
Գտնվել են «անհետացած» գործի նյութերը
Արարատ քաղաքի բնակչուհի Գայանե Հովհանյանը, ով փնտրում էր հոր հետ կապված քրեական գործերից մեկի գտնվելու վայրը և այդ կապակցությամբ դիմում էր գրել Գլխավոր դատախազին, օրերս պատասխան է ստացել:
Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հոր` Գյանջիրով Հովհանյանի ստորագրությունները կեղծելու դեպքի առթիվ հարուցված, ապա կասեցված քրեական վարույթի նյութերը դեռևս այս տարվա հունվարի 25-ին ուղարկվել են Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն` նույն ՀԿԳ ավագ քննիչ Արա Մկրտչյանին, ում վարույթում է քննվել նաև Գայանեի հոր մահվան գործը: Գրված է նաև, որ դատարանը գործը չի պահանջել: «Ես ներկա եմ եղել, և դատավորը իմ ներկայությամբ պահանջել է քննիչից և դատախազից ներկայացնել գործի նյութերը դատարան»:
Գայանե Հովհանյանը զարմացած է. «Փաստորեն ես գործի նյութերն եմ փնտրում արդեն մի քանի ամիս, բայց պարզվում է` և՛ քննիչը, և՛ դատախազը տեղյակ են եղել, թե որտեղ է գործը»: Մինչդեռ, ինչպես Գայանեն է ասում, դատախազությունից ստացած առաջին նույնաբովանդակ պատասխանի մասին հայտնել է թե՛ քննիչին, թե՛ դատախազին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, երբ լսվում էր բուն քրեական գործի կասեցման որոշման բողոքարկումը:
«Հետքը» շարունակում է հետևել այս քրեական գործի զարգացումներին, դատական վիճարկումներին: Հիշեցնենք, որ խոսքը 2013թ. հունիսի 26-ի դեպքի մասին է, երբ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի դին գտնվել էր Արարատ քաղաքից 3 կմ հեռու մասնավոր այգում՝ ծառից կախված վիճակում՝ բռնության հետքերով: Մինչ օրս մահացածի դուստրը համոզված է, որ հայրը ոչ թե ինքնասպան է եղել, կամ նրան հասցրել, դրդել կամ հակել են ինքնասպանության, այլ տեղի ունեցածը սպանություն է եղել, բայց որևէ մեկը պատասխանատվություն չի կրել:
Գայանեի հոր՝ Գյանջիրով Հովհանյանի մահվան քրեական գործով կար նաև անջատված մաս, որը վերաբերում էր աշխատանքային փաստաթղթերում Գյանջիրով Հովհանյանի ստորագրության կեղծմանը: Մահացած Գյանջիրով Հովհանյանը աշխատել էր Արարատ քաղաքում՝ քարի արտադրամասում: Թեպետ դատաձեռագրաբանական փորձաքննությամբ հաստատվել էր, որ Գյանջիրով Հովհանյանի ստորագրությունը կեղծվել է, այդուհանդերձ քրեական գործը դարձյալ կասեցվել էր, այս դեպքում՝ մեղադրյալի ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով: «Այսինքն՝ ասում են, որ հորս ստորագրությունը կեղծել են, բայց չեն կարողանում նույնականացնել, թե ով է դա արել»,- ասաց Գայանե Հովհանյանը:
Տուժողի իրավահաջորդ, հոր մահվան իրական պատճառները պարզելու ճանապարհին իրավաբանի մասնագիտությունն ընտրած Գայանեն ասում է, որ ինքն է ժամանակին դիմել քննիչին, որ երկու քրեական գործերը միացվեն, սակայն, ապարդյուն:
«Իսկ այժմ պարզվում է, որ երկու գործերի նյութերը մեկ փաթեթում են: Որն է նպատակը` արդեն կասեցված որոշումներով գործերը պահել մեկ տեղում»,- ասում է Գայանեն:
Ի դեպ, տուժողի իրավահաջորդը շեշտում է` այդ գործի նյութերին ինքը չի ծանոթացել:
Մեկնաբանել