
ՀԿԿ-ի վստահված անձը փորձել է ուղղորդել ընտրողներին
Երեւանի թիվ 3/19 ընտրատեղամասում (Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան) ընտրողներից մեկը քվեարկել է եւ անձնագրի հետ լուսանկարել քվեաթերթիկը: Այս մասին մեզ հայտնեց ընտրատեղամասի դիտորդներից մեկը: Ընտարատեղամասի նախագահ ԲՀԿ-ական Հովիկ Հունայանը մեզ հետ զրուցում հաստատեց այս հագամանքը:
«Այդ քվեաթերթիկը մարել ենք: Դեպք է եղել, երբ ՀԿԿ վստահված անձը՝ Սարգիս Մաղդեսյանն ուղղորդել է ընտրողներից մեկին: Մարել ենք քվեաթերթիկը եւ ընրողին հնարավորություն ենք տվել նորից քվեարկել: Կազմվել է արձանագրություն», -նշեց նա:
Մեր այցելության ընթացքում Սարգիս Մաղդեսյանը պարբերաբար ներսուդուսր էր անում, մոտենում ընտրողներին, անընդհատ տեղաշարժվում ընտրատեղամասում:
«Չենք հեռացրել ընտրատեղամասից, պարզապես զգուշացրել ենք, որ էլ նման բաներ չանի»,- նշեց Հովիկ Հունայանը:
Հելսինկայն քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտորդ Մարիամ Ավետիսյանը մեզ հետ զրուցում հայտնեց, որ ՀԿԿ վստահված անձն առավոտից ագրեսիվ վարք է դրսեւորում, փորձում է վեճեր հրահրել հանձնաժողովի անդամների կամ վստահված անձանց ու դիտորդների հետ:
Նույն ընտրատեղամասի գրանցամատյանում գրանցված «Ելք» դաշինքի վստահված անձ Սրբուհի Վարդանյանը, ով ըստ գրանցամատյանի ընտրատղամաս էր ժամանել 7:00-ին, ընտրատեղամասում չէր: Նրա դուրս գալու ժամի դիմաց գիծ էր դրված: Մեր ճշգրտող հարցին՝ ինչու է գիծ դրված, այլ ոչ թե կոնկրետ ժամ նշված, հանձնաժողովի քարտուղար ՀՀԿ-ական Սաթիկ Գալստյանն արձագանքեց.
«Չգիտեինք՝ ինքը երբ է դուրս եկել, դրա համար է գիծ դրված: Բոլորին զգուշացնում ենք, որ մտնելիս ու դուրս գալիս գրանցվեն, բայց բոլորը չէ, որ այդպես են անում, բոլորի հետեւից էլ չենք կարող ման գալ»:
Ընտրատեղամասում բավականին ակտիվ է ընտրողների հոսքը: Տեւական ժամանակ է՝ դրսոում ընտրողների հերթ է գոյացել:
Ընտրողների թիվն այստեղ 1967 է: Քվեարկությանը մասնակցած անձանցից 29-ը չի կարողացել ինքնուրույն ընտրել:
Տաթեւիկ Սարգսյան
Մեկնաբանել