
Երրորդ օրն է՝ պատգամավորները չեն գալիս ԱԺ նիստին
ԱԺ նիստ կրկին չկայացավ։ Նիստին ներկա էր 17 պատգամավոր, բացակա՝ 113-ը, իսկ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն։
«Մեր շարքերը չեն նոսրանում։ Էսօր 17 պատգամավոր է գրանցվել։ Հուսով եմ, որ աստիճանաբար կվերադառնանք բնականոն աշխատանքային հուն», - ասաց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանովը կրկին ծափահարություններով շնորհավորեց նոր խորհրդարան անցած պատգամավորներին, մասնավորապես` Վահրամ Բաղդասարյանին։ Ապա կրկին հայտարարեց, որ կհանդիպեն 15։00-ին՝ պատգամավորների ներկայության դեպքում նիստ գումարելու համար։
Հիշեցնենք, որ ԱԺ քառօրյա նիստը գումարվել է երկուշաբթի օրվանից, սակայն մինչ օրս չի հաջողվում նիստ գումարել՝ քվորում չապահովելու պատճառով։ Չորս անգամ ժամանակ է տրվել պատգամավորներին՝ նիստին ներկա գտնվելու համար, սակայն նրանք չեն եկել։ Երկուշաբթի օրը նիստին ներկա էր 16 պատգամավոր, երեկ էլ` 10-ը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել