
Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ. հանձնվել շեյխերին
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 8-ի նիստում որոշել է Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմանում ընդգրկված պետական անտառներից և անտառային հողերից 147.51 հեկտարը պահպանության նպատակով, անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով տրամադրել «ԷՅ ընդ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ին։
Կառավարության նիստում այս որոշման նախագիծը ներկայացրել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Անտառների պահպանումը հանձնված է հենց այս նախարարությանը: Հիմա տեսնենք, թե ինչ հիմնավորում է ներկայացրել նախարարը անտառային հողերը անհատույց անժամկետ իրավունքով տրամադրելով շեյխ Մուհամմեդ Մուսալլամին եւ ԱԺ պատգամավոր Գագիկ Աբրահամյանին:
Մեջբերում. «1990-ական թվականներին վառելիքաէներգետիկ ճգնաժամի պատճառով կատարված չհամակարգված հատումները մեծ վնաս են հասցրել Հայաստանի Հանրապետության անտառներին: Դրանց մեծ մասը դեգրադացվել են, կորցրել ինքնավերականգնման հատկությունները, ինչպես նաև չեն կատարում իրենց բնապահպանական (հողապաշտպան, ջրակարգավորիչ, հակաէրոզիոն) ֆունկցիաները: Զարգացել են հողատարման և էրոզիոն պրոցեսները: Էներգետիկ ճգնաժամի պատճառով տուժել են նաև Կոտայքի մարզի անտառները և անտառային հողերը, որոնք ունեն լուրջ պահպանության կարիք: Ուստի, դեգրադացված անտառների պահպանությունը հանրապետության համար հանդիսանում է առաջնային խնդիր»:
Այս նախագծում կա նաեւ մի ուշագրավ մաս: Մեջբերենք մի հատված հասարակության մասնակցության մասին տեղեկանքից. ««Էյ Ընդ Էմ Ռեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն անտառային հողերից տարածք տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հասարակությանը չի իրազեկվել: ««Էյ Ընդ Էմ Ռեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն անտառային հողերից տարածք տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակմանն ու քննարկումներին մասնակցություն չի ունեցել»:
Պարոնայք կառավարության անդամներ, դեգրադացված են նաեւ Արարատյան դաշտավայրի հողերը, Լոռու, Տավուշի, Սյունքի անտառները, ճահճանում է Սեւանա լիճը…. : Այս բոլոր տարածքները հանձնեք մի քանի շեյխերի եւ ավարտեք Ձեր առաքելությունը: Դրանից հետո կիմանանք, թե ո՞ւմ կարող ենք պահանջներ ներկայացնել:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել