HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սպանությունից մեկ տարի անց. Կարեն Վարդանյանի գործով ցուցմունք տվեցին էական հանգամանքներ հայտնած վկաներ

Վերլուծաբան Կարեն Վարդանյանի սպանության գործով դատական նիստերի դահլիճն այսօր բազմամարդ էր: 2016-ի այս օրը՝ մարտի 17-ին, Կարեն Վարդանյանը Դուբայ մեկնելու մտադրությամբ իր բնակարանից դուրս էր եկել, որից օրեր անց հայտնի էր դարձել նրա սպանության մասին: 

Նիստերի դահլիճում այսօր Կարեն Վարդանյանի ընկերներն ու նրա գործով հետաքրքրված այլ անձինք էին: 

Դատական նիստին որպես վկա ցուցմունք տվեցին Վարդանյանի ընկեր, «Իրազեկ քաղաքացիների միավորում»  հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննեսյանը, Կարեն Վարդանյանի հետ նրա բնակարանում բնակվող Տաթևիկ Բեգլարյանը, Վարդանյանի հարևանուհին ու  ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանի եղբայրը: 

«Կարեն Վարդանյանը շատ միամիտ էր, նա չէր կարծում, որ մարդիկ ունակ են խաբելու կամ խարդախության: Եթե ես ցանկանայի, ապա կարող էի նրան համոզել, որ մածունը սև է, և իրեն է թվում, թե սպիտակ է. այդ աստիճանի ազնիվ էր»,- Վարդանյանին այսպես բնութագրեց Դանիել Իոաննեսյանը, ում ղեկավարած հ/կ-ում Կարեն Վարդանյանը որպես փորձագետ է աշխատելիս եղել: 

Իոաննեսյանին  հայտնի է եղել Վարդանյանի՝ բիզնես գործունեությամբ զբաղվելու և շուկան ուսումնասիրելու նպատակով Դուբայ մեկնելու մտարդությունը: Վկայի խոսքով՝ ինքը Կարենին հորդորել է ետ կանգնել իր մտադրությունից, բայց վերջինս չի լսել: 

«Կարենը կարծես փորձում էր ապացուցել, որ թե՛ ես և թե՛ մյուսները սխալվում ենք, ու ինքը կարող է զբաղվել բիզնեսով ...երևի սա էր պատճառը, որ շատ բան մեզ չէր էլ ասում»,-ցուցմունք տալիս ասաց Դանիել Իոաննեսյանը: 

Կարեն Վարդանյանի հետ,  հիշեցնենք, Դուբայ մեկնելու նպատակով Երևանում գտնվող իր բնակարանից դուրս գալուց հետո այլևս հնարավոր չի եղել կապ հաստատել: Մեկնումից երկու օր անց՝ մարտի 19-ին, Վարդանյանի ֆեյսբուքյան էջից նշում է արվել,  թե իբր վերջինս գտնվում է Դուբայում, իսկ անհետանալուց  2 շաբաթ անց Երևանում գտնվող մի ավտոտնակում հայտնաբերվել է նրա դին: 

Սպանության առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ Գևորգ Զոհրաբյանին ու Արթուր Միրումյանին: Վերջիններս մեղադրվում են համաձայնությամբ, վստահությունը չարաշահելու և խաբեության միջոցով Կարեն Վարդանյանին առևանգելու և շահադիտական դրդումներով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու, Վարդանյանին պատկանող զգալի չափով գույքը գաղտնի հափշտակելու մեջ: 

 Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կարեն Վարդանյանն իրեն պատկանող բնակարանը նվիրել է գործով ամբաստանյալ, 23-ամյա Գևորգ Զոհրաբյանին, որի դիմաց վերջինս Վարդանյանին պետք է վճարեր 20 000 ԱՄՆ դոլար գումար կամ այդ գումարին համարժեք այլ բնակարան: Պայմանավորված գումարը Կարեն Վարդանյանին չտալու համար Զոհրաբյանը մտադրվել է նրան սպանել: Ապա, ըստ մեղադրանքի, Վարդանյանին առաջարկել է Վրաստանով մեկնել շրջագայության Դուբայ՝ մտադիր լինելով Վրաստան ուղեկցելու ճանապարհին իրագործել իր պլանը, ինչն Արթուր Միրումյանի հետ արել է, ապա Կարենի դին տեղափոխել են և թաղել Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում: 

Իոաննեսյանի խոսքով՝ այն բանից հետո, երբ Կարենի էջից ֆեյսբուքում գրառում է  արվել, ինքը զանգել է նրա հետ նույն բնակարանում ապրող Տաթևիկին, ու վերջինս ասել է, որ առեղծվածային իրադարձություններ են տեղի ունենում: 

Մասնավորապես՝ Տաթևիկին Կարենի ֆեյսբուքի  էջից հաղորդագրություն է ուղարկվել այն մասին, որ նա պիտի լքի բնակարանը, քանի որ այն վաճառվել է: Ապա  Տաթևիկի հետ կապ է հաստատել նաև ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը, ով Կարեն Վարդանյանի հարևաններից է ու ասել, որ վերջինս պիտի իրեն հանձնի բնակարանի բանալիները, որպեսզի ինքը դրանք փոխանցի նոր սեփականատերերին: 

Իոաննեսյանի խոսքով՝ ինքը Գևորգից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է Կարենը բնակարանը նվիրել նրան, վերջինս էլ պատասխանել է՝ «ինձ շատ է սիրում, ծննդիս կապակցությամբ է նվիրել»: 

Գևորգի խոսքերը Իոաննեսյանին և Կարենի մյուս ընկերներին վստահություն չեն ներշնչել, վերջիններս հասկացել են, որ ինչ- որ բան այն չէ և սկսել նրա վերաբերյալ հնարավորության սահմաններում տեղեկություններ հավաքել: 

«Մենք Կարենի համակարգիչը միացրինք, որին միացված էր Viber համակարգը և տեսանք, որ ինչ-որ անձ գրել էր, որ գտել է Կարենի սիմ քարտն ու առաջարկում է այն նրան հանձնել: Կարենի սիմ քարտը մեր կազմակերպության անունով էր, և մենք կարողացանք նաև դրա քաղվածքը վերցնել»,- պատմեց Իոաննեսյանն ու նշեց, որ հետո իրենք սիմ քարտը դրել են հեռախոսի մեջ ու կարողացել մուտք գործել Կարենի ֆեյսբուքի էջ: 

 «Առաջին բանը, որ մենք  հայտնաբերեցինք, այն էր, որ Կարենի էջից արված վերջին գրառումը ոչ թե Դուբայից,  այլ Հայաստանից՝ մասնավորապես Երևանից է կատարվել»,- ասաց Իոաննեսյանն ու նշեց, որ դրանից հետո ինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: 

Իոաննեսյանը նշեց նաև, որ անձինք, որոնք Կարենի սիմ քարտը գտած են եղել, իրեն ասել են, որ ավելի վաղ Գևորգը նույնպես ցանկացել է վերցնել քարտը, բայց հրաժարվել են տալ, ու վերջինս պահանջել է ջարդել այն, ինչը ևս չեն արել: 

Վկա Տաթևիկ Բեգլարյանը պատմեց, որ 2015-ի ամառվանից Կարեն Վարդանյանի բնակարանում է ապրելիս եղել, և 2016-ի փետրվար ամսից Կարենի մոտ հաճախակի է սկսել գալ ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը՝ իր հետ բերելով ինչ- որ փաստաթղթեր: 

«Կարենին հարցրել եմ՝ ի՞նչ գործ ունի Գևորգի հետ, պատասխանել է, որ Գևորգը պիտի բուհ ընդունվի, օգնում է...հետո ինչ-որ անձինք էին գալիս բնակարանը նայելու: Կարենին հարցրել եմ՝վաճառո՞ւմ է, ու նա խառը պատասխաններ է տվել, ասել, որ հիմա չի վաճառում, այլ ամռանը»,- պատմեց Բեգլարյանը՝ հավելելով, որ իր համար զարմանալի էր, թե ինչու են բնակարանը փետրվար ու մարտ ամիսներին գալիս նայելու, եթե Կարենն այն պատրաստվում է ամռանը վաճառել: 

Տաթևիկի խոսքով՝ այն բանից հետո, երբ Կարեն Վարդանյանի ֆեյսբուքի էջից գրառում է արվել, իբր նա Դուբայում է, ինքը գրել է Կարենին, վերջինս էլ տառասխալներով է պատասխանել: 

«Սխալներով էր գրում, կասկածեցի, որ Կարենը չէ ու սկսեցի անհանգստանալ: Այդ ընթացքում եկավ նաև Գևորգի նամակը, որ բնակարանը պետք է ազատեմ: Ասացի, որ մինչև Կարենի հետ անձամբ սկայպով չխոսեմ, չեմ տա բնակարանի բանալիները»,- ասաց Տաթևիկ Բեգլարյանը՝ նշելով, որ տեղի ունեցածից հետո ինքն, այունամենայիվ, որոշել է լքել Կարենի բնակարանը, քանի որ վախեցել է այնտեղ մնալ, բայց բանալիները ոչ թե Գևորգին, այլ Կարենի մորաքրոջը՝ Մարինե Մկրտչյանին է հանձնել: 

Տաթևիկ Բեգլարյանի ցուցմունքից պարզ դարձավ, որ Գևորգ Զոհրաբյանը Կարեն Վարդանյանի կողմից բնակարանն իրեն նվիրելու վերաբերյալ տարբեր բացատրություններ է տվել:

Մասնավորապես, ինչպես վերը նշված է, Դանիել Իոաննեսյանին Զոհրաբյանն ասել է, թե Կարենն իրեն շատ է սիրել և բնակարանը նվիրել է, մինչդեռ Տաթևիկին ամբաստանյալն ասել է, թե Կարենը պարտքի դիմաց է նվիրել բնակարանը: 

Ըստ Տաթևիկի ցուցմունքի՝ Գևորգը հայտնել է նաև, որ կապ է հաստատել Կարենի հետ, ու վերջինս ասել է, որ շուտով վերադառնալու է, իսկ մինչ այդ իրեն խնդրել է Տաթևիկին բնակարանի մեկ ամսվա վարձակալության համար գումար տալ: 

Կարեն Վարդանյանի մորաքույրը՝ Մարինե Մկրտչյանը

Դատարանում ցուցմունք տված մյուս վկան Կարեն Վարդանյանի հարևանուհին էր՝ Մարգարիտա Կարսլյանը: Վերջինս եղել է Կարենի մոր մտերիմը և նրա մահից հետո հնարավորության սահմաններում օգնել Կարենին:

Մարտի 17-ի առավոտյան Կարսլյանը Կարենի խնդրանքով արդուկել է վերջինիս  շորերը:

«Հետո ինքը ճամպրուկը բերեց, դասավորեցի ճամպրուկի մեջ, հետո հարցրեց՝ գալիս ի՞նչ բերեմ քեզ համար, ասացի՝ ոչինչ պետք չի Կարեն ջան»,- հիշեց հարևանուհին: 

Կարենի ենթադրյալ մեկնումից օրեր անց, ըստ վկայի ցուցմունքի, նրա բնակարանի դռան դիմաց հանդիպել է անձանց, որոնք ասել են, թե գնել են բնակարանը: 

«Հետո ես զանգեցի Մարինային (նկատի ունի Կարեն Վարդանյանի մորաքրոջը՝ Մարինե Մկրտչյանին-խմբ), նա ոչինչ չգիտեր բնակարանի վաճառքի մասին»,- ասաց  հարևանուհին, որը Գևորգ Զոհրաբյանին ևս ճանաչում է: 

«Գևորգն էլ մեր աչքի դիմաց մեծացած երեխա է, տենց բան միայն խուլիգանը, սառը զենք ունեցողը, վիճողը կաներ, իսկ ինքը խելոք ա եղել»,- Զոհրաբյանի մասին խոսելով՝ ասաց վկան: 

Վերջինս հայտնեց, որ Գևորգ Զոհրաբյանը խանութ է ունեցել և գիտի, որ այդտեղ  կոշիկներ և խաղալիքներ են վաճառվել: Այս հանգամանքը կարող է կարևոր լինել՝ հաշվի առնելով, որ Տաթևիկ Բեգլարյանի ցուցմունքի համաձայն՝ Կարեն Վարդանյանն իր բիզնես գործունեության շրջանակներում մտադիր էր Դուբայից կոշիկ ներկրել: Թե ի՞նչ այլ ապրանքներ են վաճառվել Գևորգի խանութում, վկան հստակ չգիտի: 

Դատաակոչված մյուս վկան Արթուր Զոհրաբյանն էր՝ ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանի հարազատ եղբայրը: Վերջինս դատարանում հրաժարվեց ցուցմունք տալ, մինչդեռ նախաքննության փուլում որոշակի մանրամասներ էր հայտնել, որոնք դատարանում հրապարակվեցին: 

Վերջինս նշել է, որ իր տեղեկություններով՝ Գևորգ Զոհրաբյանն ու Կարեն Վարդանյանն ինչ-որ բիզնես էին նախատեսել սկսել, հայտնել է նաև, որ Գևորգը պիտի Կարենի ինչ-որ վարկ մարեր կամ դրա դիմաց նրա համար այլ բնակարան գներ: Վկան տեղյակ է եղել նաև, որ Կարեն Վարդանյանը եղբորն է նվիրել իր բնակարանը: 

Արթուր Զոհրաբյանը ցուցմունք է տվել նաև այն մասին, որ չի հավատում, որ եղբայրը ունակ է մարդ սպանել և երբևէ նրա պահվածքում չի նկատել կասկածելի ինչ- որ բան: 

Այսօր դատակոչված մյուս վկաները դատարան չէին ներկայացել: Դատավորը նրանցից ոմանց բերման ենթակելու որոշում կայացրեց:

Նշենք նաև, որ այս գործով նախորդ դատական նիստին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, հաշվի առնելով մեղադրյալների դիրքորոշումը, արգելել էր լրատվամիջոցներին տեսանկարահանում իրականացնել: Այսօր մեղադրյալները դարձյալ դեմ արտահայտվեցին տեսանկարահանմանը, սակայն դատարանը նույն հանգամանքների առկայության պայմաններում թույլատրեց ցանկացած ծավալի տեսանկարահանում՝ պայմանով, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները չտեսանկարահանեն մեղադրյալներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter