
Եւս 293 մլն դրամ՝ թափանցիկ ընտրությունների համար
Ընտրություններին 10 օրից քիչ է մնացել, բայց կառավարությունը ընտրական գործընթացների թափանցիկությունն ապահովելու նպատակով շարունակում է պետական բյուջեից գումար հատկացնել։
Կառավարության այսօրվա նիստում չքննարկվող կարգով բավարարվեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացրած որոոշման նախագիծը, որով կառավարությանն իր պատուստային ֆոնիդ կհատկացվի գրեթե 293 միլիոն դրամ։ Այս գումարով մշակվելու է մոբիլ սարքի ծրագրային հավելված՝ այն անվճար հասանելի դարձնելով։
Որոշման նախագծում նշվել է, որ ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփման մշտադիտարկումը հեշտացնելու նպատակով անհրաժեշտ է մշակել մոբիլ սարքի ծրագրային հավելված, որը հնարավորության կտա տեղամասում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց, ամփոփմանը զուգընթաց, ինքնուրույն իրականացնել կուսակցությունների կողմ ձայների հաշվարկը։ Ծրագրային հավելվածը հնարավոր է լինելու անվճար ներբեռնել համացանցից՝ մասնագիտացված կազմակերպության կամ նրա վկայակոչված կայքից։
Հիշեցնենք, որ մարտի 9-ին չքննարկվող կարգով հավանության էր արժանացել մեկ այլ նախագիծ, որով ապրիլի 2-ին կայանալիք ընտրական գործընթացները տեսանկարահանելու և տվյալները մշակելու համար պաշտպանված տվյալների կենտրոնում տարածք վարձակալելու նպատակով կառավարության աշխատակազմին կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 3 միլիոն դրամ։
Մեկնաբանել