Արարատ Խանդոյանին վիրահատում են
Ամալյա Մարգարյան
Արարատ Խանդոյանին տեղափոխել են «Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը: «Հետքի» հետ զրույցում փաստաբանը նշեց, որ վիրահատությունն այս պահին շարունակվում է. «Մեկ տարի առաջ Խորենացի փողոցում ոստիկանների կողմից հատուկ միջոցներ են կիրառվել: Այդ ժամանակ Արարատ Խանդոյանի ոտքերի մոտ նռնակ է պայթել, որի հետևանքով Խանդոյանի մոտ տեսողական խնդիրներ են առաջացել: Դեպքից ութ ամիս անց նրան վիրահատում են»,- հայտնեց փաստաբանը:
Պաշտպանը նշեց նաև, որ Արարատ Խանդոյանը վնասվածք ստանալուց հետո «Նուբարաշեն» քրեակատարողական կենտրոնում հայտնել է իր առողջական վիճակի մասին, սակայն ներկայացրած դիմումներին ընթացք չի տրվել: «Վերջերս քաղաքացիական հիվանդանոց ստուգման են ուղարկել, պարզվել է, որ հրատապ վիրահատություն պիտի կատարվի: Բոլոր փաստաթղթերը պատրաստ էին, թույլտվություն կար, սակայն անհիմն ձևով ձգձգվում էր: Ես դիմումներ ներկայացրի «Նուբարաշեն» ՔԿՀ, մամուլում խնդիրը բարձրաձայնվեց: Այսօր տեղեկացանք, որ վիրահատությունն է կատարվելու»,-հայտնեց Արա Ղարագյոզյանը:
Փաստաբանը նշեց նաև, որ վիրահատության կատարվում է պետպատվերի շրջանակում:
Պաշտպանը ներկայացրեց, որ Արարատ Խանդոյանը տեսողության վատացման պատճառով գանգատվում էր նաև գլխացավերից: «Նա այսօր մեղադրյալի աթոռին է, բայց պիտի հակառակը լիներ, Արարատ Խանդոյանը տուժող պետք է լիներ»,-հավելեց պաշտպանը:
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը մեղադրվում է 2016-ի հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել