
«Եղբայր, օրենքով բռնել եք, օրենքով էլ դատեք». կայացավ դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստը
Ելենա Արամյան
«Իմ քրեական գործով դատախազական հսկողությունը իրավասու է և պարտավոր է իրականացնել միայն ՀՀ գլխավոր դատախազը, ուրիշ ոչ ոք»,- այս մասին այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալ Իշխան Բարսեղյանը:
Բարսեղյանի կարծիքով՝ դատախազ Կարեն Բիշարյանը, ով այժմ պաշտպանում է իր քրեական գործով մեղադրանքը, չի համարվում պատշաճ մեղադրող, քանի որ վերջինս չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել՝ դատավարական լիազորություններ չունենալու պատճառով:
Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ դատավորի կողմից կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդությունը:
«Եղբա՛յր, օրենքով բռնել եք, օրենքով էլ դատե՛ք»,- իր խոսքում ասաց ամբաստանյալը՝ խնդրելով դատարանին դատախազ Բիշարյանին հեռացնել գործի վարույթից:
Իշխան Բարսեղյանը
Վերջինիս պաշտպաններից Արայիկ Ղազարյանը հավելեց, որ դատախազ Բիշարյանը մեղադրանքն ինքնուրույն կերպով պաշտպանելու համար չունի օրենքով սահմանված գործառույթ, հետևաբար չունի նաև լիազորություն:
Բիշարյանն առարկեց՝ հայտարարելով, որ միջնորդությունը պետք է պարունակի իրագործելի պահանջ:
«Այս միջնորդության մեջ ամբողջությամբ իրավական ակտի կամայական մեկնաբանություն է ներկայացված»,- ասաց դատախազն ու հավելեց՝ պարտադիր չէ, որ դատական գործով դատավորի մեղադրանքը պաշտպանի ՀՀ գլխավոր դատախազը:
Ամբաստանյալի այն խոսքին, որ սույն գործում գլխավոր դատախազին փոխարինում է մեկ այլ դատախազ, Բիշարյանը հակադարձեց, թե ինքը չի փոխարինում գլխավոր դատախազին, այլ հենց ինքն է ներգրավվել այս գործում: «Որևէ կերպ չի կարող քննարկվել ներգրավված դատախազի պատշաճ լինելու հանգամանքը: Գոյություն չունի դատախազին վարույթից հեռացնելու ինստիտուտ»,- ասաց Բիշարյանը:
Դատարանը չբավարարեց միջնորդությունը՝ դատախազի լիազորությունները պատշաճ համարելով: Ամբաստանյալն ընդդիմացավ դատավորի որոշմանը, այնուամենայնիվ ասաց, որ բացարկ չի ներկայացնում նրան:
Ապացույցների հաջորդականության կարգը որոշելիս ամբաստանյալի պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատաքննության ընթացքում նախ հետազոտվեն գործով իրեղեն ապացույցներն ու վկաների ցուցմունքները, այնուհետև վերջիններս դատարանում վկայություն տան: Դատարանը բավարարեց միջնորդությունը` դատը հետաձգելով մինչև ապրիլի 28-ը:
Հիշեցնենք, որ դատավորի վերաբերյալ քրեական գործը դատարան է ստացվել ամիսներ առաջ: Գործի նախապատրաստական փուլում այն վարույթ ընդունած դատավոր Կարեն Մարդանյանը տեղափոխվել է մեկ այլ դատարան, և Բարսեղյանի գործը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին:
Մեկնաբանել