի մեղավորը ղարաբաղյան հակամարտությունն է, ևս մի կեղծ թիրախ։ Բա հո Լևոն Տեր-Պետրոսյանը չի՞  գիտակցելու, որ ճգնաժամի պատճառը հենց ինքն է՝ իր լիբերալիզմով: Հայաստանում առաջին օֆշորային ձեռնարկությունը սեփականաշնորհվել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ, «ԱրմենՏելը» տվեցին Ջերսի կղզում գրանցված «TVT» ընկերությանը, իսկ հետո այս ընկերությունը «ԱրմենՏելի» իր բաժնետոմսերի վաճառքից 87 մլն դոլար դրեց գրպանը:

Ովքե՞ր էին այդ հարստացողները, պարզ չի՞․ հայ պաշտոնյաներ: Իսկ Տեր-Պետրոսյանի մանկության ընկերը՝ Կապի նախարար Պողպատյանը, ով այդ գործարքն էր անում, հեռացավ Հայաստանից: Էլ չասած՝ մյուս հազարից ավել ձեռնարկությունների սեփականաշնորհումը:

Ղարաբաղյան հակամարտությո՞ւնն էր պատճառը, թե՞ Ռուսաստանը, որ համաժողովրդական ունեցվածքը մի քանի հոգու մեջ բաժանեցին, որ հարյուր հազարներով արտագաղթեցին: «ԱրմենՏելի» այդ 87 մլն-ով քանի՞ ընտանիք կմնար Հայաստանում:

25 տարում առնվազն 30 մլրդ դոլար կերել են իշխողները․․․ Ու «ՀԱԿ»-ի  երիտասարդներն էլ, ովքեր այդ թալանի հետ կապ չունեն, դոշներին պարզած խաղաղություն, դառնում են Տեր-Պետրոսյանի ստեղծած մոլորության խոսափող: Ովքեր խաղաղության այս խայծը կուլ են տալիս, մասնակցում են թալանի քողարկմանը: Հա, հասկացանք, խաղաղություն, բայց արտագաղթի պատճառներից մեկը ձեր առաջնորդն է՝ իշխանության ժամանակվա իր շրջապատով, մյուսները՝ նրա իշխանության ժառանգորդները:

90-ականների ՀՀՇ-ի մյուս պաշտոնյաներն էլ՝ Ալբերտ Բաղդասարյան, Երջանիկ Աբգարյան, Դավիթ Շահնազարյան հակառուս պրոպագանդա են անում՝ Հայաստանը Ռուսաստանի գաղութն է, մինչև չազատագրվի, ոչ մի բան չի փոխվի և այլն: Այն, որ իրենք իշխանության էին, գաղութ չէր, հենց իրենց գցեցին, դարձավ գաղո՞ւթ:

Ի՞նչ, Տեր-Պետրոսյանի հետ պետք է բանավիճե՞լ, իհարկե ոչ, նրան միայն դատարանի առաջ է պետք կանգնեցնել և հետ բերել թալանված ամբողջ հարստությունը: Իսկ ո՞վ պետք է դա անի, Հայաստանում չկա այդ քաղաքական ուժը, բոլոր քաղաքական ուժերի համար էլ՝ և՛ Հանրապետականի, և՛ ՀՀՇ-ի իշխանության թալանը օրինական է, բարոյական՝ մարդիկ անձնական շահն են բավարարել: Այ միայն սոցիալիստական հեղափոխությունը նրանց դատարանի առաջ կկանգնեցնի, քանի որ իրական ձախերի համար այդ շահը բավարարելը ոչ թե օրինական իրավունք է, այլ հանցագործություն: Խնդրեմ, այդ թալանվածը թող հետ բերեն, նոր կարելի է քննարկել՝ Հայաստանը գաղո՞ւթ է, թե՞ ղարաբաղյան պատերազմն է արտագաղթի պատճառը:

Լիբերալները չեն կարող այնպիսի գիտակցություն ունենալ հասկանալու համար, որ ճգնաժամի պատճառը իրենց մեջ է, ուրեմն պիտի ուրիշներին մեղադրեն՝ Ռուսաստան, ղարաբաղյան հակամարտություն և այլն:  

-Խոսելով պատերազմի վտանգի անընդհատ շահարկման մասին՝ նշում ես, որ եթե արտագաղթի հիմնական պատճառը պատերազմն է, ինչու՞ արտագաղթողները հարուստները (նաեւ օլիգարխները) չեն, բայց այդ նույն հարուստներն իրենց հիմնական կապիտալը Հայաստանի սահմաններից դուրս են հանել ու պատերազմի տեսլականն էդ դեպքում նորից կապիտալի կուտակու՞մն է։

-Կապիտալը դուրս տանելը բնորոշ է ոչ միայն պատերազմական երկրներին: Երբ եղավ Օֆշորային սկանդալը, եթե հիշում եք, պարզվեց, որ նույնիսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնը օֆշորային հաշիվներ ունի: Աշխարհի բոլոր երկրներում էլ կապիտալի արտահոսք կա՝ մանավանդ երրորդ աշխարհի երկրներից: Օրինակ՝ Ռուսաստանում 3 տարի առաջ  իշխանությունը սկսեց ստիպել, որ ռուս գործարարներն իրենց հաշիվները միայն Ռուսաստանում ունենան, իսկ պաշտոնյաներին էլ արգելվեց արտասահմանում անշարժ գույք ունենալ, բայց կարծեմ մեծ արդյունքներ չտվեց՝ շատերի անշարժ գույքը իրենց անունով չի գրանցված, իսկ կապիտալի 90%-ը շարունակում է մնալ Արևմուտքում:

-Քաղաքական էլիտային ուղղված «հեռացի՛ր, ես քո տեղը նստեմ» պահանջը անվտանգության առումով ի՞նչ դրսեւորումներ կունենա։

Արդեն երկիրը անվտանգ չի այն մարդկանց համար, ովքեր պարտքերի տակ կքած տուն են կորցրել, ում հարազատները մահացել են բուժման փող չունենալու պատճառով, հազարավոր արտագաղթածները, մի քանի դրամով շինարարություններում, սուպերմարկետներում և այլ տեղեր շահագործվողները, քաղցած գործազուրկները: Ուրեմն, արդեն հազարավոր մարդկանց համար երկիրն անվտանգ չի, իսկ անվտանգության սպառնալիք կարող է ունենալ իշխող դասակարգը:

Հայաստանը միաբևեռ է, միայն կապիտալիզմի բևեռ, և ինչքան ուշ առաջանա դիմադրություն կապիտալիզմին, այնքան լուծումները առավել արմատական կդառնան: Ինչքան ամուր է կապիտալիզմը, ինչքան դեմոկրատական փոխզիջում գոյություն չունենա այլ դասակարգերի հետ, այնքան այդ ամրության դեմ կռիվը արյունալի կլինի: Այդ դիմադրության բացակայությունը առաջացրեց 1999թ․-ի «Հոկտեմբերի 27» և Սասնա ծռերի զինված ապստամբություն:

-«Հնարավո՞ր է, արդյոք, Սոցիալիստական հեղափոխությունեթե 25 հազար Եհովայի վկա հավատում է Արմագեդոնին, կամ մոտ 100 հազար գուցե ավել նվիրված հավատացյալներ կան (հիսունականներ և այլն), ովքեր վերջին դատաստանին ու հավիտենական կյանքին են հավատում, ապա 100 հոգի հավատա սոցիալիստական Հայաստանին, այն իրականություն կդառնա»,-գրում ես։ Հնարավո՞ր է։

-Տեսականորե՞ն, թե՞ գործանականում: Տեսականորեն, իհարկե, հնարավոր է։

Սոցիալիզմն էլ, կոմունիզմն էլ հավատ են, հավատ առ այն, որ մարդու բնույթը միայն գազան լինելն ու ագահությունը չի, որ մարդկությունը կամ որևէ առանձին հասարակություն կարող է փոխվել,  որ հնարավոր է անհատականության ու համընդհանուր մարդկության օրգանիզմին պատկանելու գիտակցությունը ներդաշնակեցնել և ստեղծել մի հասարակություն, ուր հոգ են տանում երկրագնդի համար, ապրումակցում են յուրաքանչյուր մարդու կամ համայնքի, արդար ու  բարեխիղճ բաշխում ռեսուրսները, իսկ անձնական շահի հետևից ընկնելը, անտարբերությունն ու թշնամանքը իրենցից տարբերների նկատմամբ՝ դատապարտում:  

Սակայն, Հայաստանում սոցիալիստական գաղափարախոսությունն այնպես արմատախիլ է արված, որ սոցիալիստ հեղափոխականներ դեռեւս չեն նկատվում։

ՀԳԳլխավոր լուսանկարը գրքի շապիկն է (լուսանկարը՝ Մոմիկ Վարդանյանի)։ Ձեւավորող՝ Արամ Ուռուտյան, խմբագիր՝ Թագուհի Սուսլիյան, «Ինքնագիր» գրական ակումբ։ Հեղինակը գիրքը նվիրել է պապին՝ կոմունիստ-հեղափոխական Ավետիս-Ռատիխան Կիրակոսյանին, ում գնդակահարել են 1937թ։

Գիրքը վաճառվում է «Արտբրիջում», «Նոյան տապան», «Բուկինիստ», «Բյուրոկրատ», «Մետրո» գրախանութներում։ 

Մեկնաբանություններ (1)

Գառնիկ Սահակյան
Շնորհավորում եմ, Վահան ջան: Քո վերլուծությունները կարդալուց հետո իմ մեջ վերականգնվում է հավատը մարդկային տրամաբանության հանդեպ: Իմ ուսանողներին հանձնարարել եմ կարդալ այս նյութը և քննարկել: Եթե այս գիրքդ օնլայն դրվի, ինձ ասա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter