Կստեղծվի մաքսակետերում ավարտված աշխատանքների ընդունման հանձնաժողով
Կառավարության կողմից կստեղծվի Բագրատաշեն և Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետերում իրականացված և ավարտված աշխատանքների ընդունման հանձնաժողով։ Գործադիրն այսօրվա նիստում չքննարկվող կարգով հաստատեց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի ներկայացրած այս առաջարկը։
Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված փաստաթղթերում՝ այդ հանձնաժողովում կընդգրկվեն ներկայացուցիչներ ՊԵԿ-ից, ոստիկանությունից, առողջապահության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, ֆինանսների նախարարություններից, քաղաքաշինության պետական կոմիտեից, ազգային անվտանգության ծառայությունից և միավորված ազգերի կազմակերպությունից։
Ինչպես արդեն հայտնել էինք՝ «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագիրը մեկնարկել է 2013-ին։ Դրա նպատակը սահմանների համալիր կառավարման ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխանող համակարգերի ներդրումն է: 60,6 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության դրամաշնորհային և վարկային այլ միջոցների հաշվին, իսկ կառավարության կողմից աշխատանքները համակարգում է պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ-ը նախատեսում էր անցակետերը համալրել ավտոմեքենաների որոնման և վերահսկման համակարգերով և կիրառել «Մեկ պատուհան» սկզբունքը, որը թույլ կտա պարզեցնել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերը` բացառելով գործառույթների կրկնությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել