
Ափնա գյուղում այս պահին ակտիվ են հիմնականում ծերերը. պատճառը, ըստ քարտուղարի, «գոմի ժամն է»
Արագածոտնի մարզի Ափնա գյուղի 17/32 ընտրատեղամասը գտնվում է գյուղի միջնակարգ դպրոցում: Հանձնաժողովի նախագահ Արմեն Հայրապետյանը, որը ներկայացնում է ԲՀԿ-ն, «Հետքի» հետ զրույցում նշեց, որ 12:30-ի դրությամբ 389 ընտրողից քվեարկել է 115-ը:
Հիմնական խնդիրը, ըստ Հայրապետյանի ընտրողների դժվար կողմնորոշվելն է, դեպք է եղել, երբ անձը մնացել է քվեախցիկում 20 րոպե: Մեր այցի պահին ընտրողները հիմնականում 2-ական հոգով էին քվեարկում: Պատճառաբանությունն այն էր, որ ծերեր են ընտրողները, չեն կողմնորոշվում, ինչի համար նրանց օգնում են:
Ընտրողներից մեկը բաց քվեարկություն իրականացրեց մեր իսկ ներկայությամբ. նա ծրարը չքվեարկած թերթիկների հետ գցել էր աղբարկ, իսկ ընտրած թերթիկը հանել իր հետ խցիկից՝ հայտարարելով, թե ընտրել է «Ծառուկյան» դաշինքից Լյովա Խաչատրյանին: Այդուհանդերձ, նրան ուղղորդեցին խցիկից վերցնել ծրարն ու թերթիկը դնել դրա մեջ, ինչից հետո նրան թույլատրվեց քվեաթերթիկը գցել արկղը:
Այս պահին Ափնագյուղում քվեարկում են հիմնականում տարեցները: Հանձնաժողովի քարտուղարի բնորոշմամբ՝ պատճառն այն է, որ հիմա «գոմի ժամ է»:
Լուս.՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել