
Մեկ միլիոն դրամից ավելի խաղադրույք կատարողների տվյալները կհավաքագրվեն
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի` գործադիր ներկայացրած որոշման նախագիծը, որով կստեղծվի և կպահպանվի շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների կողմից մեկ միլիոն դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման տվյալների շտեմարան։
Որպես անհրաժեշտություն` նշվում է խաղային գործի բնագավառի կարգավորումը, վերահսկողության արդյունավետության բարձրացումը, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մեխանիզմների ներդրումը:
Որոշման այս նախագիծը ներկայացվել էր կենտրոնական բանկ, կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ, տնտեսական զարգացման և ներդրումների, արդարադատության նախարարություններ, պետական եկամուտների կոմիտե: Պետական այս կառույցներից դիտողություններ և առարկություններ չեն եղել։
Ընդունված այս որոշումը ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից։
Մեկնաբանել