HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք պայքարում ենք մեր ձևով». Clocker

Գայանե Սարգսյան

«Անկեղծությունը պետք է առաջին պլանում լինի, արվեստում չի կարելի կեղծել»,- ասում է շուրջ երկու տարի գործող վանաձորյան Clocker ռոք խմբի հիմնադիր Ալբերտ Իսահակյանը, ով խմբի բոլոր երգերի բառերի հեղինակն է ու նաև կատարողը:

Երգչի կարծիքով՝ այսօր հայաստանյան խմբերի մեծ մասին (այդ թվում նաև ռոք) պակասում է հենց անկեղծությունը, ինչը հանդիսատեսն անմիջապես զգում է:

Նախկինում նաև անգլերենով ստեղծագործող Ալբերտի երգերը հիմա միայն հայերեն են: Ասում է՝ օտար լեզուն թույլ չի տալիս հանդիսատեսին հասցնել ասելիքը:

«Հիմա շատերի երգերը անգլերեն են կառուցվում, ես էլ ունեի այդ խնդիրը, հետո հասկացա, թե ինչ է նշանակում ռոք երգել անգլերենով: Հայերեն տեքստում դու մեսիջ ես ուղղում մարդկանց, անգլերենի դեպքում դու կարող է ոչինչ չտաս, իրենք քաղում են զուտ վիճակը՝ ոչ տեքստային առումով, որովհետև շատերին այդքան էլ հասանելի չէ, թե դու ինչ ես ասում...»:

Ալբերտի դիտարկմամբ՝ անգլերենով ներկայանալու պատճառներից մեկն էլ արտերկրում հեշտությամբ ճանաչելի դառնալու մղումն է, ինչն արդարացված չէ:

«Հայաստանում դուրս գնալու, դրսում հայտնի դառնալու իլուզիաները միշտ կա չէ՞: Միշտ մտածում ենք՝ էստեղ մեզ չեն հասկանում, դրսում կհասկանան, կգնահատեն ու նաև այդ պատճառով է, որ անգլերեն ենք երգում: Բայց իրականում ի՞նչ է կատարվում: Եթե մենք գործում ենք Հայաստանում, հայաստանյան խումբ ենք, ունենք Հայաստանին հարիր խնդիրներ, իմ երգերն էլ իմ խնդիրների մասին են, իսկ Անգլիայում կամ Ամերիկայում արդյո՞ք իմ խնդիրներն ակտուալ են»,- հարց է ուղղում երգիչն ու ինքն էլ պատասխանում՝ չեմ կարծում: Ու եզրահանգումը մեկն է՝ մենք ապրում ենք Հայաստանում ու այստեղ պետք է երգել հայերեն:  

Ընկերոջ հետ համակարծիք է նաև խմբի կիթառահար Տիրայր Մխիթարյանը:

«Հայաստանյան ռոք խմբերն ունեն լեզվի խնդիր, երգում են անգլերեն, որը հիմնականում լավ որակի չէ, դրանով չես կարող դուրս գալ համաշխարհային շուկա ու մրցակցել եվրոպական խմբերի հետ: Ստացվում է՝ ոչ այնտեղ ես լավ, ոչ էստեղ ես լավ: Պետք է քո մայր լեզվով ստեղծագործես, թեկուզ Եվրոպայում էլ նվագես քո մայրենի լեզվով: Այդպես կարող ես շատ ավելի լավ արդյունքի հասնել»,- ասում է նա:

Եթե երգերի բառերը հեղինակում է Ալբերտը, ապա երաժշտությունն ստեղծվում է  թիմային աշխատանքի արդյունքում: Երգի ստեղծմանը Տրիայրից ու Ալբերտից զատ մասնակցում են նաև բաս կիթառահար Սևադա Հովհաննիսյանը, թմբկահար Հրանտ Վարդումյանն ու կիթառահար Էրիկ Խանոյանը, որն այժմ ծառայում է զինված ուժերում:

Ալբերտի խոսքով՝ իր ստեղծած երգերում արտացոլվում են առկա քաղաքական սոցիալական խնդիրներն ու, ինչպես յուրաքանչյուր անհատ, խումբը ևս փնտրում ու գտնում է պայքարելու իր տարբերակը:

«Մի օր դու ուղղակի պայթում ես, չես կարող չխոսել, չես կարող քեզ հեռու պահել քաղաքականությունից, որովհետև քաղաքակնությունն է գալիս քո հետևից: Երբ բախվում ենք ինչ-որ խնդրի, որն ստեղծում է իշխանությունը, մենք բոլորս դառնում ենք այդ քաղաքականության հետևանքը, այսինքն՝ տրամաբանորեն դառնում ենք ակտիվիստ: Կարելի է տարբեր մեթոդներով պայքարել, մենք պայքարում ենք մեր ձևով»:

Clocker-ում վստահ են, որ ռոքը պայքարող տեսակի երաժշտություն է, այն չի կարող ու չպետք է լինի իշխանության կողքին:

«Ընդունված է ասել, որ ռոք երաժշտությունը բողոքի երաժշտություն է ու սկզբնավորման ժամանակ՝ 60-70-ականներին այն ավելի շատ բողոք է իր մեջ պարունակել հենց թեկուզ քաղաքական թեմաներով, սիստեմին դեմ գնալով: Հայաստանում քաղաքականությունը մեր վրա ամեն օր ազդում է, մենք դա զգում ենք, և եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի ձևով դա դրսևորվում է մեր երգերում»,- նշում է Տիրայրը:

Օրինակ բերելով 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերը` երաժիշտն ասում է. «Դա մարդկային իրավունքների կոպիտ ոտնահարում էր: Այդպիսի դեպքում պարտադիր է, որ դու որպես քաղաքացի, որպես արդարության ձգտող անհատ կամ խումբ քո ձայնը բարձրացնես: Բայց այդ ժամանակ եթե ոչ բոլոր ռոք խմբերը, ապա գերակշիռ մասը չարեց դա»:

կիթառահար Տիրայր Մխիթարյանը

Ու եթե նման գործընթացներում զրուցակիցս պարտադիր է համարում ռոք խմբերի հստակ մոտեցումների բարձրաձայնումը, ապա քաղաքական գործընթացներում, մասնավորապես՝ քարոզարշավներում ռոքի ներգրավման դեպքում այլ տեսակետ է դրսևորում.

«Իհարկե, Եվրոպայում կան խմբեր, որ միայն արվեստով են զբաղված, քաղաքականության հետ կապ չունեն: Հայաստանում բարդ է. էստեղ անընդհատ այդ խնդիրը կա, քաղաքականությունից չես կարողանում հեռու մնալ: Հաճախ նաև ռոք խմբերին դիմում են քարոզարշավներում ներգրավվելու առաջարկներով: Դա նորմալ է, եթե խմբի անդամներն անկեղծորեն ասում են, որ այդ քաղաքական ուժի կողմնակիցն են, նրանց գաղափարները կիսում են, իրենց համար նվագում ու հայտարարում, որ դա քաղաքականություն է, ոչ թե գնում ընտրարշավին մասնակցում, քարոզարշավումներում ներագրավվում ու ասում՝ սա քաղաքականություն չէ, մենք ուղղակի երգում ենք»:

Նորաստեղծ շատ ռոք խմբերի նման Clocker-ը ևս անընդհատ բախվում է ֆինանսական խնդիրների: Երկու տարվա ընթացքում ստեղծած երգերը ձայնագրելու ու սկավառակ թողարկելու համար խումբը վերջերս դիմել էր երաժշտասերների ու հատկապես խմբի համակիրների օգնությանը: Համացանցում հայտարարված դրամահավաքի արդյունքում հաջողվել է հավաքել մոտ 1350 դոլար, որը բավարար է ձայնասկավառակ թողարկելու համար: Համակիրների աջակցությունը տպավորիչ է եղել խմբի անդամների համար: «Այն ավելին է, քան սոսկ ձայնասկավառակի թողարկման համար արված հատկացումը»,- ասում են նրանք:

«Ֆինանսական խնդիրները միշտ կոտրելու հատկություն ունեն: Այսօր երաժիշտը չի կարող իր երաժշտությամբ տուն պահել կամ գոնե իր մինիմալ ծախսերը հոգալ: Ու դա է պատճառը, որ ես սիրում եմ հայկական խմբերի էն մասին, ովքեր դիմանում են էդ պրոցեսին: Մեզ պահողն էլ հավատն է, որ մի օր կփոխվի ինչ-որ բան ու երաժշտությունդ քեզ կպահի»,- ասում է Ալբերտը:

Նա ռոք խմբերի առկայությունը կարևոր է համարում նաև նոր սերնդին դաստիարակելու, ոգևորելու առումով: Անկեղծանում է՝ ոգևորության իր մասնաբաժինը ինքն էլ ժամանակին ստացել է ավագ սերնդի ռոք խմբերից ու առավելապես Վանաձորում համերգային ծրագրերով հաճախակի հանդես եկող «Լավ էլի»-ից:

Վանաձորում ստեղծագործող խումբը թեև համերգներով հանդես է գալիս առավելապես հարազատ քաղաքի սահմաններից դուրս, հիմնականում Երևանում, սակայն սիրելի ծննդավայրից տեղափոխվել չեն ուզում:

Վստահ են՝ նվագելու, ստեղծագործելու համար Վանաձորը հրաշալի վայր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter