HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում գործում է «Փաստաբանական շտապօգնություն»

Եթե քաղաքացուն բերման են ենթարկել ոստիկանություն, ապա նա կարող է դիմել «Փաստաբանական շտապօգնություն»: Երևանում արդեն չորս ամիս է՝ գործում է «Փաստաբանական շտապօգնություն» ծառայությունը: Գաղափարի հեղինակը երիտասարդ փաստաբան, «Ղազարյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր Տիգրան Ղազարյանն է: Նա իր մի քանի ընկերների հետ նախաձեռնել է քաղաքացիներին անհետաձգելի ու արագ փաստաբանական օգնություն մատուցելու այս ծրագիրը:  

Տիգրանը 2010-14թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ապա մագիստրատուրայում, այժմ սովորում է նույն ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում՝ որպես ասպիրանտ: Նրա ատենախոսության թեման քրեական դատավարությունում քրեական վարույթ նախաձեռնելու հիմնախնդիրներն են:

Պրակտիկա է անցել գլխավոր դատախազությունում: Չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է աշխատել պետական մարմիններում՝ Հատուկ քննչական ծառայությունում՝ որպես գլխավոր մասնագետ, այնուհետև՝ Վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական:

Տիգրան Ղազարյանը «Հետքին» պատմեց «Փաստաբանական շտապօգնություն» ծառայության գործունեության, անհրաժեշտության ու նպատակների մասին:

-Տիգրան, ինչպես ծագեց «Փաստաբանական շտապօգնություն» ունենալու գաղափարը:

-Աշխատանքային պրակտիկայի ընթացքում շատ հաճախ էի հանդիպում  իրավիճակների, երբ մեղադրյալները նախաքննության ավարտին կամ արդեն գործի դատական փուլում տալիս էին հակառակ ցուցմունքներ, քան տվել էին մինչև քրեական գործի հարուցումը տրված բացատրություններում կամ որպես կասկածյալ, որպես մեղադրյալ առաջին հարցաքննության ժամանակ: Շատ դեպքերում դատարաններն արժանահավատ համարում էին սկզբնական ցուցմունքները՝ հաշվի առնելով, որ սկզբնական շրջանում որևէ ճնշում անձի վրա չի կիրառվել, անձը ինքնակամ է տվել ինքնախոստովանական ցուցմունքները: Լինում էին նաև իրավիճակներ, որ սկզբնական ցուցմունքները կամ բացատրությունները տվել էին առանց փաստաբան մասնակցության կամ ներկայության: Հետո երբ ներգրավվում էր փաստաբան, նրանք տալիս էին այլ ցուցմունքներ, մասնավորապես ասում էին, որ չունեն առնչություն դեպքի հետ, չնայած, որ սկզբնական շրջանում տվել էին, օրինակ, ինքնախոստովանական ցուցմունքներ:

Երբ մարդն առաջին անգամ է հայտնվում ոստիկանությունում կամ քննչական կոմիտեում, հոգեբանական լարվածություն կարող է առաջանալ: Դրանով պայմանավորված ցանկալի է, որ անձը ներկայանա փաստաբանի հետ: Փաստաբանի ներկայությունը կարևոր է: Նա տիրապետում է մասնագիտական գիտելիքների. այդպիսով ավելի արդյունավետ պայմաններ են ստեղծվում անձի իրավունքների իրացման, օբյեկտիվ իրականությունը ներկայացնելու առումով: Օրինակ՝ ավտոմեքենա արդյոք նստել է իր կամքով, թե իր կամքին հակառակ: Մեկ-երկու բառի տարբերությունը շատ էական ազդեցություն կարող է ունենալ մեկ այլ անձի ճակատագրի կամ հենց իր ճակատագրի վրա:  

Հետևաբար, տարբեր իրավաբանների հետ երկարաև քննարկումների արդյունքում առաջացավ «Փաստաբանական շտապօգնության» գաղափարը:

-Ե՞րբ է սկսել գործել «Փաստաբանական շտապօգնությունը»:

-Գաղափարը առաջացել է 2015-ին, սակայն իրականացման տեսանկյունից 2016-ի նոյեմբերի 10-ը ես կհամարեի «Փաստաբանական շտապօգնության» ծառայության սկիզբ: Այդ օրն է գրանցվել մեր առաջին կանչը «Ղազարյան և գործընկերներ» գրասենյակում:

-Ինչո՞ւմ է «Փաստաբանական շտապօգնության» էությունը:

-Օրինակ, անձին բերման են ենթարկում ոստիկանություն, նրա հարազատները, ընկերները, նրա հետ գտնվող ցանկացած անձ, անմիջապես հնարավորություն է ունենում մեզ դիմելու: Գործում ենք շուրջօրյա, հնարավորինս արագ ենք փորձում արձագանքել: Մինչ դեպքի վայր հասնելը, համապատասխան ցուցումներ ենք փորձում տալ քաղաքացուն, նրա հարազատին: Խորհուրդ ենք տալիս.

  1. Չստորագրել որևէ փաստաթղթի տակ
  2. Չտալ որևէ ցուցմունք, բացատրություն
  3. Չանել որևէ հայտարարություն
  4. Պահպանել լռություն
  5. Չդիմադրել և վեճի չբռնվել իրավապահների հետ
  6. Իրավապահներից պահանջել փաստաբանի մասնակցություն

Երբ քրեական գործ հարուցված չէ, հանրային պաշտպանի գրասենյակ դիմելու հնարավորություն չունեն քաղաքացիները: Պրակտիկայում տարածված անձին ոստիկանություն հրավիրելու պարագայում, օրինակ, հանրային պաշտպանը իրավական տեսանկյունից հիմքեր չունի ներկա գտնվել: Բայց գտնում ենք, որ փաստաբանների ներգրավումը այդ ժամանակ, շատ արդյունավետ կլինի, քանի որ անձը գտնվում է մի իրավիճակում, որտեղ մասնագիտական խորհրդատվության կարիք կա:

-Ի՞նչ կանխարգելիչ բնույթ կարող է ունենալ փաստաբանի ներկայությունը ոստիկանական բաժնում:

-Սկզբնական փուլում խնդիրները կանխարգելելու դեպքում, հետագայում դրանք լրացուցիչ բարդությունների չեն բերի: Օրինակ, եթե անձը սկզբնական փուլում տվել է ինքնախոստովանական ցուցմունք սթրեսով, հոգեբանական լարվածությամբ պայմանավորված, այնուհետև երբ հասկանալով իրավիճակը սկսում է ներկայացնել օբյեկտիվ ճշմարտությունն ըստ իրեն, ապա տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմինն արդեն խնդիր ունի պարզելու, թե որ ցուցմունքներն են ավելի արժանահավատ: Իսկ եթե անձը սկզբնական փուլում պահպանի լռություն, ապա խորհրդակցելով մասնագետի հետ՝ կատարի գործողություններ, ինչը կբխի իր շահերից:

-Ինչպե՞ս են ստացվում կանչերը, ովքե՞ր են շտապում դեպքի վայր:

-Յուրաքանչյուր կանչ, երբ գրանցվում է, տարածական առումով այդ պահին մոտ գտնվող փաստաբանն շտապում է դեպքի վայր: Մինչ դեպքի վայր հասնելը մենք փորձում ենք ստանալ քաղաքացու հարազատներից մեկի հրավերը:

- Ովքե՞ր են աշխատում «Փաստաբանական շտապօգնությունում»:

-Հիմնականում երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ են, որոնք նոր են ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր, սակայն դա որակական տեսանկյունից, կարծում եմ, չի ազդում գործի արդյունավետության վրա, քանի որ մենք համագործակցում ենք ավագ սերնդի փաստաբանների հետ, խորհուրդներ ենք ստանում, դրանք կիրառելով էլ փորձում ենք ավելի արդյունավետ դարձնել անձի իրավունքների պաշտպանությունը հենց դեպքի վայրում:

- Տեխնիկական առումով ինչպե՞ս է կատարվում կանչի սպասարկումը:

-Կանչ գրանցելու համար կան հեռախոսահամարներ, որոնք գործում են շուրջօրյա: Երբ քաղաքացին զանգում է մեզ, ճշտում ենք, թե որտեղ են անձին բերման ենթարկել: Մինչ դեպքի վայր հասնելը, լրացնում ենք հայտը: Մենք ունենք նաև ֆեյսբուքյան էջ, որտեղ էլ կարող են ծանոթանալ մեզ դիմելու ձևին, հեռախոսահամարներին: Իհարկե, դեռ ծրագիրը կատարելագործման փուլում է: Աշխատանքներ ենք տանում կարճ, հիշվող համար ունենալու համար, որ քաղաքացին պարզապես մտապահի այն ու զանգահարի անհրաժեշտության դեպքում:

-Ի՞նչ արժե մեկ կանչը:

-Կանչը 25 հազար դրամ է, թե դեպքի վայր ժամանել, թե ծառայությունը: Եվ այն պայմանավորված չէ ժամանակային առումով, անկախ նրանից, թե որքան կտևի մեր փաստաբանի ներկայությունը դեպքի վայրում, արժեքն այդքան է: Նպատակն այն է, որ քաղաքացին ոչ թե մտածի մատչելի փաստաբան գտնելու, այլ արագ փաստաբանական ծառայություն ունենալու մասին:

-Շատ հաճախ իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվում նաև անվճարունակ, սոցիալապես անապահով մարդիկ: Հնարավո՞ր է ժամանակի ընթացքում կանչի գնի վերանայում լինի:

-Կանչի գնի ավելացում չի լինելու, նվազեցում մոտ ապագայում, կարծոմ եմ, կլինի, համապատասխան ռեսուրսների ներգրավմամբ պայմանավորված:

-Քանի՞ կանչ է գրանցվել այս 4 ամսվա ընթացքում և ի՞նչ խնդիրներ եք կարողացել լուծել:

-Տասը կանչ ենք գրանցել, նրանցից յուրաքանչյուրը առանձին անձի պատմություն է: Նրանք բոլորն էլ առաջին անգամ էին հայտնվել ոստիկանությունում: Տասը կանչերից երկու անձինք օգտվելեն իրենց լռելու իրավունքից, մնացած դեպքերում որպես վկաներ տվել են ցուցմունքներ և միասին դուրս ենք եկել: 

-Կամավորներ ներգրավվա՞ծ են ծրագրում:

-Ծրագրի տարածման գործում շատ են օգնում կամավորները, նրանք ավելի շատ մարկետինգային աշխատանք են անում: Կամավորների մեծ մասը իրավաբաններ են, բայց ցանկալի է նաև ոչ իրավաբանների ներգրավումը: Բացի այդ, իրավունքի վերաբերյալ կարևոր հարց ու պատասխաններ ենք կազմում ու տարածում ոչ իրավաբանների շրջանում, օրինակ՝ 7 կարևոր հարց աշխատանքի ընդունվելիս և այլն, քանի որ իրավունքի վերաբերյալ իրազեկվածություն պիտի ունենա ցանկացած մասնագիտության տեր անձ: Բարձր իրավագիտակցություն ունեցող քաղաքացին հեշտությամբ կարող է լուծել ծագած խնդիրները:

-Հետևաբար արվո՞ւմ են արդյոք ծրագրեր քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ: Օրինակ՝ շատերը չգիտեն, որ իրավապահների հետ առնչվելիս ունեն լռելու իրավունք:

-Լռելու իրավունքի վերաբերյալ թրեյնինգ դեռևս չենք արել: Բայց աշխատանքի, ընտանեկան իրավունքի վերաբերյալ թրեյնինգներ կազմակերպել ենք 3 ավագ դպրոցներում: Ծրագիրը կոչվում է «Ապագա իրազեկ քաղաքացի», բխում է «Փաստաբանական շտապօգնության» ծրագրից: Կարծես՝ կանխարգելիչ դեր ունենա: Ցանկանում ենք նաև մարզերում իրականացնել այս ծրագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter