
Ապրիլյան քառօրյայում վիրավորված Արսենը հաշմանդամ է ճանաչվել
«Հենց հիմա ընկերներով «Եղբայրական» գերեզմանոցում ենք»,- մեր հեռախոսազրույցի ժամանակ ասում է ապրիլյան քառօրյայի ժամանակ կամավորագրված կապանցի Արսեն Բադալյանը:
Մեկ տարի առաջ այս օրը Մատաղիսում կրակային դիրքը փոխելիս՝ մի խրամաբջիջից մյուս խրամաբջիջ տեղափոխվելու ընթացքում, վիրավորվել է ականի պայթյունից: «Գետնին ընկա, չհասցրեցի տեղափոխվել»,- դեռ ամիսներ առաջ մեր զրույցում պատմել էր նա: Պայթյունի հետևանքով Արսենի փայծաղն էր պայթել, ստամոքսը վնասվել, կոնտուզիա էր տարել: Նրան տեղափոխել էին Մարտակերտ, որտեղ հեռացրել են փայծաղը, վիրահատել ստամոքսը, ինչից հետո ուղղաթիռով տեղափոխվել է Երեւան՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Մինչ օրս, կամավորականի փոխանցմամբ, իրանի ձախ մասում ականի բեկոր կա:
Վիրավորումից ամիսներ անց Արսենը փորձել է հաշմանդամության կարգ ստանալ: Ասում է՝ կես մարդ է դարձել, ծանր աշխատանք չի կարող կատարել, հատուկ սննդակարգ են նշանակել, դրա համար գումար է անհրաժեշտ: Կարծում է, որ հաշմանդամության թոշակը մի բեռից կազատեր իրեն:
Նախորդ տարվա դեկտեմբերին Ա. Բադալյանը դիմել էր Սյունիքի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով (նախագահ՝ Անուշ Օրբելյան), որի որոշմամբ հաշմանդամ չէր ճանաչվել: Պատասխանել էին, որ օրգանիզմը ֆունկցիոնալ խանգարվածություն չունի, փայծաղը կենսական կարևորության օրգան չէ: Արսենը բողոքարկել էր այդ որոշումը, և Երևանում՝ ՀՀ ԲՍՓ գործակալությունում, վերափորձաքննություն էր նշանակվել:
«Վերափորձաքննության ժամանակ առողջապահության նախարարությունից ներկա բժիշկը զանգել էր Կապանի ԲՍՓ հանձնաժողով և ասել, որ տվյալ անձնավորությանը ոչ մեկը նորմալ չի ստուգել: Էնտեղ հարց էին տվել, թե կարողանո՞ւմ ես հաց ուտել, ախորժակի հետ կապված խնդիր ունե՞ս: Էդ բժիշկն իրենց ասաց՝ ո՞նց ես մարդը կարող ա ախորժակ ունենա, ախորժա՞կ եք թողել, հասկացեք, որ ոչ մի բան չեք արել իր համար»,- պատմում է Արսենը:
Այդուհանդերձ, վերափորձաքննությունը հաստատել է Կապանի հանձնաժողովի որոշումը:
Վերջինիս դիմելուց երեք ամիս անց Արսենը կրկին դիմել է փորձաքննության համար: Այս անգամ հանձնաժողովը որոշել է նրան 1 տարով հաշմանդամության երրորդ կարգ տալ: Արսենի ասելով՝ հանձնաժողովը նայել էր իր ներկայացրած վերջին հետազոտության արդյունքները և որոշել հաշմանդամ ճանաչել իրեն:
«Ես իրենց ասել էի էն ժամանակ, որ եթե դուք գտնում եք, որ ինձ կարգ չի հասնում, մինչև վերջ ձերն եք պնդելու, ես էլ իմն եմ պնդելու, որ ինձ կարգ է հասնում: Իրենք պատճառաբանում են, որ թերությունը եկել է հիվանդանոցի էպիկրիզից, բայց էս երկրորդ էպրիկիզով հասնում է»,- նշում է 23-ամյա կամավորականը:
Դեռևս փետրվարին գրավոր հարցում էինք ուղարկել պաշտպանության նախարարություն՝ հետաքրքրվելով, թե Արսեն Բադալյանի համար ինչ հատուցման կամ օգնության մեխանիզմներ ունի պաշտպանության նախարարությունը: ՊՆ-ն նշել էր, որ իր համակարգից ՀՀ օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության երաշխիքներից և արտոնություններից կարող են օգտվել միայն պատճառական կապի վերաբերյալ ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից կայացված համապատասխան որոշման առկայության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարերի կողմից հաշմանդամ ճանաչված անձինք: Այլ կերպ ասած՝ պիտի հաստատվի, որ հաշմանդամությունը մարտական գործողությունների ժամանակ ստացած վիրավորման հետևանք է:
Ըստ Արսենի՝ ամիսներ առաջ դիմել էր ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն, որտեղից ասել են, որ փորձաքննությամբ պատճառահետևանքային կապը հաստատվելու դեպքում կարող է հաշվառվել որպես զինհաշմանդամ: Ասում է՝ ինքը հաշվառվելու է որպես այդպիսին:
Հաշմանդամության թոշակը դեռ չի ստացել, նույնիսկ չգիտի, թե այն որքան է լինելու:
Հարցնում եմ, թե ապրիլյան դեպքերից մեկ տարի անց ինչ է զգում, պատասխանում է. «Դատարկություն... Ինչպես միշտ: Ո՞նց կզգա հիասթափված մարդը»: Կապանցի երիտասարդի խոսքով՝ վերևներում նստածների խելքը չի կտրում մտածել հողի համար կռված մարդկանց մասին: «Ամեն մարդ սայլը ձգում է դեպի իրեն, էնքան որ հարմար լինի իր համար»,- եզրափակում է նա:
Լուսանկարում ձախից՝ Ա. Բադալյանը
Մեկնաբանել