
«Դիլիջանի ազգային պարկ»-ից հատված ծառերի վնասը 1,9 միլիոն դրամ է կազմել
«Հետք»-ը այսօր նամակ է ստացել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից, ով հայտնել է, որ ծանոթ է մեր՝ մարտին 27-ին հրապարակած՝ «Դիլիջան ազգային պարկի հատված ծառերը» և մարտի 28-ի՝ «Ազգային պարկը չի կարողանում կանխել գյուղացիների կողմից կատարվող ծառահատումները» նյութերին:
Մարզպետը տեղեկացրել է, որ «Դիլիջան ԱՊ-ն» (Դիլիջանի ազգային պարկը) բնապահպանության նախարարության ենթակայության կառույց է, այդ պատճառով այդ ծառահատումների մասին մարզպետարանը տեղյակ է պահել բնապահպանության նախարարության Տավուշի տարածքային պետական տեսչության բաժնին։ Այդ կառույցը մարտի 27-30-ն ընկած ժամանակահատվածում պարկում հայտնաբերել և արձանագրել է ապօրինի ծառահատման 4 դեպք և 14 հատված ծառի վերաբերյալ կայացվել է վարույթ։
Արդյունքում՝ հաշվարկվել է պետությանը պատճառված վնասի չափը. այն կազմել է գրեթե 1,9 միլիոն դրամ։ Հովիկ Աբովյանը հավելել է, որ դեպքի մասին նաև տեղյակ են պահել մարզի դատախազին:
Հիշեցնենք՝ մարտին 27-ին հոդված էինք հրապարակել, որտեղ Տիգրան Շահբազյանը պատմել էր, որ ընկերների հետ արշավով գնացել էր «Դիլիջան ազգային պարկ» և տեսել էր բազմաթիվ հատված ծառեր:
Օրեր առաջ էլ Դիլիջանի ոստիկանական բաժնից գրություն էինք ստացել, որտեղ նշված էր, որ ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարաները՝ Լևոն Գալստյանի
Մեկնաբանել