
Պատգամավոր-թեկնածուները խորհրդարանում միլիարդներ են կուտակել
Հրանտ Գալստյան
Երկու օրից կայանալիք խորհրդարանական ընտրությունների թեկնածուները կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացրել ինչպես իրենց գույքն ու եկամուտները, այնպես էլ դրամական միջոցները: Թեև չենք կարող ասել, թե նրանց դրամական միջոցների որ մասն է իրականում հայտարարագրված, սակայն միայն ներկայացվածը փաստում է, որ ամեն 3-րդ թեկնածուն միլիոնատեր է:
Ամենաշատ դրամական կարողությունը կուտակել են իշխող Հանրապետական կուսակցության անդամները: Հանրապետական 213 թեկնածուների դրամական միջոցների գումարը կազմում է 22.1 մլրդ դրամ: Այս կուսակցությանը հաջորդում են «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը և Դաշնակցությունը:
Հիմնականում Հանրապետականից և «Ծառուկյան» դաշինքից են նաև միլիարդատեր թեկնածուները: Մյուս երկու թեկնածուները ՀՅԴ և «Հայկական վերածնունդ» կուսակցություններից են:
Թեկնածություն է առաջադրել նաև գործող պատգամավորների մեծ մասը: Նրանք հայտարարագրեր էին ներկայացրել նաև խորհրդարանական նախորդ ընտրություններից առաջ` 2012թ-ին: Նրանցից շատերը դրանից հետո նույնիսկ ելույթ չեն ունեցել Ազգային ժողովում, իսկ դրամական միջոցները շարունակել են աճել: Նույն թեկնածուի` այս և նախորդ ընտրությունների հայտարարագրերի համեմատությունը ցույց է տալիս, որ պատգամավորների մեծամասնության կարողությունը աճել է տասնյակ միլիոնավոր դրամներով: Ընդ որում, այս ցուցանիշը չի ներառում նրանց անշարժ և շարժական գույքն ու ընկերությունների բաժնեմասերը: Մի քանի պատգամավորների դրամական միջոցների տարբերությունը վերջին 5 տարիներին կազմել է նույնիսկ միլիարդներ: Ընդամենը մի քանի դեպքերում է թեկնածուների դրամական միջոցների նվազում գրանցվել:
պատկերները պատրաստվել են piktochart.com-ի միջոցով
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել