
Գնալ դեպի իրական սահման. Վազաշենում բացվել է Սևանի անվան «Հավեսին սենյակը»
«Մենք պետք է դուրս գանք մեր անձնական նեղ սահմաններից ու գնանք դեպի իրական սահման` իրական մարդկանց մոտ: Հայրենիքը սկսվում և ավարտվում է սահմանով»,- մի առիթով ասել է նկարչուհի, անիմատոր, երջանկահիշատակ Սևան Նագգաշյանը:
Երեկ իրականություն դարձավ Սևանի նախագծերից մեկը. Տավուշի սահմանամերձ Վազաշեն գյուղի դպրոցում բացվեց նրա անվան սենյակը՝ «Հավեսին սենյակը»: Այստեղ երեխաները հնարավորություն են ունենալու նկարել, քանդակել, ֆիլմեր դիտել, հանդիպումներ ունենալ արվեստագետների հետ:
Սևանն այս սենյակը պատրաստվում էր իրագործել դեռևս նախորդ տարի, որոշել էր՝ Կանադայից վերադառնալուց հետո իրականացնել նախագիծը, բայց չհասցրեց: Նա քաղցկեղով հիվանդ էր, այդ մասին ընկերներից քչերը գիտեին: Հոկտեմբերի 14-ին համացանցում արագ տարածվեց Սևանի մահվան բոթը:
Նախորդ տարի նրա ծննդյան հաջորդ օրը՝ նոյեմբերի 28-ին, Երևանի «Ակումբ» սրճարանում Սևանի ընկերները հուշ-երեկո էին կազմակերպել: Ելույթ էին ունեցել բարդերը, «Շողակն» համույթի մեներգչուհի Հասմիկ Հարոթյունյանը: Համերգի հասույթը 210.000 դրամ էր, որը տրամադրվեց Սևանի նախագծի համար, բացի դրանից, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը 1000 դոլար դրամաշնորհ էր ստացել «Awesome» հիմնադրամից այդ ծրագրի համար: Կազմակերպչական գործերին միացավ նաև Տավուշի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Սևան Նագգաշյանն ու Արմինե Պետրոսյանը
Ա. Պետրոսյանն իր ղեկավարած հիմնադրամի սկզբունքներից մեկը համարում է երիտասարդական նախաձեռնություններին խրախուսելը, նրանց միջև կամուրջներ ստեղծելը: Հիմնադրամին Երևանի «Արեգնազան» կրթահամալիրն է առաջարկել միանալ «Հավեսին սենյակի» բացմանը:
«Երեխաներն էլ, ուսուցիչներն էլ, տնօրենն էլ գործնական կերպով սկսեցին նախապատրաստել այցը՝ նկարչական պարագաներ գնեցին վազաշենցի դպրոցականների համար, կրկեսային համար պատրաստեցին: Նույնիսկ քաղցրավենիք էին գնել՝ շատ էին ուզում քաղցրացնել հակառակորդի գնդակակոծությունների ու հրետակոծությունների տակ ապրող վազաշենցի դպրոցականների կյանքը»,- ասում է Արմինե Պետրոսյանը:
«Արեգնազանի» սաները ծրագրել էին միասին ներկել դպրոցի պատերից մեկը, բացի դրանից, իրենց հետ տարած դեկորատիվ նյութերով որոշել էին ժամացույց պատրաստել «Հավեսին սենյակի» համար: Դրանով պիտի մեկնարկեր կենտրոնի և սահմանի երեխաների ընկերության միասնական ժամանակը: Ծրագրում էին նաև միասին նկարել, ապա ցուցադրել սենյակում, սակայն ժամանակը կարճ էր, չհասցրեցին: Երևան գալու ճանապարհին, Արմինեի փոխանցմամբ, երեխաներն ասել են, որ ցանկանում են դարձյալ այցելել իրենց հասկակակիցներին: Վազաշենցիներն էլ, նրա խոսքով, անհամբեր սպասում էին «Հավեսին սենյակի» բացմանը և շատ ոգևորված ու հետաքրքրված էին: Սևանի սենյակի բացման արարողությանը Կանադայից եկել էին մասնակցելու Սևանի եղբայրները՝ Վահանն ու Շահեն:
«Հիմա, երբ բացումն արդեն արել ենք, նոր մտածումներ ունեմ. մի բան է սիրուն սենյակ կահավորելը, մեկ այլ բան՝ այն ապրեցնելը, նպատակին ծայառեցնելը: Հարկավոր է միջոցներ գտնել ու հաճախ այցելել Վազաշեն, հանդիպել ու խոսել երեխեքի հետ, ֆիլմեր դիտել ու քննարկումներ կազմակերպել, վարպետաց դասեր անցկացնել, ճիշտ նկարել սովորեցնել և այլն: Վստահ եմ, որ Սևանի ընկերները չեն հոգնի այդ այցերից, բայց հարկավոր է լավ մտածել ու նրբորեն կազմակերպել այդ ամենը»,- ասում է «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրենը:
Նրա փոխանցմամբ՝ Սևանը մի անգնահատելի ժառանգություն է թողել իրեն ու ընկերներին: Նա առանձնահատուկ տաղանդ ուներ իր ճաշակին համապատասխանող մարդկանց միավորելու: Իսկ թե ինչ է զգում, երբ համատեղ նախագիծն արդեն իրականացած է տեսնում, ասում է. «Ի՞նչ եմ զգում. խոնջանք, գոհություն և միաժամանակ անհանգստություն: Սևանի հեռանալուց հետո մտքերս խառնվել էին, բայց հասկանում էի, որ հոգիս խաղաղեցնելու համար անպայման պիտի գլուխ բերեմ այն, ինչի մասին որոշել էինք: Բայց այն ամենն, ինչ կապված է Սևանի հետ, մի տեսակ ներքին ինքնազարգացում է ապրում»:
Լուսանկարները՝ հեղինակի և Արմինե Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել