HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կուբայի քաղաքացին` հայաստանյան քրեակատարողական հիմնարկում

Մարտին քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց «ոմն Բարբարայի» մասին՝ նշելով, որ բացահայտվել է մշտական բնակության նպատակով Հայաստանի տարածքով ԱՄՆ մեկնումը կազմակերպելու պատրվակով կուբացիներից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությունը։

«Ոմն Բարբարայի» լրիվ անունը, նրան պատահածը «Հետքին» ներկայացրեց Կուբայի քաղաքացու պաշտպաններից Տիգրան Ղազարյանը:

Բարբարայի լրիվ անունը Բարբարա Լիմոնտա Մեգրետ է: Ծնվել է 1962 թ.-ին: 55-ամյա կինը արդեն մեկ ամսից ավելի նա գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում: Նախկինում դատված չի եղել: Մարտի 4-ին Կուբայի հանրապետության քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն): Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննչական կոմիտեի միջնորդությունը` Կուբայի հանրապետության քաղաքացի Բարբարա Մեգրետի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին:

Փաստաբան Տիգրան Ղազարյանը նշեց, որ խափանման միջոցի քննության ժամանակ քննիչի կողմից ներկայացված նյութերից են տեղեկացել, որ այս գործն ի սկզբանե հարուցվել է 2016-ի մայիսին՝ ԱԱԾ-ի կողմից ապօրինի միգրացիայի հատկանիշներով: Այն քննչական կոմիտե է փոխանցվել 2017-ի փետրվարին:

«Այդ ամբողջ ժամանակահատվածում տիկին Բարբարային որպես մեղադրյալ չեն ներգրավել, բնականաբար` նրա նկատմամբ ոչ խափանման միջոց է կիրառվել, ոչ էլ նա հարցաքննվել է,մի խոսքով՝ որևէ գործողություն չի կատարվել»,-ասում է Կուբայի քաղաքացու պաշտպանը՝ նշելով, որ 8-9 ամիս անց միևնույն ապացուցողական բազայով ներկայացվում է կալանքի միջնորդությունը և առաջին ատյանի դատարանը բավարարում է:  

Փաստաբան Տիգրան Ղազարյանի փոխանցմամբ, կալանքի միջնորդության մեջ քննիչը նշել է, որ Բարբարան Մեգրետը հանդիսնում է Կուբայի քաղաքացի, հետևաբար Հայաստանում մշտական բնակության վայր չունի: Սակայն բնակության վայրը հաստատելու համար փաստաբանները ներկայացրել են դիմում բնակարանի սեփականատիրոջ կողմից, որը հավաստում է՝ տիկին Բարբարան նշված բնակարանում բնակվում է դեռևս 2016 թ-ից:

Պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել նաև գրավի կիրառումը անթույլատրելի համարելու մասով: Վերաքննիչ դատարանում Բարբարա Մեգրետի փաստաբանները ներկայացրել են Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի ու պետական կառավարման կոմիտեի կողմից տրված տեղեկանքը, որի համաձայն, դիմումը ներկայացնող անձը հանդիսանում էր հենց տվյալ հասցեի սեփականատերը: Սակայն վերաքննիչ քրեական դատարանը պատշաճ չի համարել՝ պատճառաբանելով փաստաթուղթը ստորագրված չլինելու հանգամանքը, թեպետ առկա է եղել գերատեսչության կնիքը: Այդ հարցի վերաբերյալ պաշտպանները դիմում են ներկայացրել Կադաստր, որտեղից ստացվել է պարզաբանում՝ փաստաթուղթը պատշաճ է ներկայացված:

Վերաքննիչ դատարանն արդեն իսկ մերժել է բողոքը: Պաշտպանները վճռաբեկ բողոք են պատրաստվում ներկայացնել՝ կալանքը վերացնելու և գրավի թույլատրելիության մասով:

Մեղադրյալի կարգավիճակում է նաև Բարբարայի դուստրը՝ Լեյինե Լիմոնտան: Նրա նկատմամբ էլ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Սակայն դստեր անձնագիրը գտնվում է Քննչական կոմիտեում, ինչի պատճառով նա զրկվել է քաղաքացիական գործարքներ կատարելու իրավունքից: Պաշտպանները դիմել են Լեյլե Գոմեսի անձնագիրը վերադարձնելու պահանջով, սակայն ստացվել է պատասխան, որին կցվել է միայն անձնագրի պատճենը: Անձնագիրը Լեյինե Լիմոնտային չի վերադարձվել:

Ըստ մեղադրանքի, մայր ու դուստր Կուբայի քաղաքացիներից գումարներ են վերցրել, որպեսզի ապահովեն նրանց մուտքը ԱՄՆ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter