HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թե ինչպես Չարենցի «N.S.-ի հիշատակին»-ը Մորդովիայից հասավ Հայաստան

Այնպես էր ստացվել, որ ինձ մոտ էին հավաքվել 1965-ից հետո Մորդովիայի ճամբարներում հայ քաղբանտարկյալների կողմից բաժանորդագրված ու պահպանված թերթեր, ամսագրեր ու հանդեսներ, նաև մի քանի գիրք: 

Ես ձեռնարկեցի գաղութին խիստ անհարիր մի աշխատանք. հայկական գրադարանի ստեղծումը: Այդ գործում ինձ օգնեց Անդրանիկ Մարգարյանը: Մի քանի ամիս ամեն օր աշխատանքից հետո և կիրակի օրերին սուզվում էինք մեր ձեռքի տակ եղած գրականության մեջ, ընտրում ամենաարժեքավորները: Մենք, կարելի է ասել, մատենագիտական լուրջ աշխատանք արեցինք: Ստեղծվեց ըստ ոլորտներրի դասակարգված մեր «ճամբարային գրադարանը», որի նյութերից մեկի հետ ես «անձնական մտերմություն» ունեի և գուցե ոչ օբյեկտիվորեն այն համարում էի մեր ամենաարժեքավոր գրադարանային միավորը: Դա Համո Սահյանի խմբագրած վերջին «Գրական թերթն» էր, որտեղ Չարենցի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ` 1967թ. հունվարի 13-ին, տպագրված էր նկարչուհի Ռեգինա Ղազարյանի փրկած չարենցյան մասնունքներից «N.S.-ի հիշատակին» անտիպ պոեմից մի հատված:

Բայց «բանտային գրադարանն» էլ բանտարկյալի պես ստիպված էր ենթարկվել ամեն տեսակ ալեբախումների ու հարկադրանքի:

Մեզ հերթական անգամ անսպասելի տեղափոխեցին: Մորդովիայից Ուրալ մեկնելիս մեզ հետ տարանք մեր գրադարանի մի մասը: Իսկ երբ հինգ ամիս անց ինձ Պերմից նորից բերեցին Մորդովիա, ես կարողացա իմ տարածից միայն որոշ բաներ հետ բերել: Իմ գրադարանն էլ ինձ հետ տարուբերվում ու մաշվում էր:

Երկու տարի անց, բուռն իրադարձություններից հետո, ինձ տարան հիվանդանոց, հետո Երևանի բանտ, հետո` կրկին Ուրալ` Պերմ: Մեկնելիս ես չհասցրի իրերս  վերցնել, և իմ գրադարանը մնաց Մորդովիայում:

Այդ ընթացքում մորդովական մի ճամբարից իմ ճամբար էին տեղափոխել  Պարույր Հայրիկյանին, և այն ամենը, ինչ թողել էի, տվել էին նրան: Բայց որոշ ժամանակ անց Պարույրին այդտեղից նույնպես տեղափոխել էին, այս անգամ` դեպի Պերմ: Այդ ժամանակ էր, որ նրանից ստացա այս նամակը. «Քո արխիվի մի մասը ես վերցրի ինձ հետ, իսկ մնացածը ստիպված եղա թողնել: Եթե այնտեղ որևէ արժեքավոր բան կար, ներիր: Ես ամենը նայեցի,  բայց բոլորը վերցնելն ուժերիցս վեր էր և վերցրի միայն այն, ինչ թվաց հատուկ արժեքավոր: Նույնիսկ ստիպված եղա իմ գրքերի մի մասը թողնել…»:

Հատուկ արժեքավոր իրերս ստացա աքսորավայրում: Պարույրը ոչինչ չգիտեր իմ «չարենցյան մաքառումների» մասին, բայց ուրախությամբ տեսա, որ նրա ընտրած իրերի մեջ էր «N.S.»-ը` ինձ անկումից փրկած, ինձ հետ կալանավայրից կալանավայր, աքսորավայրից աքսորավայր դեգերած « N.S.»-ը:

Պատժիս սահմանված ժամկետը լրանալուց հետո, ես` «առանձնապես վտանգավոր պետական հանցագործս», Չարենցի կամ, թող Չարենցը ների, ի'մ «N.S.»-ի հետ միասին վերադարձա Հայաստան: Առաջին իսկ հարմար պահին պոեմը տպագրության հանձնեցի «Անկախություն» թերթում: Իսկ 2008թ. Չարենցի տուն-թանգարանում մեր գրականության «էյֆելյան աշտարակին» նվիրված միջոցառման ժամանակ Անահիտ Չարենցի զարմացած, հուզված, հիացական հայացքի առաջ պատմեցի այս պատմությունը ու թերթը նվիրեցի տուն-թանգարանին:

Ինձ հետ ու ինձ պես օտար ափերում թափառած իմ «N.S.»-ը գտավ իր վերջին հանգրվանը: Ուրախությամբ պետք է նշեմ, որ Չարենցի այս պոեմը ամբողջական` «Որպես գորշ դեղին տերևներ» վերնագրով տպագրվեց նրա ստեղծագործությունների «Նորահայտ էջեր» գրքում` գրականագետ Դավիթ Գասպարյանի աշխատասիրությամբ:

Ռազմիկ Մարկոսյան

.

Մեկնաբանություններ (1)

Hovhannes
Մովսես Գորգիսյանի հարցում ես լիովին համաձայն եմ Ռազմիկ Մարկոսյանի հետ; Երասխավանի կռիվներին ես մի շարք անգամներ գնացել եմ տղերքի մոտ, այն ժամանակվա թերթում երկու ընդարձակ հոդված տպագրել: կասկածի տակ առնել Մովսեսի հերոսությունն ու նահատակության փաստը, մեղմ ասած, բարոյական չէ: Ապրի Ռազմիկ Մարկոսյանը, որ այս ցավոտ վերքին բալասան է դնում` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ անվամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter