HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջանցելով ցուրտը, խնայելով միջոցներն ու փնտրելով ֆինանսավորում. գիտության էնտուզիաստ հայ կենսաքիմիկոսները

«Հարգելի աշխատակիցներ, խնդրում ենք խնայել ջուրը եւ էլեկտրաէներգիան». այս խնդրանք-կոչը փակցված է ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի վերելակի պատին: Հենց հոսանքի խնայողության համար էլ ինստիտուտի աշխատակիցները այս ձմռանը շուրջ 50 օր (35 աշխատանքային օր) արձակուրդում են անցկացրել: Ծախսերը շատ են, ինստիտուտի բյուջեն՝ ոչ բավարար:

Կենսաքիմիայի ինստիտուտը Գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի կառույցներից է, կրում է կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, բիոքիմիկոսների եւ նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր Հրաչյա Բունիաթյանի անունը: 1943-ից Բունիաթյանը ղեկավարել է Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի կենսաքիմիայի սեկտորը, իսկ  1961-ին հիմնադրել է Կենսաքիմիայի ինստիտուտը եւ մինչեւ կյանքի վերջը՝ 1981 թ., ղեկավարել այն: 1982-ին կառույցին տրվել է հիմնադրի անունը:

Ինստիտուտը մասնագիտացած է նեյրոքիմիայի՝ նյարդային համակարգի կենսաքիմիայի ոլորտում: 2012-ից ինստիտուտի տնօրենը կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Չաիլյանն է:

Երբ գալիս է ձմեռը

Կենսաքիմիայի ինստիտուտում շրջելիս երկու իրականության ես բախվում՝ 7-հարկանի շենքի (7-րդ հարկը համարվում է կիսատ հարկ, որտեղ գտնվում է նաեւ մարզադահլիճը) միայն 5-րդ հարկն է վերանորոգված:

Ինստիտուտի երկար, մռայլ միջանցքներով քայլելիս դժվար թե պատկերացնես, որ գտնվում ես գիտական կառույցում: 4 հարկերի պատուհանները ցուրտ ամիսներին ցելոֆաններով են փակում, իսկ եղանակի տաքանալուց հետո դրանք ամրացնում են քիվերի մոտ՝ հետագայում կրկին գործածելու նպատակով: Շենքը ջեռուցվում է գազի վառարանների ու էլեկտրական ջեռուցիչների («պլիտաների») միջոցով:

Ձմռանը միայն պահակներն ու վարչական աշխատողներն են լինում այստեղ: Ջրատար խողովակները ցրտի պատճառով ժամանակ առ ժամանակ սառչում ու պայթում են: Շենքի ամեն հարկը ջեռուցելու համար, ըստ տնօրենի, անհրաժեշտ է մոտ 5 միլիոն դրամ: Իսկ այսօր ինստիտուտն այդ հնարավորությունը չունի:

Փոխարենը 5-րդ հարկն ամբողջությամբ տարբերվում է՝ եւ՛ տաք է, եւ՛ լուսավոր: Տնօրեն Չաիլյանն առհասարակ խուսափում է կոնկրետացնել, թե ում միջոցներով է նորոգվել այս հարկը, նշում է միայն, որ պետբյուջեի կամ դրամաշնորհների շրջականերում չի արվել, այլ իր ընկերների միջոցով, իր լավ շրջապատ ունենալու շնորհիվ:

Չնայած հենց 5-րդ հարկում է Ս. Չաիլյանի որդու՝ Գոռ Չաիլյանի ղեկավարած լաբորատորիան, տնօրենն ասում է, որ այս հարկն ամենավատ վիճակում էր, դրա համար էլ վերանորոգումը հենց այստեղ է արվել, բայց շատ կցանկանար, որ իր ղեկավարած ինստիտուտում բոլոր հարկերն էլ այդ տեսքն ունենային: Ավելացնում է, որ իր սենյակը չվերանորոգված 3-րդ հարկում է, որտեղ նաեւ վարչական աշխատողներն են:

Սամվել Չաիլյանը շեշտում է, որ խորհրդային տարիներին գիտությունը զարգանում էր, ֆինանսավորումն ավելի շատ էր, սակայն 90-ականներից հետո, Ղարաբաղյան պատերազմի, տնտեսության անկման արդյունքում ու մի շարք այլ օբյեկտիվ պատճառներով ֆինանսները կրճատվեցին: Գիտնականն ասում է, որ ներկայում Հայաստանում գիտությունը գոյատեւում է, ինչին զուգահեռ ինստիտուտները փորձում են ստանալ դրամաշնորհներ, ձեռք բերել նոր սարքավորումներ եւ կիրառական արդյունք տալ:

Կրճատում՝ հանուն խնայողության

ԿՔԻ-ն ներկայում ունի 12 լաբորատորիա, սակայն, ըստ տնօրենի, գիտխորհրդի հետ քննարկումների արդյունքում որոշել են կրճատել քանակը՝ դարձնելով 6 կամ 8: Ս. Չաիլյանի խոսքով՝ լաբորատորիաների կրճատման նպատակը գումարների փոշիացումից խուսափելն է, հավելում է, որ ստրատեգիկ նշանակություն ունեցող լաբորատորիները մնալու են:

Տնօրենի փոխանցմամբ՝ ինստիտուտում երիտասարդացման գործընթաց է սկսվել, մեծահասակները վաստակած հանգստի պետք է գնան, միեւնույն ժամանակ նկատում է. «Մեծահասակ աշխատողները ջահել էին, երբ աշխատանքի են եկել, եւ այսօր ասել, թե գնացեք ձեր տուն, գոյատեւեք ձեր թոշակով, դա մի քիչ ճիշտ չէ, կոմպրոմիսների ենք գնում, մեծահասակները գիտական խորհրդատուներ են դարձել, կամաց-կամաց թեթեւացնում ենք նրանց աշխատանքը, երիտասարդներն են փոխարինում նրանց»:

Ինստիտուտի աշխատակիցների թիվը վերջին 2 տարիներին նվազել է. եթե 2015-ին այստեղ աշխատում էր 146 հոգի, ապա այսօր՝ 125:

ԿՔԻ աշխատակիցներ
Create pie charts

Ներկա 125 հոգուց 82-ն է գիտաշխատող, որոնցից 12-ը դոկտոր են, 51-ը՝ թեկնածու:

Նվազագույն աշխատավարձ են ստանում 36-ը՝ 55 հազար դրամ (հարկերը հանած): Ինստիտուտում ամենաբարձր աշխատավարձը ստանում է տնօրենը՝ 230 հազար դրամ (հարկերը հանած): Լաբորատորիայի վարիչների աշխատավարձն էլ 110 հազար դրամ է (հարկերով), գումարած՝ դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճանի հավելավճարը՝ համապատասխանաբար 50 եւ 25 հազար դրամ, որոնք եւս հարկվում են: Մյուսների համեմատ բարձր աշխատավարձ ստացողների թվում են նաեւ առաջատար գիտաշխատողները, վարչակազմը, դրամաշնորհ ստացողները:

«Մեր գիտաշխատողը ստանում է 60.000 դրամ, նվազագույնը 55.000 է, եւ ցավալին այն է, որ ձգտումը դեպի գիտություն գնալով նվազում է, որովհետեւ ջահելությունը չի ուզում աշխատել այդ գումարով: Եթե ընտանիք կա, երեխա կա, շատ դժվար է»,- նշում է Սամվել Չաիլյանն ու հավելում, որ գիտնականը կյանքի ձեւ է, եթե մեկ անգամ դառնում ես, այդպես էլ ապրում ես:

ԿՔԻ
Create bar charts

Բացի պետբյուջեի հատկացումներից՝ ԿՔԻ-ն դրամաշնորհներ է ստանում տեղական ու արտասահամյան կազմակերպություններից: Ներկայացնենք այս գումարներն ընդհանրական տեսքով ըստ վերջին տարիների (դրամաշնորհների մի մասը տրամադրվել է մի քանի տարվա կտրվածքով)՝

2014- 18 մլն դրամ, 10.500 դոլար, 9.050 եվրո,
2015- 9 մլն դրամ, 15.000 դոլար,
2016- 7.000 դոլար:

«Մեր երկրում գիտությունը գիտնականների էնտուզիազմի վրա է»

Ադենիլային միացությունների նյութափոխանակության լաբորատորիայի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, կենսաբանական գիտությունների թեկնածու Ալվարդ Անտոնյանն ասում է, թե լավ ժամանակ ենք այցելել իրենց, դրամաշնորհ են ստացել, աշխատանք ունեն: Շեշտում է, որ պետական ֆինանսավորմամբ խոշոր սարքավորումներ չեն կարող գնել, իսկ դրամաշնորհների միջոցով կարողանում են ձեռք բերել նյութեր ու որոշ սարքեր:

«Ամեն ինչի խնդիր ունենք, մի քանի ամիս հետո վերջանալու է այս գրանտը, հետո նորից հայտնվելու ենք կոտրված տաշտակի առաջ, պիտի սկսենք մտածել, թե ինչ միջոցներ գտնենք, որովհետեւ գիտությունն անընդհատ զարգանում է, դրա համար անընդհատ փնտրում ենք»,- նշում է Ա. Անտոնյանը:

Արտասահմանյան գիտական ամսագրերում տպագրվելու համար որոշ ճանապարհներ են գտնում: «Երկրի գիտության վիճակը շատ վատ է, ես կասեի, որ մեր երկրում գիտությունը գիտնականների էնտուզիազմի վրա է»,- ավելացնում է գիտաշխատողը:

Սպեկտրալ լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Սոնա Մարդանյանն էլ կարծիք է հայտնում, որ խորհրդային տարիներին էլ իրենց վիճակը լավ չէր, միեւնույնն է՝ Մոսկվայի գիտության համեմատ երկրորդական էին: «Մեծ դժվարությամբ էինք գումար պոկում եւ՛ ռեակտիվների, եւ՛ սարքավորումների համար, խոչընդոտներ եւ դժվարություններ էին լինում»,- ասում է նա: Տիկին Սոնան հպարտ է, որ Հայաստանն անկախ է, եւ համոզված է, որ անկախությունը չէ մեղավոր, որ գիտության վիճակն այսօր այսպիսին է, մեղավորը, ըստ նրա, անկախության ժամանակների մեր ղեկավարներն են: Նա ցույց է տալիս նոր սարքավորումներից, որոնք ստացել են վերջերս, ապա նաեւ սառնարանը, որի անհրաժեշտությունը զգում էին: Ստացվում է, որ հայ գիտնականները նույնիսկ սովորական նոր սառնարան ստանալու համար են ուրախանում:

Կենսաքիմիայի ինստիտուտը բիզնես նախագիծ է ներկայացրել կառավարությանը

Ինստիտուտի գիտաշխատողներն ասում են, թե շենքային պայմանները թող չխաբեն, թե գործ չի արվում, հակառակը՝ կառույցն այսօր էլ արդյունք է գրանցում, պարզապես սովորություն չունեն գովազդել իրենց:

Սամվել Չաիլյանի խոսքով՝ դեռ 4-5 տարի առաջ ասում էր, որ ինստիտուտում պետք է զարգացնեն կիրառական ուղղությունը: Սակայն կիրառական արդյունք տալու համար էլ պետության ֆինանսավորումն է անհրաժեշտ:

«Երբ կիրառականը զարգանում է, իր եկամուտների մեծ մասը տալիս է գիտության նոր զարգացումների, այսինքն՝ մենք մեզ պետք է փորձենք ինքնաֆինանսավորենք, բայց դա շատ դժվար է, որովհետեւ մեր բազան շատ վատ վիճակում է»,- ասում է տնօրենը, ապա ճշգրտում, թե ինքը փող չի խնդրում, այլ նախագծեր է փորձում ներկայացնել, գումար ստանալ եւ աշխատել դրանով: Այս տարի կառավարությանը ներկայացրել է բիզնես նախագիծ, հույս ունի, որ ֆինանսավորում կստանան:

Խոսքն ակադեմիկոս Արմեն Գալոյանի հայտնաբերած պրեպարատի մասին է: Գալարմինը  (PRP-1, proline-rich polypeptide) oժտված է հակավիրուսային եւ հակաբակտերիալ ակտիվությամբ, կարող է հետագայում կիրառվել իմունադեֆիցիտների եւ տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների բուժման համար: Պաշտպանում է ալյումինի նեյրոտոքսիկ ազդեցությունից եւ հականեյրոդեգեներատիվ ազդեցություն է դրսեւորում ողնուղեղի հեմիսեկցիայի, վնասվածքների ժամանակ: Գալարմինը, սակայն, նախակլինիկական հետազոտություն պետք է անցնի, ինչի համար անհրաժեշտ է մոտ 5 միլիոն դոլար:

«Եթե պրեպարատը կյանք մտնի, պետությանը միլիոնների եկամուտ կբերի եւ կվաճառվի որպես դեղորայք»,- ասում է Սամվել Չաիլյանը, ապա ավելացնում, թե հասկանում է կառավարությանը, որ ցանկություն ունի օգնելու, բայց հնարավորություն չունի: «Մենք պիտի աշխատենք չխնդրել, աշխատանքով ստանանք»,- ասում է գիտնականը:

Վերջին տարիներին, նրա խոսքով, սկսել են ավելի շատ տպագրվել արտասահմանյան ամսագրերում, ինչից հետո հեղինակները պարգեւատրումներ են ստանում ինստիտուտից: «Կամաց-կամաց ստիմուլներով առաջ ենք գնում, կարեւորը՝ մեզ չխանգարեն»,- նշում է տնօրենը: Իսկ թե ով է խանգարում, խուսափելով ասում է՝ եղանակը:

Ինստիտուտը համագործակցում է միջազգային գիտական կենտրոնների հետ: ԿՔԻ-ում գործում է Կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիան: Վերջինս 2002-ից անդամակցում է Կենսաքիմիկոսների եվրոպական միությունների ֆեդերացիային (Federation of European Biochemical Societies- FEBS):

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի, Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter