HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուրջ 2 տարվա դատական քաշքշուկ 34.000 դրամի համար

Մհեր Ղալեչյան-Գայանե Խաչատրյան լրագրողական ամուսնական զույգը վերջին տարիներին ստիպված է դատական ատյաններում ու պետական այլ մարմիններում պայքարել իր խախտված իրավունքների վերականգնման համար: Կռվախնձոր է դարձել Աղբյուր Սերոբի փողոցում գտնվող նրանց ու հարևան Հովնիկյանների սեփական տների միջև գտնվող նեղ ճանապարհը:

Թե' Հովնիկյանները, թե' Ղալեչյան-Խաչատրյան ամուսինները պնդում են, որ տների միջև ընկած տարածքն իրենց է պատկանում: Երկու ընտանիքներն էլ ունեն սեփականաշնորհման վկայական:

Գայանե Խաչատրյանն ասում է, որ Վարդան Հովնիկյանը կեղծ փաստաթղթերի միջոցով է սեփականացրել իրենց հողատարածքը, իսկ կեղծ հատակագիծը նրան տվել է Կադաստրի աշխատակից Վարազդատ Փիրումյանը։ Ներկայիս գլխավոր դատախազ, այն ժամանակ Երևանի նախկին դատախազ Արթուր Դավթյանը ուսումնասիրել է այդ խարդախության գործը, ընդունել, որ խնդիրներ կան, բայց քրեական գործ այդպես էլ չի հարուցել, մեղադրանք չի առաջադրել կեղծարարներին, թեև, Գայանեի պնդմամբ, կադաստրային գործում կան խարդախության հստակ ապացույցներ:

Վիճարկվող տարածքին առնչվող հայցը դեռ քննվելիս է եղել Վարչական դատարանում, սակայն Վարդան Հովնիկյանը, չսպասելով դատարանի որոշմանը, հենց վիճարկվող տարածքում 2015-ին սկսել է շինարարություն` նախ կտրելով Գայանե Խաչատրյանի ընտանիքին պատկանող թթենին, ապա քանդել ցանկապատը:

Վարչական դատարանն ի օգուտ Ղալեչյան-Խաչատրյան զույգի է վճիռ կայացրել (ՎԴ/4518/05/12), սակայն քաղաքապետարանը բողոքարկել է վերաքննիչ դատարան, հիմա էլ գործը Վճռաբեկ ատյանում է: Քաղաքապետարանը պահանջում է իր մասով չեղարկել փորձագետների և այլ ծախսերի հատուցման պարտականությունը։

Գայանե Խաչատրյանը «Հետքին» է տրամադրել լուսանկարներ, որտեղ երևում է շինարարությունն ու երկու հարևանների դռների միջև առկա չնչին տարածությունը, ինչն էլ անհարմարության ու պարբերական վեճերի պատճառ է դառնում:

Երկու տների միջև եղած վիճելի տարածքը

Իրավունքի վերականգնման փոխարեն քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել

2015-ին արդեն երկու հարևանների միջև եղած կոնֆլիկտը սրվել է այն աստիճանի, որ բանը հասել է ֆիզիկական բռնության. «Հարևան 52/3 տան սեփականատեր Վարդան Հովնիկյանը 2015-ին 3 անգամ հարձակվել և բռնություն է գործադրել կնոջս՝ Գայանե Խաչատրյանի նկատմամբ»: Սակայն առաջին դեպքի հետ կապված քրեական գործի հարուցումը մերժվել է հետաքննիչի կողմից: Իսկ 2015-ի հուլիսի 5-ին և 12-ին տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր: Հուլիսի 5-ի գործը թեպետ միացվել է հուլիսի 12-ի գործին, բայց դրան անդրադարձ այլևս չի կատարվել: Ինչպես Գայանեն է ասում' փորձում են մոռացության մատնել։

«Եթե ժամանակին իրավապահների կողմից չխրախուսվեր անպատժելիությունը, բնական է, որ բռնության մյուս դեպքերը չէին լինի»,-համոզված է «ՉԻ» թերթի տնօրեն Մհեր Ղալեչյանը:  

2015-ի հուլիսի 12-ին դարձյալ միջադեպ է տեղի ունեցել հարևանների միջև: Հարուցվել է քրեական գործ, որը մինչ այժմ քննվում է դատարանում: Մեղադրյալներ են ճանաչվել երկու հարևանները` թե' Վարդան Հովնիկյանը, թե' Մհեր Ղալեչյանը: Երկուսի նկատմամբ էլ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Մհեր Ղալեչյանն ասում է, որ շուրջ երկու տարի է` ասես գտնվում է գերու կարգավիճակում այս քրեական գործի պատճառով, անգամ չի կարողանում բացակայել հանրապետությունից, իսկ պատճառը 34.000 դրամի վնասն է, ըստ տուժող ճանաչված Մարիամ Հովնիկյանի ցուցմունքի:

Իսկ Վարդան Հովնիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015-ի հուլիսի 12-ին, ժամը 18:00-ի սահմաններում Աղբյուր Սերոբ 52/3 տան բակում իրենց հարևանությամբ բնակվող Գայանե Խաչատրյանի և նրա ամուսին Մհեր Ղալեչյանի հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, տեսնելով, որ Գայանե Խաչատրյանը գտնվում է իրենց տան դռան հետևում, ոտքով հարվածել է դռանը, որը դիպել է Խաչատրյանի գլխին: Գայանեն ստացել է գանգուղեղային վնասվածք:

Մեղադրանք` բջջային հեռախոսի էկրանը կոտրելու համար

Ըստ մեղադրանքի, Մհեր Ղալեչյանը հարևանի` Վարդան Հովնիկյանի և նրա ընտանիքի անդամների հետ վիճաբանության ընթացքում, տեսնելով, որ նրա դուստր Մարիամ Հովնիկյանը բջջային հեռախոսով նկարահանում է վիճաբանությունը, ձեռքից վերցրել է այն ու հարվածելով գետնին: Մեղադրանքը առաջադրվել է տուժող Մարիամ Հովնիկյանի և նրա հարազատների ցուցմունքների հիման վրա, որոնք բոլորն էլ շահագրգիռ կողմ են: Ըստ գործի նյութերի, վնասել է հեռախոսի էկրանը, Հովնիկյանի դստերն, ըստ ապրանքագիտական փորձաքննության, պատճառվել է 34.000 դրամի գույքային վնաս: Սակայն չի կատարվել որևէ այլ փորձաքննություն, թեկուզ մատնադրոշմային` պարզելու համար արդյոք կային Ղալեչյանի մատնահետքերը հեռախոսի վրա:

Այս գործը դատարանում քննվում է շուրջ 1 տարի 4 ամիս

Մեղադրանքը ստանալուց հետո էլ Մհեր Ղալեչյանը չի հավատացել, որ ինքը մեղադրյալի կարգավիճակում է, անգամ կարծել է, թե դա կատակ է: Ինչպես ինքն է պնդում`«որևէ հեռախոսի չի կպել, չի գցել, չի կոտրել: Փաստորեն մենք դիմում ենք իրավապահներին, որ մեր իրավունքները պաշտպանվեն, նշում ենք, որ կինս տուժել է և այլն, փոխարենը ինձ են մեղադրանք առաջադրում»: Ասում է, որ կա անգամ տեսագրությունը, որը, սակայն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապացույց չի ճանաչել: Մհեր Ղալեչյանի կինը` Գայանե Խաչատրյանը մեզ է տրամադրել 2015-ի հուլիսի 12-ի միջադեպի ձայնագրությունը:

2015-ի հուլիսի 12-ի դեպքի ձայնագրությունը, որը դատարանը ապացույց չի ճանաչել

Դատավոր Դավիթ Գրիգորյանը մերժել է նաև դեպքին ականատես երկու այլ հարևաններին դատարան հրավիրելու մասին միջնորդությունը: Այսպիսով` Ղալեչյանի պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն է հայտնել դատավորին, ինչը, սակայն, դարձյալ մերժվել է: Դատական վերջին նիստը չի կայացել դատավորի հիվանդության պատճառով: Հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 2-ին:    

«Հետքը» ծանոթացավ քրեական գործի նյութերին, որը Մհեր Ղալեչյանին տրամադրվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում: Ավելի ճիշտ կարողացանք ծանոթանալ դրանց այն մասին, որին հնարավոր էր, քանի որ բազմաթիվ էջեր պարզապես անհնար էր ընթերցել տպիչի թանաքի պատճառով: Թե ինչպես պետք է Մհեր Ղալեչյանն իրացնի իր պաշտպանական իրավունքը, մնում է միայն ենթադրել:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանից տրված նյութերի մի մասն ընթեռնելի չէ

Հարևան Հովնիկյաններին, ըստ Մհեր Ղալեչյանի, հովանավորում են Արաբկիրի դատախազությունում. «Դատախազ Կարեն Բարսեղյանը, կարծես, Վարդան Հովնիկյանի փաստաբանի դերում հանդես գա»: Նրա կարծիքով, դատախազը ինչ-որ կերպ շահագրգիռ է, որ Հովնիկյանը քրեական պատասխանատվության չենթարկվի:

Մհեր Ղալեչյանը պատմեց, որ Հովնիկյանների հետ կապված խնդիրներ ունեցել են նաև մյուս հարևանները, օրինակ Աղբյուր Սերոբի 52/7 տան բնակիչները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter