HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը կրկին «խաղի մեջ է»

Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան խաղից առաջ մեր երկրում շատերն էին հավատացած, որ Հայաստանի հավաքականը հաղթելու է: Դրա համար երկու հիմք կար՝ Մոնտենեգրոյի հետ վերջին խաղում Արթուր Պետրոսյանի սաների ցույց տված կամային որակները, երբ 0-2 պարտվելուց հետո կարողացան երկրորդ կեսում 3 գնդակ խփել ու հասնել բոլորիս ուզածին, եւ երկրորդ՝ վիճակագրությունը. մինչ երեկվա խաղը Հայաստանը 3 անգամ հաղթել էր միջինասիացիներին, մեկական անգամ էլ ոչ-ոքի խաղացել ու պարտվել:

Պետրոսյանն իր տրամադրության տակ ուներ լավ կազմ: Վնասվածքի պատճառով հայտացուցակից դուրս էր մնացել միայն կիսապաշտպան Դավիթ Մանոյանը: Սակայն խաղից առաջ հայտնի դարձավ նաեւ աջ եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանի ու հենակետային Արտակ Գրիգորյանի խնդիրների մասին: Քանի որ խաղից առաջ էլ գլխավոր մարզիչն ասել էր, որ խաղալու են հարձակողական ոճով, ինչն սպասելի էր, պետք էր ակնկալել, որ հենակետային գոտում մի հոգի հանդես կգա: Առաջ անցնելով՝ հիշեցնենք, որ այդ դիրքում խաղաց Գոռ Մալաքյանը, ով հաստատվել է ազգային թիմի մեկնարկային կազմում:

Բնականաբար, դարպասը վստահվել էր Արսեն Բեգլարյանին, ով այս անգամ կարողացավ այն անառիկ պահել, չնայած ղազախներն առանձնապես նրան չանհանգստացրին՝ բացառությամբ մեկ-երկու դրվագի: Խաղից հետո էլ Պետրոսյանը նշեց, որ «չոր» հաշվով հաղթանակն արդեն առաջընթաց է: Վերջին անգամ թիմը դարպասն անառիկ է պահել 2016-ի հունիսին, երբ ընկերական խաղում 4-0 հաշվով հաղթեց Սալվադորին: Պաշտոնական խաղերում թիմը վերջին անգամ գոլ բաց չէր թողել 2015-ի սեպտեմբերին, երբ Երեւանում 0-0 խաղաց դանիացիների հետ: Իսկ «չոր» հաշվով վերջին հաղթանակը եղել է նույն Դանիայի դեմ պատմական խաղը Կոպենհագենում՝ 4-0:  

Մկոյանի, Համբարձումյանի ու Հովհաննիսյանի մասին նախախաղային դիտարկումներից հետո հետաքրքիր էր, թե ում է աջ եզրում խաղացնելու Պետրոսյանը: Պարզվեց, որ դա Տարոն Ոսկանյանն է, իսկ կենտրոնում եւ ձախում փոփոխություններ չկային՝ Հարոյան, Անդոնյան, Հայրապետյան: Լավ է, որ Անդոնյանը հունական «Վերիայում» խաղային ժամանակ է ստանում, ինչը կարեւոր է ոչ միայն մարզավիճակի, այլեւ հոգեբանական առումով: Հիշում ենք, թե ինչպիսի կոպիտ վրիպումներ թույլ տվեց «Մարսելում» պրակտիկա չունեցող խաղացողը Ռումինիայի ու Լեհաստանի հետ խաղերում: Դե իսկ Հարոյանը հատկապես Ռոբերտ Արզումանյանի հեռանալուց հետո մեր պաշտպանության ամենակայուն կետն է: Ցավոք, այս անգամ նա դեղին ստացավ ու բաց կթողնի Մոնտենեգրոյի հետ հունիսի 10-ին կայանալիք արտագնա խաղը: Սա մեծ կորուստ է: Եթե Լեւոն Հայրապետյանը մեր չափանիշներով ձախ եզրայինի հաջողված օրինակ է ու իրեն արդարացրել է այդ դիրքում, նույնը չենք կարող ասել աջ գծում Տարոն Ոսկանյանի մասին, որն ավելի դանդաղ է մտածում ու գործում: Քանի որ Կամո Հովհաննիսյանը մարզիչների կողմից դիտարկվում է իբրեւ կիսապաշտպան, նրա թիկունքում ամենաօպտիմալ տարբերակը, թերեւս, Համբարձումյանը կլիներ, ով վաղուց մակեդոնական «Վարդարի» առաջատարներից է ու, պաշտպան լինելով, առջեւում շարունակում է աչքի ընկնել թե ակտիվությամբ, թե գոլերով: Համբարձումյանն այս անգամ չխաղաց վնասվածքի պատճառով:

Չնայած ՈւԵՖԱ-ի եւ այլ կայքերում մեր թիմի դասավորությունը նշվում էր որպես 4-3-3, Պետրոսյանն էլ խաղից հետո ասաց, որ հանդես եկան 4-1-4-1 տարբերակով: Միակ հենակետայինը Մալաքյանն էր, իսկ նրանից մի փոքր առաջ էին Հովհաննիսյանը, Մխիթարյանը, Մարկոսը, Ղազարյանը: Իրականում հենց այս վերջին եռյակից էին ամենամեծ վտանգը զգում ղազախները: Մինչ երեկվա խաղը այս տրիոն հավաքականում ընդհանուր խփել էր 38 գոլ: Բացի դրանից՝ միջինասիացիները լավ են ճանաչում իրենց երկրում հանդես եկած Գեւորգին ու Մարկոսին, դե, Մխիթարյանին մասին չենք խոսում:

Ցավոք, հենց առաջին րոպեին Գեւորգը բախվեց դարպասապահ Լորիայի հետ ու ծանր վնասվածք ստացավ: Բժիշկ Կարեն Ստեփանյանի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով նա ստացել է ծնկի խաչաձեւ կապանների մասնակի պատռվածք եւ մենիսկի վնասվածք: Պետք է ենթադրել, որ նման պարագայում ապաքինումը շաբաթներ կտեւի: Ինչ վերաբերում է խաղային այդ դրվագին, ապա կրկնպատկերն ուշադիր դիտելուց հետո ակնհայտ է դառնում, որ բռունցքներով առաջ նետված Լորիան իրականում գնդակին չի հասնում, փոխարենը «հնձում է» Ղազարյանին: Մակեդոնացի մրցավար Ստավրեւը միանգամայն կարող էր ու նաեւ պարտավոր էր 11-մ նշանակել, սակայն, ըստ էության, չհամարձակվեց այդպես կանխորոշել հանդիպման ելքը:

Առաջին իսկ րոպեներից շատ ակտիվ էր առաջ քաշված Արթուր Սարկիսովը, որը խաղում էր կենտրոնում: Բայց մեր թիմի ելույթներին հետեւողները լավ գիտեն, որ Արթուրը արդյունավետ է հատկապես աջ եզրում եւ, մասնավորապես, փոխարինման մտնելիս: Բանն այն է, որ Սարկիսովը մեկնարկային լավ արագություն ունի ու մրցակցի հոգնած պաշտպանների ֆոնին կարողանում է սրել խաղը եզրում եւ ճեղքումներով հարվածի դուրս բերել ընկերներին: Փոքրամարմին խաղացողը մի քանի անգամ սղոցեց ղազախ պաշտպանների նյարդերը, սակայն դրվագներից մեկում, չգիտես ինչու, մրցավարը սիմուլյացիայի հիմքով նրան դեղին քարտ ցույց տվեց, այնինչ Արթուրին իսկապես վայր գցեցին: Սարկիսովն, այո, աշխատում էր, բայց ցանկալի արդյունքը՝ գոլը, չկար: Առաջին կեսում նա կարող էր գոլային փոխանցում կատարել դարպասի առջեւ հսկողությունից դուրս մնացած ընկերոջը, բայց խաղն իր վրա վերցրեց ու տանուլ տվեց պայքարը: Սուր գրոհայինի հարցը դեռեւս բաց է մնում:

Ընդհանրապես, առաջին խաղակեսը բավականին նյարդային ստացվեց, որովհետեւ բոլորս արագ գոլ էինք սպասում: Չնայած հանդիպումից առաջ արած մարտական հայտարարություններին՝ երեւաց, որ ղազախները եզրափակիչ սուլոցից դեռ շատ առաջ անհասկանալի ձեւով ժամանակ են ձգում: Խաղի տեմպը գցելու այս փորձերը նույնպես նյարդայնացնում էին: Առաջին կեսի ամենավտանգավոր պահը 37-րդ րոպեին Մարկոս-Մխիթարյան կոմբինացիան էր, որի արդյունքում Հենրիխը փորձեց գրավել դարպասի հեռավոր անկյունը, բայց գնդակը, դարպասաձողը դրսից շոշափելով, հատեց դաշտի դիմային գիծը: Առաջին կեսին ավելացված ժամականում էլ Մարկոսի տուգանային հարվածը բռունցքներով հետ մղեց Լորիան:            

Կաղում էր խաղը եզրերում: Կամո Հովհաննիսյանն ու Ղազարյանին փոխարինած Տիգրան Բարսեղյանը մի տեսակ կաշկանդված էին: Կամոյի ֆիրմային անցումներն այդպես էլ չտեսանք,  իսկ Բարսեղյանի հուզմունքն ակնհայտ էր: Այդուհանդերձ, երկուսն էլ ձգտում ունեին, ու չենք կարող գլուխ պահելու մեջ մեղադրել: Հենց Կամոն ու Տիգրանը դարձան գոլային փոխանցումների հեղինակներ: Բայց նրանցից առաջ պետք է նշել Էդգար Մանուչարյանին, որի գործողություններից ծնվեցին գոլային պահերը: 73-րդ րոպեին հենց նա կենտրոնով փոխանցեց Բարսեղյանին, որն էլ գնդակը մատուցեց Հենոյին: Մեր թիմի առաջատարի այս մի հարվածը, ի տարբերություն նախորդների, հասավ իր նպատակին: Դա գոլ էր Մխիթարյանի ոճով. կենտրոնից նա մի փոքր ձախ տեղափոխվեց՝ իր հետ «քաշելով» պաշտպանին, ապա դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց դարպասի աջ կողմը՝ ապակողմնորոշելով նաեւ Լորիային: 75-րդ րոպեին էլ կրկին Էդգարը աջ եզրում գնդակը խլեց մրցակցից, իսկ Կամոն փոխանցեց դեպի Արասը, որն ընթացքից հարվածով կրկնապատկեց հաշիվը: Փաստորեն, Պետրոսյանի փոփոխություններն (Մանուչարյան, Արաս) արդարացվեցին:

Ճիշտ է, ղազախները հետո կրկնում էին, որ վճռական էր 64-րդ րոպեին կենտրոնական պաշտպան Սերգեյ Մալիի հեռացումը, բայց այս խաղացողն առաջին իսկ րոպեներից իր անթույլատրելի հնարքներով կարծես ձգտում էր կարմիր քարտին:

Ավելացնենք, որ Հենրիխը հավաքականում խփեց իր 20-րդ գոլը, իսկ Արասը՝ 5-րդ:

Ամբողջ հանդիպման ընթացքում ղազախները մեկ անգամ միայն շատ լավ հնարավորություն ունեին, երբ մեր թիմին 88-րդ րոպեին օգնության հասավ Արսեն Բեգլարյանը՝ նետվելով մրցակցի հարվածին ընդառաջ:

Խաղի պաշտոնական վիճակագրությունը հետեւյալն է: Հայաստանի հավաքականը մրցակցի դարպասին հարվածել է 3 անգամ, որից երկուսը հասել է նպատակին, ղազախները 1 դիպուկ հարված են կատարել: Դարպասի ուղղությամբ հարվածները՝ 7-5, անկյունայինները՝ 5-3: Մեր թիմը գնդակին տիրել է 54 %, ղազախները՝ 46 %: Հայ ֆուտբոլիստների 462 փոխանցումներից ճշգրիտ է եղել 383-ը (83 %), մրցակցի պարագայում՝ 447-ից 362-ը (81 %):      

Երեկ մեր ընտրական խմբում Լեհաստանը հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է Մոնտենեգրոյին, իսկ Ռումինիա-Դանիա խաղն ավարտվել է 0-0: Այս արդյունքները բխում են մեր շահերից, քանի որ ծանր մեկնարկից հետո այժմ մեր թիմը կրկին «խաղի մեջ է» եւ կարող է պայքարել երկրորդ տեղի համար ու դուրս գալ փլեյ-օֆ փուլ:   

Հունիսի 10-ին՝ 6-րդ տուրում, կկայանան Մոնտենեգրո-Հայաստան, Ղազախստան-Դանիա, Լեհաստան-Ռումինիա հանդիպումները:  

Լուս.՝ ffa.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter