HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Շրջակա միջավայրին հասցվել է մոտ 31 մլն դրամի վնաս

Ինչպես արդեն հայտնել էինք, ապօրինի ծառահատումների մասին հրապարակումների հիման վրա երկուշաբթի օրը բնապահպանական պետական տեսչության և Տավուշի մարզի ոստիկանության աշխատակիցները քաղաքացի Տիգրան Շահբազյանի հետ այցելել էին «Դիլիջան» ազգային պարկ և Աշոտ Երկաթ բերդի տարածք։

Տիգրան Շահբազյանը «Հետք»-ին հայտնել էր, որ բնապահպանական պետական տեսչության կողմից այս երկու տարածքներում նախնական արձանագրվածից ավելի շատ հատված ծառեր էին հայտնաբերվել։

Բնապահպանության նախարարությունը այսօր հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ Իջևանի անտառտնտեսությունում և «Դիլիջան» ազգային պարկում հայտնաբերել է 171 ապօրինի հատված ծառ և հաշվարկել մոտ 31 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մասնավորապես՝ «Դիլիջան» ազգային պարկում, լրացուցիչ տեղազննության արդյունքում, արձանագրվել է ապօրինի հատված 43 հաճարենի, 31 բոխի, 11 կաղնի, 2 թխկի և մեկ հացենի տեսակի տարբեր տրամագծերի ծառեր: Հաշվարկվել է 17 միլիոն դրամի պետությանը պատճառած վնաս, բացի այդ, տեղում առկա է եղել 125,38 խմ վառելափայտ։

Իսկ «Իջևանի անտառտնտեսության» թիվ 5-րդ պահաբաժնի տարածքում տեսչության Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները, ոստիկանության Իջևանի բաժնի և Տավուշի մարզպետարանի աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են ուսումնասիրություններ և հայտնաբերել ապօրինի հատված 72 հատ հաճարենի, 9 հատ բոխի և 3 հատ կաղնի տեսակի տարբեր տրամագծերի ծառեր: Դրանց արդյունքում պարզվել է, որ պետության պատճառվել է գրեթե 14 միլիոն դրամի վնաս։ Հիշեցնենք, որ նախապես այս տարածքում արձանագրվել էր 23 ապօրինի հատված ծառ, և պետության հասցված վնասի չափը հաշվարկել էր 930 հազար դրամ։

Ինչպես ասվում է հաղորդագրությունում՝ բնապահպանական պետական տեսչության նախապատրաստած նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter