
«Մեր քաղաքացիները դժգոհ են կոռուպցիոն միջավայրից, որը կա Հայաստանում»
Կոռուպցայի վերաբերյալ «Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
«Թրանսփարենսի Ինթրնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ն վերջերս հրապարակեց կոռուպցիայի ընկալման համաթվի արդյունքները, ըստ որի` նախորդ տարվա համեմատ տեղաշարժ չկա եւ արդյունքը նույնն է: Ինչու՞ բարելավում չկա, երբ կառավարության մակարդակով նույնիսկ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ է ստեղծվել Հայաստանում:
Երկու հանգամանք կա, որ իրարից պետք է տարանջատենք: Մի բան է կոռուպցիայի իրական վիճակը, մի բան է` կոռուպցիայի ընկալումները: Մենք 18 տեսչական մարմինների արգելել ենք 2 տարի ստուգումներ իրականացնել շուրջ 50.000 օբյեկտներում, եւ դա, բնականաբար բերել, է կոռուպցիայի կտրուկ նվազմանը: Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ փոքր ու միջին բիզնեսով զբաղվողների մոտ կոռուպցիոն ռիսկերը փաստացի նվազել են:
Երկրորդ հանգամանքը` հարցումներն են բնակչության շրջանում, թե ինչպիսին է կոռուպցիայի ընկալումը, իսկ այդ ընկալման ինդիկատորը չի փոխվել, այսինքն` մեր հասարակությունը, մեր քաղաքացիները դժգոհ են կոռուպցիոն միջավայրից, որը կա Հայաստանում: Դա նշանակում է, որ կոռուպցիայի նվազման առումով լուրջ անելիքներ ունենք, եւ իրական պատկերը հանրությանը ներկայացնելու առումով նույնպես:
Բնակչության շրջանում կարծիք կա, որ կոռուպցիան ավելի շատ է ոստիկանությունում, դատարաններում եւ այլ ուժային մարմիններում:
Չէ, այդպես չէ: Բնակչությունն առաջին հերթին ընդգծում է երկու ոլորտ` առողջապահությունը եւ կրթությունը: Ինչու՞: Որովհետեւ բնակչության մի փոքր մասն է, որ առնչվում է դատարանների ու ոստիկանության հետ, հիմնական մասսան առնչվում է կրթական եւ առողջապահության ոլորտի հետ, եւ այդ տեսակետինց, երբ կոռուպցիայի մասին դատողությունները կազմվում են, միշտ այդ երկու ոլորտներն ունեն մեծ տեսակարար կշիռ: Մնացած ոլորտներն արդեն լուրերի տարածմամբ է պայմանավորված: Ասում են` ես երբեք դատարանների հետ չեմ առնչվել, բայց ես գիտեմ, որ դատական համակարգում կոռուպցիա կա, ես գիտեմ, որ ոստիկանությունում կոռուպցիա կա: Դա հենց տարբերությունն է փաստացի կոռուպցիայի եւ կոռուպցիայի ընկալումների: Այդ տեսանյունից զանգվածային լրատվության միջոցներն էլ լուրջ անելիք ունեն օբյեկտիվ պատկերը ներկայացնելու առումով, որպեսզի քաղաքացիներն էլ պատկերացում կազմեն, թե ինչպիսին է իրավիճակը: 18 տեսչական մարմին, եթե դադարել է ստուգումներ իրականացնել, դա չի կարող կոռուպցիայի փաստացի վիճակի վրա:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել