
Վթարի վայրում ֆոտոլրագրող Շամշյանին ծեծել են
Երեկ երեկոյան՝ ժամը 21:40-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Չարենցի և Մխիթար Հերացի փողոցների գետնանցման հատվածից բերման են ենթարկել երեք երիտասարդի, ովքեր ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հավաքված քաղաքացիների նկատմամբ` շուրջ 15 րոպե խախտել են հասարակական կարգն ու հայհոյել, քաշքշել և հարվածներ են հասցրել այնտեղ իր մասնագիտական գործունեությունն իրականացնող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն»,- հաղորդում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Իսկ նշված միջադեպին նախորդել էր ճանապարհատրանսպորտային հետևյալ պատահարը. ժամը 21.10-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մխիթար Հերացու փողոցում բախվել էր «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային, որն էլ` «ՎԱԶ-21134» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներին:
Պատահարի հետևանքով «Օպել-Վեկտրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մեկնաբանել