
ՀՀ քաղաքացի. «17 տարվա անդիպլոմ իրավաբան եմ»
Կապանի բնակիչ, Կապանի ավտոնորոգման գործարանի երբեմնի աշխատակից Արամ Դավթյանը խմբագրություն էր եկել քրեական ու քաղաքացիական մի քանի գործերի նյութերով` պատմելով իր իրավունքների տևական խախտումների մասին:
Մասնագիտությամբ մեխանիկն այնքան լավ էր տարբերում նոր ու նոր երևան եկած հանգամանքները, իրավաբանական լեզվով շարադրում ասելիքը, որ թվաց` իսկապես իրավաբանական կրթությամբ քաղաքացու հետ եմ զրուցում:
Հարցրեցի` իրավաբա՞ն եք: «17 տարվա անդիպլոմ իրավաբան եմ... ինքս ինձ իրավապահներից պաշտպանելու, դատական սխալները վեր հանելու ճանապարհին առանց դիպլոմի իրավաբան եմ ինձ զգում»,- ասաց Արամը, ով 2017-ին է վերադարձել ազատազրկման վայրից` 6 տարվա ազատազրկումից հետո:
Այսօր «Դավթյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գանգատը գտնվում է ՄԻ Եվրոպական դատարանում: ՀՀ քաղաքացին գանգատում նշել է, որ ներպետական դատարանները խախտել են արդար դատաքննության իր իրավունքը` Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, պետությունը խախտել է նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածը:
Մասնավորապես, ըստ գանգատում ներկայացված փաստերի, անձը 2011-13 թթ-ին գտնվելով ազատազրկման վայրում` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, պահվել է անմարդկային պայմաններում: Դավթյանը նշեց, որ ՄԻԵԴ-ից ստացել է պատասխան. այն վարույթ է ընդունվել:
«Մոտ 20 քառակուսի մետր տարածքում 2 հարկով 12 մահճակալ կար: Խուցը մշտապես լեփլեցուն էր` միջինը 18 կալանավոր...մահճակալները բոլորին չէր հասնում և մեծ մասամբ քնում կամ հանգստանում էին հերթով: Հիգիենան զարհուրելի էր, օդափոխման համար պատուհանը նախատեսվածից փոքր է, և ես հաճախ ունենում էի շնչահեղձության նոպաներ: Զուգարանից գարշահոտություն էր տարածվում: Սնունդն անորակ ու փչացած էր, այդ պատճառով սնվում էի միայն հարազատներիս ուղարկած սննդով»,- կարդում ենք Արամ Դավթյանի ՄԻԵԴ ուղարկած գանգատի մեջ:
«Հետքին» դիմած քաղաքացին պատմեց, որ ամեն ինչ սկսվել է դեռևս 17 տարի առաջ` 2000 թ.-ին, երբ առաջին անգամ առնչվել է իրավապահ համակարգի հետ: Իսկ պատճառը Արցախի ազատագրված տարածքներից Կապան տեղափոխված 15 թանկարժեք ջերմաքարշեր են եղել, որոնք ինքն, ըստ կնքված պայմանագրի, պիտի տեղափոխեր Երևան: «Ու հանկարծ ինձ մեղադրեցին: Անունը դրեցին խարդախություն, յուրացում ու տարան Գարիսի բանտ»:
Այս գործով Դավթյանն արդարացվել է, սակայն, իր պատմելով, վերադարձել է ապօրինի կալանքից ու հայտնաբերել, որ ջերմաքարշերը չկան: «Հետո իմացա, որ թանկարժեք ջերմաքարշերը ջրի գնով` հատը 10.000 ԱՄՆ դոլարով, վաճառել էին Իրանին: Պարզվեց, որ ջերմաքարշերի 100 կմ-անոց գիծն էլ են քանդել»: 17 տարի է` Արամ Դավթյանը փորձում է պարզել, թե ինչպես և ում թեթև ձեռքով է «փոշիացվել» թանկարժեք բարիքը:
Այդ ճանապարհին նրան մի քանի անգամ տարբեր մեղադրանքներ են առաջադրվել: Ըստ Դավթյանի` իրեն «պատժում» են բյուջե մուտքագրվելիք գումարների համար պայքարելու, դրանց տեղը մատնացույց անելու համար, իր բառերով ասած` քրեական հետապնդման միջոցով փորձում են լռեցնել:
Գալով իրեն մեղադրանքներ առաջադրելու թեմային` Արամ Դավթյանը նշեց, որ այս անգամ` 2017-ի սկզբին ազատազրկման վայրից դուրս գալով անգամ հանրապետության վարչապետին է գրել բյուջե մուտքագրվելիք 1 մլրդ գումարի գտնվելու վայրի մասին: Նա պնդում է, որ այդ գումարները կան, սակայն չկա կամք դրանք պետական բյուջե վերադարձնելու համար:
Դավթյանի ասելով, կա նաև այլ պատճառ իրեն «պատժելու»` իր ունեցվածքը խլելու, իրավապահների կողմից «տանիք» կանգնելու միտումը:
Ծանաթանալով քրեական ու քաղաքացիական գործերի նյութերին` տեղեկանում ենք, որ Արամ Դավթյանը 2003-08 թթ.-ին աշխատել է «Մաժեստիկ» ՍՊԸ-ում, կատարել է տնօրենի, գլխավոր հաշվապահի ու գանձապահի պարտականությունները: Նա, հանդիսանալով հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչություն հաշվառված «Մաժեստիկ» ՍՊԸ տնօրենը, 2003- 2006 թթ. բնօգտագործման հաշվարկ հաշվետվությունները պակաս ցույց տալու եղանակով` խուսափել է պետական բյուջե վճարել առանձնապես խոշոր չափերի հասնող` ավելի քան 43 մլն դրամ հարկի և սոցիալական վճարի գումար: 2008-ին նրան մեղադրել են հարկերից չարամտորեն խուսափելու համար, ապա կարճել գործը:
2011-ին դարձյալ Արամ Դավթյանին մեղադրել են այս անգամ ընկերության պակասորդի համար, իր տնօրինած ընկերության գումարները` շուրջ 14 մլն դրամ յուրացնելու ու առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու համար: Վերջին մեղադրանքով նա դարձյալ արդարացվել է, իսկ յուրացման համար դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Արամ Դավթյանը, վերադառնալով ազատություն, փորձում է վերականգնել իր իրավունքները, դիմել է նաև բարոյական վնասի փոխհատուցման համար:
«Տարօրինակն այն է, որ ինձ արդարացրել են առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, բայց պատժել յուրացման համար: Եթե չկա առաջինը, ինչպես կարող է լինել երկրորդը»,-ասում է Դավթյանը:
Այսօր ՀՀ քաղաքացին սպասում է Եվրոպական դատարանի որոշմանը, զուգահեռաբար արդեն մի քանի անգամ դիմել է Վճռաբեկ դատարան նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերջին քրեական գործը վերանայելու խնդրանքով, սակայն դեռ ապարդյուն:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել