
ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է լեյտենանտ Արտակ Նազարյան մահվան գործը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մարտի 14-ին կոմունիկացնել է 2010թ. հուլիսին, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն գործած, վաշտի հրամանատար, լեյտենանտ Արտակ Նազարյան գործը։ ՄԻԵԴ-ը դիմել է ՀՀ կառավարությանը՝ տալով 16 շաբաթ ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի ֆեյսբուքյան գրառումից:
Մասնավորապես՝ ՄԻԵԴ-ն այսպիսի հարցադրումներն է արել ՀՀ կառավարությանը.
1․ Արդյո՞ք առկա գործում խախտվել է Արտակ Նազարյանի կյանքի իրավունքը, որը երաշխավորված է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով։
2․ Նկատի ունենալով կյանքի իրավունքի ընթացակարգային պաշտպանությունը՝ արդյո՞ք առկա գործով հայրենի իշխանությունների վարած հետաքննությունը ոտնահարել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը։
3․ Արդյո՞ք դիմողների տրամադրության ներքո եղել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով ներպետական ատյաններում արդյունավետ լուծման հնարավորություն, ինչպես նախատեսված է Կոնվենցիայի 13-րդ հոդվածով։
Լեյտենանտի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ երկու դիմում է ներկայացնել ՄԻԵԴ 2012-ին և 2014-ին: Առաջին դիմումը վերաբերում է նախաքննության ընթացքի գրեթե բոլոր նյութերին մատչելիություն չունենալուն:
«Այն բոլոր ապացույցները, որ կարևոր էին մեզ համար, չէին տրամադրվում»,-նշեց Մուշեղ Շուշանյանը՝ ավելացնելով, որ բոլոր դատական ատյաններում այդ մերժումները բողոքարկվել են, ապա հարցը վիճարկվել է Սահմանադրական դատարանում, որից հետո բողոքն ուղարկվել է Եվրոպական դատարան:
«Մենք ի սկզբանե չենք ընդունել ինքնասպանության վարկածը, մենք պնդել ենք, որ Արտակ Նազարյանը սպանվել է: Ստիպում էինք, որ նախաքննության ընթացքում այդ ու այլ վարկածներ էլ քննության առնեին, սակայն անարդյունք՝ իրականում բազմակողմանի, այլ վարկածների քննության շուրջ քննություն չտարվեց»,-շեշտեց փաստաբան Շուշանյանը:
Երկրորդ գանգատն ուղարկվել է ՄԻԵԴ՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման մասով. «Խախտվել է Արտակ Նազարյանի կյանքի իրավունքը, պետության բացառիկ հսկողության տարածքում, ինչպիսին զորամասն է, պետությունը անձի կյանքի պահպանության պարտականություն ունի, ինչը չի կատարել, բացի այդ արդյունավետ քննություն չի իրականցրել, բոլոր մեղավոր անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու մասով»:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանն, ով նախաքննության սկզբից տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի և փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի հետ զբաղվել է այս գործով, ասում է, որ խայտառակ նախաքննություն է իրականացվել. «Պատկերացրեք՝ զենքի վրա մատնահետք չկար, քննիչն ասում էր, որ վերցրել է այն ձեռքով, այսինքն՝ ուզում էր ասել, որ եթե մատնահետք եղել է, ինքն է ջնջել: Արտակ Նազարյանին ամրակցված բոլոր 120 փամփուշտները տեղում են եղել: Նրա մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ էին հայտնաբերվել: Սակայն բացարձակ որևէ քննություն այդ մասով չէր կատարվել: Ամբողջությամբ հորինված կեղծ մի վարկած էր դրել շրջանառության մեջ նախաքննության մարմինը: Իբր վիճաբանել էր մի քանի օր առաջ զինակիցների հետ ու հոգեկան ապրումների տակ ինքնասպան եղել: Սա ամբողջովին հերքվում է նաև հենց իրենց քննած քրեական գործի նյութերով»,-արձանագրում է փաստաբանը:
Բացի այդ, Շուշանյանը համոզված է՝ դեպքի վայրը փոխվել է, դեպքի վայրում արյուն, ուղեղանյութ չի հայտնաբերվել: Ինչն ավելի քան տարօրինակ է՝ այլ պարկուճ է ուղարկվել փորձաքննության:
Դատարանում վկաները հերքել են իրենց նախաքննական ցուցմունքները, այդուհանդերձ դատավճռի հիմքում դրվել են հենց նրանց նախաքննական ցուցմունքները: Մինչդեռ հատկանշական է, որ դրանք տրվել էին վկաների՝ Ռազմական ոստիկանության մեկուսարանում պահվելու ընթացքում: Շուշանյանը նշեց, որ ՄԻԵԴ-ը վկաների պահվելուվայրի մատյանները ևս պահանջել է:
Մեկնաբանել