
Ու՞ր են «անհետացել» քրեական գործի նյութերը
Զարուհի Մեջլումյան
Հոր մահվան առեղծվածը պարզելու համար իրավաբանի մասնագիտությունն ընտրած Գայանե Հովհանյանը փնտրում է քրեական գործերից մեկի գտնվելու վայրը, սակայն դեռ ապարդյուն:
Բանն այն է, որ Գայանեի հոր՝ Գյանջիրով Հովհանյանի մահվան քրեական գործով կար նաև անջատված մաս, որը վերաբերում էր աշխատանքային փաստաթղթերում Գյանջիրով Հովհանյանի ստորագրության կեղծմանը: Մահացած Գյանջիրով Հովհանյանը աշխատել էր Արարատ քաղաքում՝ քարի արտադրամասում: Թեպետ դատաձեռագրաբանական փորձաքննությամբ հաստատվել էր, որ Գյանջիրով Հովհանյանի ստորագրությունը կեղծվել է, այդուհանդերձ քրեական գործը դարձյալ կասեցվել էր, այս դեպքում՝ մեղադրյալի ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով: «Այսինքն՝ ասում են, որ հորս ստորագրությունը կեղծել են, բայց չեն կարողանում նույնականացնել, թե ով է դա արել»,- ասաց Գայանե Հովհանյանը:
Կասեցման այս որոշումը ևս բողոքարկվում է դատական կարգով, մահացածի աղջիկը այն բողոքարկել է նաև վերադաս դատախազին: Դեռևս այս տարվա հունվարի վերջին Գլխավոր դատախազությունից ստացվել էր գրություն, ըստ որի Հովհանյանի դուստրը՝ տուժողի իրավահաջորդը, տեղեկացվում էր, որ ստորագրության մասով (ՔՕ 325 հոդվածի1-ին մասով) քրեական գործը կասեցման որոշմամբ ուղարկվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն՝ այտեղ քննված «մայր» քրեական գործին միացնելու հարցը քննարկելու նպատակով:
Գայանեն մեզ պատմեց, որ ինքն է ժամանակին դիմել քննիչին, որ երկու քրեական գործերը միացվեն, սակայն ապարդյուն:
Ըստ տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի` ակնհայտ է փաստաթղթեր, ստորագրություն կեղծելու մասով քրեական գործը դիտավորությամբ էին նախ անջատել, «որ փոշիացնեն, հանկարծ ոչ մի կերպ պատասխանատվության չենթարկվելու միտումով»:
Գայանեն համոզված է, որ չի կարող ինչ- որ մեկը գաղտագողի մտնել, գտնել իր հոր փաստաթղթերը, կեղծիքներ կատարել բազմաթիվ անգամներ «ու կողքը կամ դարձ երեսին միևնույն ժամանակ տնօրենը ստորագրի ու չկարողանան պարզել, թե ով է հորս ստորագրությունը կեղծողը: Կարծում եմ՝ ակնհայտ կերպով օգնում են կեղծողին՝ նրան պատասխանատվության չենթարկվելու համար», - ասում է Գայանեն:
Օրերս Գայանեն դարձյալ դիմել է Գլխավոր դատախազին՝ խնդրելով իր ուշադրության կենտրոնում պահել այս գործը: Բացի այդ նա ցանկանում է գտնել հոր ստորագրությունը կեղծելու վերաբերյալ վարույթի նյութերը: «Դրանք չեն ստացվել Քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում, այն չի վիճարկվում նաև Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում, քանի որ դատարանին չի տրամադրվել գործը, այդ գործի նյութերին ես նույնպես չեմ ծանոթացել», - գրում է Գայանե Հովհանյանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված դիմումի մեջ:
Նա ակնկալում է Գլխավոր դատախազի անմիջական օգնությունը՝ «հույսով, որ ամեն ինչ չէ, որ զոռբաների կարողությունների ու օրենքի և անօգնական տուժողների իրավունքների անտեսմամբ ու ոտնահարմամբ լուծվի»:
Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 26-ին 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի դին գտնվել էր Արարատ քաղաքից 3 կմ հեռու մասնավոր այգում՝ ծառից կախված վիճակում՝ բռնության հետքերով: Մինչ օրս մահացածի դուստրը համոզված է, որ հայրը ոչ թե ինքնասպան է եղել, կամ նրան հասցրել, դրդել կամ հակել են ինքնասպանության, այլ տեղի ունեցածը սպանություն է եղել, բայց որևէ մեկը պատասխանատվություն չի կրել:
Մեկնաբանել